«Դա ադրբեջանցիների հերթական աղմուկն է»,- «Panorama.am»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել փաստաբան Նազելի Վարդանյանը Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Նազիմ Ալեքպերովի օրերս արած այն հայտարարությունը, թե Ադրբեջանը փաստաթղթեր է ուղարկել Հունգարիա` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու հետ կապված: Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, այդ երկրի արդարադատության նախարարը Հունգարիա հետաձգված այցելությունը իրականացնելու ժամանակ քննարկելու է նաեւ Ռ.Սաֆարովի էքստրադիցիայի խնդիրը:
Նազելի Վարդանյանը, ով մասնակցում էր Հունգարիայում ընթացող դատավարությանը՝ որպես հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, նշել է, որ յուրաքանչյուր անգամ, երբ որեւէ ադրբեջանցի պաշտոնյա պատրաստվում է այցելել Հունգարիա, ադրբեջանական կողմը սկսում է տարածել նմանատիպ լուրեր: «Ինձ թվում է՝ ռեալ ոչ մի բան չկա: Ես ինքս բացառում եմ էքստրադիցիայի հնարավորությունը: Հունգարական կողմը դատավճռում իր դիրքորոշումն արդեն հայտնել է, եւ ես չեմ կարծում, որ իրենց որոշումը կփոխեն»,- ասել է Ն. Վարդանյանը` ավելացնելով, որ, բացի այդ, Հունգարիան չունի էքստրադիցիայի պրակտիկա: Ն. Վարդանյանը տեսականորեն, իհարկե, ամեն ինչ հնարավոր է համարում, բայց կոնկրետ այս իրավիճակին սթափ նայելով՝ վստահեցրել է, որ այդ գործընթացն անհնարին է: Ըստ նրա, եթե դա արվեր, ապա կարվեր ավելի շուտ կամ գոնե մեղմ պատիժ կտրվեր ադրբեջանցուն: