Օվացիաներով են դիմավորել

27/11/2007

Միխայիլ Սահակաշվիլին վստահություն է հայտնել, որ 2008 թվականին Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակ կստանա: Նա նաեւ հայտարարել է, որ «հունվարի 5-ը պատասխան կդառնա Վրաստանի ապագայի հարցին»: «Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի՝ ես վստահ եմ, որ 2008 թվականին Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ին անդամագրվելու թեկնածու»,- ասել է Սահակաշվիլին իշխող կուսակցության համագումարի ժամանակ: Միասնական ազգային շարժման համագումարը մոտ 15 հազար պատվիրակների է հավաքել Վրաստանի տարբեր տարածաշրջաններից: Որպես պատվավոր հյուրեր՝ համագումարին ներկա են եղել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, մշակույթի հայտնի գործիչներ: Պատվավոր հյուրերից մեկին՝ էստրադային երգչուհի Դիանա Գուրցկայային, Վրաստանի նախագահը բեմ է հրավիրել իր ելույթի ժամանակ: Նախագահի ելույթը նրա կողմնակիցները դիմավորել են օվացիաներով: Դահլիճում հավաքվածները մոմեր են վառել, երբ Միխայիլ Սահակաշվիլին խոսել է Աբխազիայի եւ այն Վրաստանի կազմ վերադարձնելու մասին: «Իմ կյանքը կիմաստազրկվի, եթե չվերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, չշարունակվի եվրակառույցներին ինտեգրման գործընթացը եւ, եթե վրաց ժողովրդի կենսամակարդակը չհասնի եվրոպականին,- ասել է Սահակաշվիլին,- Վրաստանի համար ամենահեշտ ուղին հանձնվելն է ու Ռուսաստանին միանալը, իր տարածքներից հրաժարվելը… Այդ ժամանակ սադրանքներ չեն լինի, ու ամեն ինչ հանգիստ կլինի»: