Լոս Անջելեսի Հիշատակի Կոլիզեում` երկու օլիմպիական խաղերի անցկացման վայրում, Հրեական «World Watchե, «Փրկենք Դարֆուրը» կոալիցիան եւ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մասնակցել են «Օլիմպիական երազանք հանուն Դարֆուրի» խորհրդանշական օլիմպիական ջահի վառման արարողությանը: Միջոցառման մասնակիցները կոչ են արել աշխարհի գերտերությունների առաջնորդներին, հատկապես` Չինաստանի, Դարֆուրում իրականացվող ցեղասպանությունը կանխելու եւ զոհերին պաշտպանելու համար: «Երբեք սխալ ժամանակ չէ` ճիշտ քայլեր անելու եւ ցեղասպանությանն ընդդիմանալու համար»,- հայտարարել են նրանք: Քայլարշավի մասնակիցները համոզված են, որ Սուդանի Դարֆուր տարածաշրջանում այսօր իրականացվող ցեղասպանությունը կանխարգելելու անհրաժեշտ եւ համապատասխան միջոցներ կարող է ձեռնարկել Չինաստանը: Վերջինս ամուր տնտեսական կապեր ունի Սուդանի հետ, հետեւաբար` բացառիկ դիրք` աֆրիկյան այդ պետության վրա ներազդելու համար:
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից «Արմենպրեսին» փոխանցել են, որ հավաքի ժամանակ ներկայացվել է նաեւ «Դարֆուրի ճամբարները» շարժական ցուցահանդեսը, որն անցել է ողջ Միացյալ Նահանգներով ու ներկայացրել է նախորդ եւ այս դարի ցեղասպանությունների շղթան` Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, Ռուանդա, Դարֆուր: Նշենք, որ օգոստոսի 8-ին Արեւելյան Չադից մեկնարկել է «Օլիմպիական երազանք հանուն Դարֆուրի» ջահերով քայլարշավը: Նախաձեռնության հեղինակն աշխարհահռչակ դերասանուհի, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Միա Ֆարոուն է եւ «Փրկենք Դարֆուրը» կազմակերպությունը: Արշավի նպատակն է՝ համայն աշխարհի ուշադրությունը սեւեռել ցեղասպանությունների խնդրին, հատկապես` Դարֆուրում տիրող իրավիճակին: Կազմակերպվող քայլարշավն անցել եւ անցնելու է բոլոր այն երկրներով, որոնք երբեւիցե տուժել են ցեղասպանություններից. խորհրդանշական ջահը Հայաստան էր հասել սեպտեմբերի 26-ին եւ վառվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակից: