Ով ինչքան է փոխանցել

27/11/2007

«Հայաստան» հիմնադրամի ամենամյա 10-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է 15 միլիոն 275 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում` գրանցելով ժողովրդական մասնակցության աճ: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` խոշոր նվիրատվություններին զուգահեռ՝ այս տարի գրանցվել են բազմաթիվ փոքր եւ միջին հանգանակություններ: Մեծ է եղել շարքային քաղաքացիների մասնակցությունը Հայաստանից ու Ռուսաստանից:

Ամենաերիտասարդ նվիրատուն 12-ամյա Ջանիկ Սիմոնյանն է Հայաստանից, որը հեռուստամարաթոնին նվիրաբերել է 10 դոլար: «Հեռուստամարաթոն-2007»-ի խոշոր նվիրատուների շարքում են Լեւոն Հայրապետյանը` 2,5 միլիոն ԱՄՆ դոլար, Վահե Կարապետյանը` 1 միլիոն ԱՄՆ դոլար, «Project Cure»-ը` 700.000 ԱՄՆ դոլար, Լուիզ Սիմոն-Մանուկյանը` 500.000 ԱՄՆ դոլար, Հրայր Հովնանյանը` 500.000 ԱՄՆ դոլար, Վարազ Սամվելյանը` 500.000 ԱՄՆ դոլար, Ջորջ Բաղումյանը` 260.000 ԱՄՆ դոլար, «Feed the Children»-ը` 250.000 ԱՄՆ դոլար, Արմեն Էքսերջյանը` 200.000 ԱՄՆ դոլար, Էդուարդո Էռնեկյանը`125.000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիայի հայ համայնքը`150.000 ԱՄՆ դոլար, ՀԲԸՄ-ն` 150.000 ԱՄՆ դոլար եւ այլն: «New York Life Insurance» եւ «AXA Insurance Company» ապահովագրական կազմակերպությունները հատկացրել են 200.000-ական ԱՄՆ դոլար: Նշենք, որ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված ողջ գումարն ուղղվելու է «Գյուղական զարգացման ծրագրին», մասնավորապես` Հայաստանի Տավուշի մարզի եւ Արցախի Մարտունու շրջանի գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը: ««Գյուղական զարգացման ծրագրով» մենք հույս ունենք վերացնել գյուղական աղքատությունը Հայաստանում եւ Արցախում: Մենք կարող ենք այս նպատակին հասնել միայն համախմբելով մեր միջոցներն ու ներուժը: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայերը նորից կարողանան հպարտանալ իրենց դպրոցներով, հիվանդանոցներով, սպորտային եւ մշակութային հաստատություններով, որոնք բարձիթողի վիճակում են հայտնվել: Ուզում ենք, որ մեր ժողովուրդն ավելի լավ ապրի թե նյութապես, թե բարոյապես»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը: