Երեկ Վրաստանում՝ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության սկիզբն ազդարարող արարողությունը՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: «Սա անկասկած պատմական օր է, որովհետեւ Վրաստանը դուրս է գալիս փակուղուց եւ միանում է Եվրոպային»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրել է, թե այս ծրագիրն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, ընդհակառակը՝ երկաթուղին կընդլայնի տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները եւ կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման հուշագիրը ստորագրվել էր այս տարվա փետրվարին: Այն ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկում էր հանգիստ խղճով հետեւել իրադարձությունների զարգացմանը՝ պնդելով, թե Հայաստանը շրջանցող հերթական նախագիծը Հայաստանին տնտեսական որեւէ վնաս չի կարող տալ: Օրերս էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարոն Օսկանյանն առաջարկում էր չչափազանցնել երկաթգծերի, նավթամուղերի ու գազատարների դերը: Նա ամենայն լրջությամբ պնդում էր, թե, եթե անգամ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաներն անցնեին Հայաստանով, դա մեր երկրին շատ քիչ օգուտ կտար: Շատ լուրջ հիմքեր կան պնդելու, որ մեր երկրի ԱԳ նախարարը հենց այդպես էլ մտածում է: