ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող հակաքարոզչությունը վաղուց հատել է բանականության սահմանն ու արդեն կրում է զավեշտալի ու ծիծաղելի բնույթ: Ընտրված «տակտիկան» շատ պարզ է. հնարավոր բոլոր ձեւերով նախագահի տվյալ թեկնածուին փորձել կապել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ:
Թե ինչպես են իշխանությունները պատրաստվում իրականացնել իրենց թեկնածուի քարոզչությունը կամ նրա մրցակիցների նկատմամբ տարվող հակաքարոզչությունը, իրենց խնդիրն է, սակայն ՀՀ նախագահի թեկնածուներից մեկին ամեն կերպ Թուրքիայի հետ կապելու «առաքելությունն» իրականացնողները լավ չեն կատարում իրենց գործը, որովհետեւ ի սկզբանե «հենվում են» զավեշտի վրա: Բանն այն է, որ որպես առաջին նախագահին բացասականորեն բնորոշող հանգամանք՝ սկսել է նշվել այն փաստը, որ, ի թիվս 10-ից ավելի լեզուների, Լ. Տեր-Պետրոսյանը տիրապետում է նաեւ թուրքերենին: Առաջին նախագահի այս «հանցավոր գիտելիքների» վերաբերյալ երեկ լրագրողները փորձեցին իմանալ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի տեսակետը: Պարոն Մանոյանը վստահեցնում է, որ թուրքերենին տիրապետելն ամենեւին էլ վատ բան չէ, դեռ նույնիսկ լավ է: Նա նկատում է, որ չի կարելի նման ցածրորակ շահարկումներ անել: ՀՅԴ-ական բանախոսը երեկ հակադրվեց նաեւ իշխանությունների կողմից շրջանառվող քարոզչական այն թեզին, համաձայն որի, Թուրքիայում շատ են ուրախացել, որ Լ. Տեր-Պետրոսյանը կարող է կրկին ՀՀ նախագահ դառնալ, քանզի վերջինս պատրաստվում է Հայաստանը տանել դեպի «Թուրքիայի գիրկը»: Կ. Մանոյանն այն կարծիքին է, որ Հայաստանի որեւէ նախագահ չի բավարարի Թուրքիայի ցանկությունները: «Ութ տարի Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ է եղել: Ինչը որ հիմա նա ասում է, որ կանի, արել է, թուրքերն էլ արել են՝ ինչ արել են: Եվ շրջափակումը Տեր-Պետրոսյանի օրով էր, եւ՛ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելը Տեր-Պետրոսյանի օրով էր: Փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ եւս Թուրքիան իր կեցվածքը չի փոխել,- նշեց բանախոսն ու հավելեց,- Թուրքիան նախ չէր ակնկալում, որ Հայաստանը կարող է անկախ լինել: Երբ եղավ, հիմա էլ չեն պատկերացնում, որ Հայաստանն ինչ-որ չափով կարող է իր ոտքերի վրա մենակ կանգնի: Ակնկալել, որ իբր թե մեկը կարող է Հայաստանի նախագահ լինել, որ իրենց կբավարարի, շատ մեծ երազանք է»: Սակայն ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատուի ասուլիսում բնականաբար միայն վերը նշված հարցերի մասին չէ, որ խոսվեց: Օրինակ՝ նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 19-ին Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի՝
ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (1986 թվականին ստեղծված ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը եւ Վենեսուելան, ասոցիացված անդամներ են Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն): Ըստ Կ. Մանոյանի, սա Հայ դատի հանձնախմբի գրասենյակի աշխատանքի արդյունք է: Նա երեկ տեղեկացրեց նաեւ, որ այս տարի թուրքական ֆինանսավորմամբ Թուրքիայի տարածքում անցկացված մի հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 7%-ը գտնում է, որ Թուրքիան պետք է ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Հարցվածների մոտ 34%-ն էլ ասել է, թե իր համար միեւնույն է՝ Թուրքիան ցեղասպանությունը կճանաչի՞, թե՞ ոչ: Կ. Մանոյանը սա առաջխաղացում է համարում, նշելով, թե 15 տարի առաջ նման արդյունքների մասին խոսք անգամ չկար: Երեկ նա չշրջանցեց նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի հարցը: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատուն վստահեցրեց, որ «106-րդ բանաձեւը չի մեռել, ապրում է»: «Սպիտակ տան կողմից այս բանաձեւի դեմ ճնշումները ստիպեցին նախագծի հեղինակներին՝ հետաձգել քվեարկելը: Հույս ունեինք, որ բանաձեւը կքվեարկվի մինչեւ այս տարվա վերջ կամ նստաշրջանի ավարտը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի նստաշրջանն ավարտվում է 2008թ. նոյեմբերին: Հայ դատի գրասենյակն ու հայ համայնքը պատրաստվում է նոր թափով համոզել կոնգրեսականներին 106-րդ բանաձեւն անպայման քվեարկության դնելու համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի համահեղինակների թիվը պակասել է եւ այժմ 210 է: Պալատում մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է եւս ութ ձայն: Կիրո Մանոյանը գտնում է, որ բանաձեւի քվեարկության համար կարեւոր ազդակ է 2008 թվականին ԱՄՆ-ում սպասվող նախագահի ընտրությունը: Նա տեղեկացրեց նաեւ, որ առայժմ ԱՄՆ նախագահի թեկնածուի թեկնածուներն այդ կարգավիճակում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի մասին որեւէ կարծիք չեն հայտնել: