Դիմում եվրապաշտոնյաներին

26/11/2007

Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատվին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ առաջին նախագահը մոտ 2 ժամանոց զրույց է ունեցել մեր երկրում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության երեւանյան գրասենյակի ղեկավարն ու Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությունը: Քննարկվել են ՀՀ ներքաղաքական վիճակին վերաբերող հարցեր: Լ. Տեր-Պետրոսյանը հանդիպման մասնակիցներին է հանձնել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, ինչպես նաեւ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման եւ Ոստիկանության բռնարարքների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի կողմից կազմված տեղեկանքների առաջին երեք թողարկումները։

Լ. Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 16-ի հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստվում է հանրահավաքի մասնակիցների անունից ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկով հանդես գալ։ Նա հանրահավաքում հայտարարել էր նաեւ, որ եթե այլ քաղաքական ուժեր կամ նախագահի պոտենցիալ թեկնածուներ միանան այս առաջարկին, ինքը պատրաստ է հանդես գալ համատեղ առաջարկով: Լ. Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի ներկայացուցիչները նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՅԴ ներկայացուցչի հետ են քննարկել («Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը այդ պահին Հայաստանում չեն եղել) վերը նշված առաջարկությանը նրանց միանալու հարցը: Նշված գործիչներն ու քաղաքական կուսակցությունները, սակայն, ձեռնպահ են մնացել միանալ այդ առաջարկին: Առաջարկությունների փաթեթը դիտորդական կազմակերպություններին է ներկայացվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զ. Սարգսյանի, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի ստորագրությամբ: Ստորեւ ներկայացնում ենք ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԽ ԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենին, ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի» տնօրեն Քրիստիան Շտրոհալին ուղարկված նամակը. «Թանկագին պարոնայք, Թեեւ 2007թ. մայիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները բարձր գնահատվեցին միջազգային հանրության կողմից, բայց դրանք, թերեւս, մեր երկրի պատմության ամենախայտառակ ընտրություններն էին, քանի որ ընտրակեղծիքները քողարկված էին այնպիսի ճարտարությամբ, որ ոչ մի դիտորդ չէր կարող նկատել դրանք։ Ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից կիրառվել են, մասնավորապես, հետեւյալ երկու հնարքները. – Տպագրվել է շուրջ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ, որոնք բաժանվել են մունիցիպալիտետների աշխատակիցներին, հավատարիմ գործարարներին, թաղային հեղինակություններին եւ նույնիսկ քրեական տարրերին։ Ընտրությունների օրը վերջիններս ավտոբուսներով քաղաքացիներին բերել են ընտրատեղամաս, ավտոբուսում բաժանել արդեն քվեարկած թերթիկները, եւ ձեւական քվեարկությունից ու տեղամասում տրված դատարկ քվեաթերթիկները ստանալուց հետո միայն վճարել նրանց։

– Տասնյակ հազարավոր մարդկանց իշխանությունները տրամադրել են կեղծ անձնագրեր կամ համապատասխան կնիքներով վավերացված գրանցման տեղեկանքներ, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել մի քանի անգամ քվեարկել տարբեր տեղամասերում։ Դիտորդների եւ թեկնածուների վստահված անձանց համար անտեսանելի այս տիպի կեղծիքները կանխելու նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է, որ դուք հորդորեք կամ պարտադրեք ՀՀ ԱԺ-ին՝ կարճ ժամկետներում մեր երկրի Ընտրական օրենսգրքում կատարել երկու փոփոխություն.

ա. Առաջիկա նախագահական եւ ապագա բոլոր ընտրությունների քվեաթերթիկները, միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ, տպագրել արտասահմանում՝ բացառելու համար հավելյալ քվեաթերթիկների տպագրումը. բ. Քվեարկության ընթացքում կիրառել շատ երկրներում ընդունված՝ ցուցամատի թանաքոտման կարգը, ինչը միակ միջոցն է միեւնույն ընտրողի կողմից կրկնակի կամ բազմակի քվեարկություն թույլ չտալու (ի դեպ՝ այս առաջարկներն անգամ օրենքի փոփոխություն չեն պահանջում, քանի որ, լինելով զուտ արարողակարգային միջոցառումներ, մտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավունքների մեջ)։ Նպատակահարմար ենք գտնում նաեւ, որ դիտորդական կազմակերպությունները ընտրությունների որակն ու արդյունքները գնահատեն ոչ թե քվեարկությանը նախորդող մեկ շաբաթվա եւ քվեարկության օրվա դիտարկման հիման վրա, այլ ընտրական գործընթացի շուրջ եռամսյա կտրվածքով՝ արձանագրելով եւ դատապարտելով այդ ընթացքում նկատված բոլոր ընտրախախտումները։ Այս ամենը չանելու դեպքում միջազգային դիտորդական կազմակերպությունների առաքելությունը Հայաստանում անիմաստ է դառնում, եւ նույնիսկ ավելին՝ դա նպաստում է աղաղակող կեղծիքներով ու խախտումներով անցկացված ընտրությունների լեգիտիմացմանը»։