ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը տարբեր հարցերի վերաբերյալ պարբերաբար հետազոտություններ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է անցկացնում ու դրանք զեկուցում երկրի ղեկավարին: Այնպես որ, ըստ Գ. Իսագուլյանի` Հանրապետության ղեկավարը քաջատեղյակ է երկրում եւ նույնիսկ երկրից դուրս տեղի ունեցող ցանկացած իրադարձության նկատմամբ հասարակության տրամադրվածությանը:
Միայն այս տարի, Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած ինստիտուտի շնորհիվ, Ռոբերտ Քոչարյանը մանրամասն տեղեկացել է 150 հարցի մասին: Ռ. Քոչարյանը տեղեկացվել է նաեւ, թե 2008թ. նախագահական ընտրություններին հասարակության մեծամասնությունը որ թեկնածուին է վստահելու իր ձայները: Բայց դա, ինչպես նշեց Գառնիկ Իսագուլյանը` իրենք դեռեւս չեն հրապարակի, որպեսզի դրանից «չճնշվեն» սոցիոլոգիական անկախ կազմակերպությունները: Մեր դիտարկմանը, թե միայն այն, որ այդ ինստիտուտը գործում է ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր, արդեն իսկ նշանակում է, որ ինստիտուտը չի կարող անաչառ ուսումնասիրություններ կատարել՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Դրա համար էլ մենք չենք հրապարակում մեր ուսումնասիրությունները, որպեսզի չստացվի, որ նախագահի աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը փորձում է իր թվերով ճնշումներ գործադրել հասարակության կարծիքի կամ այլ անկախ սոցիոլոգիական կենտրոնների վրա: Դրա համար մենք մեր թվերը չենք հրապարակում: Բայց մենք ուսումնասիություններ անցկացնում ենք ցանկացած հարցի վերաբերյալ ու զեկուցում ենք Հանրապետության ղեկավարին»: Օրինակ, իրենց անցկացրած ուսումնասիրություններով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերն ինչքա՞ն են` հեռուստալրագրողներից մեկի հարցին Գ. Իսագուլյանը հրաժարվեց պատասխանել` ասելով, թե ինքն այդ մասին անպայման կխոսի, բայց որոշ ժամանակ անց: «Հավատացեք, որ մի քանի օրից ես այդ մասին կխոսեմ: Չկասկածեք, որ այդ թեմայով ասուլիսներ կտամ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ձեռնոցը նետում է, ես էլ վերցնում եմ այդ ձեռնոցը, եւ առաջիկայում կենսագրական տվյալներ կհրապարակեմ նրա մութ ու ցուրտ էջերից: Ես չեմ կարծում, որ նա այն թեկնածուն է, որին արժե անդրադառնալ»,- հայտարարեց ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
Նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք հետազոտությունների ինստիտուտի գնահատմամբ` 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ բախումներ կամ հեղաշրջում հնարավո՞ր է: Մեր այս հարցին ի պատասխան՝ Գ. Իսագուլյանն ասաց, որ մենք կարող ենք շա՜տ հանգիստ քնել ու արթնանալ, որովհետեւ նման զարգացումներ Հայաստանում ոչ միայն գործնականորեն, այլեւ տեսականորեն հնարավոր չեն: «Մի բան կարող եմ հստակ ասել. կարող եք շա՜տ հանգիստ լինել, շա՛տ: Նման բաներ չեն լինելու: Չնայած որոշ քաղաքական ուժեր, ես նույնիսկ նրանց անունները չեմ ուզում տալ, ամեն ինչ անելու են, որպեսզի լինեն ցնցումներ, անպայման իրենց կողմից պրովոկացիաներ են լինելու, բայց ես բազմաթիվ անգամներ ասել եմ ու այսօր էլ ասում եմ, որ Հայաստանում որեւէ հեղաշրջում բացառվում է, որովհետեւ չկա հասարակական նման պահանջ: Իսկ այն կոչերը, որ հնչում են, դրանք ընդունեք՝ որպես սովորական կոչեր, որ հնչում են վերջին 10 տարիների ընթացքում»,- վստահեցրեց ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Քանի որ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքներն ապացուցում են, որ հասարակության մեջ շատ են նաեւ իշխանություններից դժգոհները, Գ. Իսագուլյանից հետաքրքրվեցինք, թե իր ուսումնասիրություններով` ո՞րն է լինելու այդ հանրահավաքների վերջը, հասարակությունը գնալու է տո՞ւն, թե՞ Բաղրամյան փողոց: «Երբ ասում են` բազմահազարանոց, ինձ միշտ հետաքրքրում է, թե դա որն է: Եթե որեւէ մեկին անձնապես շատ է հետաքրքրում իմանալ, թե այդ «բազմահազարանոցն» ինչքան է, կարող է գալ ինձ մոտ, միասին կհաշվենք,- հորդորեց նա` հավելելով,- Ես չեմ կարծում, որ այնտեղ երբեւէ 7000-ից ավելի մարդ է հավաքվել: Եթե որեւէ մեկը կասկածում է, ապա կարող է գալ, եւ սովորական թվաբանություն անենք իմ գրասենյակում, չափումներ ու ձեւումներ անենք` կտեսնեք, որ այնտեղ իրականում որքան մարդ է լինում: Բացի այդ, չեմ կարծում, թե այդ զանգվածի հիմնական մասը գալիս է, որովհետեւ կիսում է այն գաղափարներն, ինչ ասվում է այդ հրապարակում: Մարդիկ են, որոնց համար իսկապես հետաքրքիր է, եւ իրենք բավարարում են իրենց հետաքրքրությունը: Ուրիշ ոչինչ: Կարեւոր չէ նույնիսկ, թե որքան մարդ է մասնակցում նրանց հանրահավաքին, կարեւորն այն է, թե այդ մարդիկ այդ միջոցառումից հետո ինչ տրամադրությամբ են գնում: Ես կխնդրեի, որ քաղաքական մյուս կազմակերպությունները, որոնք բավականին լավ ֆինանսներ ունեն, այդ կարգի հետազոտություններ անցկացնեն, ոչ թե` ինչքան մարդ է հավաքվում: Իրենց ամենամարդաշատ հանրահավաքն առաջինն էր, եւ միանշանակ է, որ գնալով այդ թիվը նվազելու է: Ես բավականին լուրջ հարցադրումներ ունեմ շատ-շատերին ու ես իմ այդ հարցադրումներն, ինչո՞ւ ոչ, անելու եմ»: Բայց դրանք, ըստ Գ. Իսագուլյանի` հիմա այնքան էլ կարեւոր չեն, որովհետեւ իշխանությունների թիվ մեկ խնդիրն այսօր «լավ ընտրություններ կազմակերպելն է»: «Մեր թիվ մեկ խնդիրը հիմա դա է` ընտրությունների լավ կազմակերպումը, որում ես չեմ կասկածում: Մենք պետք է զերծ մնանք պրովոկացիաներից, որոնք անպայման լինելու են որոշ քաղաքական ուժերի կողմից: Հայաստանի պետական ինստիտուտներն այսօր կարող են կանխել ցանկացած օրինախախտում, եւ ցանկացած օրինախախտում անհետեւանք չի մնալու: Սրանում թող որեւէ մեկը չկասկածի, մենք այդպես ենք գնալու»,- վստահեցրեց նա:
Ի դեպ, երեկ Գ. Իսագուլյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ինքը վերցրել Լ. Տեր-Պետրոսյանի նետած «ձեռնոցը», այն դեպքում, երբ այն իրեն չէր նետված, Գ. Իսագուլյանը ծիծաղելով պատասխանեց. «Որովհետեւ ես երբեք իրենց չեմ սիրել, ու չեն կարող ինձ ասել, թե ես երբեւէ իրենց սիրել եմ»: