Երեկ սկանդինավյան բորսայական առաջատար օպերատորներից մեկը` շվեդական OMX ընկերությունը, գնեց Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100%-ը: Դրանք OMX-ին կփոխանցվեն 2008թ. հունվարի 3-ին: Գործարքի գինը դեռ հայտնի չէ: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Սերժ Սարգսյանը, OMX-ի կողմից` ընկերության գործադիր տնօրեն Մագնուս Բյոքերը: Փաստաթուղթը ստորագրվել է Երեւան-Ստոկհոլմ հեռուստակամրջի միջոցով: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 28-ին կողմերի միջեւ Մտադրությունների մասին նամակ էր ստորագրվել: «Սա լոկ բիզնես չէ մեզ համար, այլ` Հայաստան մուտք է գործում փորձ, ավանդույթներ, բարի համբավ ունեցող մի ընկերություն, որը կօգնի մեզ մեր կապիտալի շուկան բարելավելու: ՀՀ կառավարությունը կապիտալի շուկայի զարգացումը համարում է տնտեսության հետագա զարգացման համար հաջողության կարեւոր գործոն, եւ մենք իրապես պատրաստակամ ենք աշխատել OMX-ի հետ մեր համատեղ հավակնոտ նպատակներին հասնելու համար»,- իր խոսքում նշել է վարչապետ Ս. Սարգսյանը: Իսկ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանն ասել է, թե «OMX-ի մուտքը հայաստանյան շուկա կխրախուսի երկրի արժեթղթերի շուկայի զարգացումը եւ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի հայկական ձեռնարկություններին՝ ներքին եւ արտաքին ներդրողներից միջոցներ ներգրավելու համար»: Ռուսական Lenta.ru կայքի փոխանցմամբ, այս գործարքը զարգացող հեռանկարային շուկաներ մուտք գործելու ուղղությամբ OMX-ի ռազմավարության մի մասն է: Հետաքրքիր զուգադիպությամբ, այս տարվա մարտին OMX-ը հայտարարեց ռուսական «Սանկտ Պետերբուրգ» բորսայի եւ RX խմբի հետ համատեղ միջազգային նոր բորսայի` IXSP-ի ստեղծման մասին: Իսկ մինչ այդ ամերիկյան խոշորագույն «Nasdaq» բորսան առաջարկել էր մոտ 3.3 մլրդ դոլարով գնել OMX-ը, սակայն գործարքն այդպես էլ տեղի չունեցավ: Ինչ վերաբերում է հայաստանյան գործարքին, ապա OMX-ի երեկվա հաղորդագրությունում նշված էր, որ թեեւ Հայաստանի շուկան որոշ ցուցանիշներով շատ փոքր է, սակայն ընկերությունը մի շարք գործոնների հաշվին աճի ներուժ է տեսնում: 2003թ. հիմնադրված OMX Group-ն այսօր վերահսկում է Սկանդինավյան եւ Մերձբալթյան երկրների արժեթղթերի շուկայի մոտ 80%-ը: 2006 թ. ընկերության հասույթը կազմել է 516.7 մլն դոլար, իսկ զուտ շահույթը` 121 մլն դոլար:
Զ. ՍԱՐԳՍՅԱՆ