Ադրբեջանը բողոքում է

26/11/2007

«Հարավային Կովկասում բացվել է հակառուսական եւս մեկ ճակատ. Ռուսաստանի հանդեպ անբարյացակամ տրամադրված Վրաստանին այժմ միացել են նաեւ Ադրբեջանի իշխանությունները, որոնք պաշտոնական Մոսկվային մեղադրում են Lեռնային Ղարաբաղը զինելու մեջ»,- երեկ գրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»: Թերթի փոխանցմամբ՝ երկուշաբթի երեկոյան Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Վրաստանից ռուսական ռազմամթերքի տեղափոխումը Հայաստան վտանգ է ստեղծում առանց այն էլ լարված տարածաշրջանում: «Ավելին, ըստ ադրբեջանցի զինվորականների ունեցած տեղեկությունների, այդ ռազմամթերքի մի մասը Հայաստանից տեղափոխվել է LՂ»,- գրել է թերթը: «Նման գործողությունները մեծացնում են պատերազմի հավանականությունը,- թերթին ասել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն՝ հավելելով,- Ադրբեջանը նախընտրում է հակամարտության խաղաղ կարգավորումը, սակայն դա չի կարող անվերջ շարունակվել: Եթե Ռուսաստանի երկակի քաղաքականությունը չվերացվի, ջանքեր չգործադրվեն հակամարտությունը միջազգային նորմերին համապատասխան կարգավորելու համար, Ադրբեջանն այլ ճանապարհով կազատագրի իր գրավյալ տարածքները»: Պաշտոնական Երեւանն ու Մոսկվան «Կոմերսանտի» հետ զրույցում հերքել են ադրբեջանական կողմի մեղադրանքները: Թերթը նշում է, որ, հակառակ սրան, պաշտոնական Բաքուն շարունակում է ՌԴ-ի հանդեպ «հարձակումները»: «Երեկ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հայտարարել է, թե Ադրբեջանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- գրել է թերթն ու մեջբերել Ադրբեջանի փոխվարչապետի հետեւյալ խոսքերը. «Մենք մտադիր ենք անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, եւ ունենք այդ ուղղությամբ ծրագիր՝ անհատական գործընկերության ծրագիրը»: ՌԴ ԱԳՆ-ն նախընտրում է առայժմ չմեկնաբանել ադրբեջանցի պաշտոնյայի վերջին հայտարարությունները: «Կոմերսանտն» ընդգծում է, որ պաշտոնական Մոսկվան չի կարող Բաքվի հանդեպ կիրառել ազդեցության այն լծակները, որոնք գործադրվում էին Թբիլիսիի նկատմամբ: «Սեփական նավթի եւ գազի պաշարների շնորհիվ Բաքուն անկախ է Ռուսաստանից, եւ ինքն է Արեւմուտքին էներգակիրներ մատակարարում. անցած շաբաթ բացվեց Թուրքիա-Հունաստան գազատարը, որով ադրբեջանական գազը հոսելու է Եվրամիություն: Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարել է, թե այդ գազատարը, որը նախատեսվում է հասցնել մինչեւ Իտալիա, դառնալու է տարածաշրջանի կայունության եւ խաղաղության երաշխիքը: Այդ կայունությանը սպառնացող միակ խնդիրն այսօր ղարաբաղյան հակամարտությունն է, որն այժմ, ինչպես վստահ են Բաքվում, Ռուսաստանը չի թողնում, որ կարգավորվի»,- գրել է թերթը: