Լուրջ էֆեկտ չի լինի

26/11/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«2008թ. բյուջեի շուրջ թամաշա են սարքել,- երեկ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: -Ընդհանուր առմամբ, անշուշտ փորձել են իրենց փողը մի քիչ պակասեցնել: Բայց լուրջ էֆեկտ չի ստեղծվի, որովհետեւ պետությունը պատրաստ չէ ընտրություններից առաջ որեւէ լուրջ բարեփոխումների գնալ: Իսկ ընտրություններից հետո այդ մասին կարելի է մոռանալ»:

Երեկվա հանդիպման համար «Հայելի» ակումբը շաբաթներ շարունակ փորձել է իշխանական ճամբարից Հ.Բագրատյանին որեւէ ընդդիմախոս գտնել, բայց ոչ մեկը չի համաձայնել: Ու նախկին վարչապետը երեկ պարզապես իր կարծիքը հայտնեց ներկա իշխանությունների տնտեսական ու քաղաքական վարած կուրսի մասին: Նախ՝ նրա կարծիքով` Հայաստանի բյուջեն պետք է լինի ոչ թե 2,5 մլրդ, այլ՝ 3 մլրդ 7 մլն դոլար: «Իրենք հավաքում են երկուսը,- ասում է Հ.Բագրատյանը: -Կես միլիարդը ես հանում եմ, որովհետեւ դա կենսաթոշակային հիմնադրամն է: Ես հարց եմ տալիս, իսկ ինչո՞ւ այն 1 միլիարդը չեն հավաքում: Հայաստանի 2008թ. բյուջեն Համախառն ներքին արդյունքի 14 տոկոսն է կազմում, իսկ մեր ժամանակ 19 տոկոսն էր կազմում»:

Հ. Բագրատյանի ասելով` Հայաստանում երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակի ձախողված են: Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի գնահատականը: «ՀԲ-ի գնահատականն է, որ առաջին սերնդի բարեփոխումներն արված են լավագույնը, նույնիսկ պետք չէ համեմատել Բալթյան հանրապետությունների հետ, եվրոպական մակարդակի ռեֆորմներ են արված: Իսկ երկրորդ սերնդի բարեփոխումները կաղում են»,- մեջբերում է Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով` ճիշտ չէ այն կարծիքը, թե ներկա ու նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը չունի էական տարբերություն: Նրա ասելով, եթե նախկինների ժամանակ բենզին էին ներկրում 27 տնտեսվարող սուբյեկտներ, ապա հիմա ներկրում են ընդամենը երկուսը: Այս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունն այն մենաշնորհներն են, որ ձեւավորվեցին 1998թ. հետո եւ շարունակում են ձեւավորվել մինչ այժմ: Մենաշնորհը կլանել է անգամ մանրածախ առեւտրի ոլորտը՝ ստեղծելով դեղատների ու սուպերմարկետների ցանց: Եվ ՀՀ կառավարության նախկին ղեկավարը հենց մենաշնորհների հանգամանքով է պայմանավորում Հայաստանում տեղի ունեցող գների աճը: Նա բոլորին առաջարկում է մտնել ինտերնետ կայքեր եւ տեսնել, որ համաշխարհային շուկայում գների կտրուկ աճ, բացառությամբ՝ նավթի, չի նկատվում: Նա հայտարարեց, որ մեր իշխանությունները հասարակությանը ճիշտ չեն ներկայացնում գնաճի իրական պատճառները: Տեղի ունեցող թանկացումների մոտ 70 տոկոսը Բագրատյանը պայմանավորում է մենաշնորհներով եւ գտնում է, որ Հայաստանում արդեն շուկա գոյություն չունի: Հ.Բագրատյանը համեմատում է նաեւ ձեռնարկությունների սեփականաշնորհման քաղաքականության սկզբունքները: Եթե նախկին իշխանությունը կիրառեց վաուչերների տարբերակը, որի շնորհիվ հանրությանն այդ սեփականաշնորհումից թեկուզ հացի փող հասավ, ապա ներկայիս իշխանությունը Ռ. Քոչարյանի գլխավորությամբ որոշեց կիրառել ոչ թե աճուրդային, այլ ուղղակի վաճառքի տարբերակը: Ներկա իշխանությունները կարող են սեփականաշնորհման ծրագրի մեջ մտցնել գյուղական մի կրպակ, սակայն լուրջ, արժեքավոր ձեռնարկությունը պարզապես վաճառել: Այդպես մի քանի տարի առաջ 132 մլն դոլարով վաճառվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որի միայն տարեկան շահույթն, ըստ Բագրատյանի` 500 մլն դոլար է: Հրանտ Բագրատյանը ներկայիս իշխանության կասկածելի սեփականաշնորհման օրինակ է համարում նաեւ Հայխնայբանկը, որը վաճառվեց մոտ 400 հազար դոլարով, իսկ հետո վերավաճառվեց մոտ 20 մլն դոլարով:

Հրանտ Բագրատյանը նաեւ ասում է, որ մեր իշխանության ներկայիս տնտեսական քաղաքականության հետեւանքն այն է, որ Հայաստանն այսօր տնտեսական ցուցանիշներով հետ է մնում այն երկրներից, որոնց գերազանցում էր 1996 թվականին: Նրա խոսքը հատկապես վերաբերում է Վրաստանին ու Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանի դեպքում նախկին վարչապետը տնտեսական մեծ առավելության տվյալներ չի ներկայացնում, որպեսզի չհուսալքի հանրությանը, քանի որ տարբերությունն արդեն հասնում է խայտառակ չափերի: Հ.Բագրատյանն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունները որեւէ լուրջ բան չեն կառուցել: «Նախագահը վերջերս ինչ ասում է, իրականությանը չի համապատասխանում: Գնում է Ղարաբաղ այդ ճանապարհով եւ ասում է՝ ես չեմ հիշում, որ նրանք բան սարքած լինեն: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ո՞վ է սարքել: Մեղրու կամրջի մոտ կանգնած, հինգ ամսում սարքած կամուրջ է, ասում ես` չգիտեմ ինչ են սարքել»,- ասում է Հ.Բագրատյանը: Վերջինս անդրադարձավ նաեւ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերություններում անցկացվող ստուգումների հետ կապված Ռ.Քոչարյանի արձագանքին: Նախկին վարչապետը գտնում է, որ Ռ. Քոչարյանը «նախագահին ոչ վայել հայտարարություններ է անում»: «Այդ ի՞նչ պատասխան է` «լաչառություն» ասելը: Պարզ չէ՞, որ մարդուն քաղաքական հետապնդման են ենթարկում: Եվ ես ամաչում եմ: Գիտե՞ք ինչ կա, նախագահը պետք է նախագահական բարձունքի վրա մնա: Նախագահի պատասխանը չի կարող լինել հարկային սովորական տեսուչի ինտրիգից ավելի ցածր մի բան: Ես ապշած եմ պարզապես, ցավում եմ»,- երեկ ասաց Հ.Բագրատյանը:

Երեկ Վրաստանում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության սկիզբն ազդարարող արարողությունը Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Այդ երկաթուղու կառուցումն էլ ավելի կխորացնի Հայաստանի մեկուսացումը: Հ. Բագրատյանն ասում է, որ եթե Հայաստանն իր ճիշտ տնտեսական քաղաքականությամբ լիներ ավելի ամուր եւ հեռանկարային երկիր, ունենար ոչ թե 1,7, այլ՝ 3 մլրդ դոլարանոց բյուջե, միգուցե չէր կառուցվի նաեւ Կարս-Ախալքալաք երկաթուղին: Ըստ նրա` սխալ է նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի վարած ներկա քաղաքականությունը: Նա հիշում է, որ թեեւ թուրքերի հետ դժվար է բանակցել, այնուամենայնիվ, իրենց իշխանության տարիներին կարողացան ապահովել օդային սահմանի բացումը, որը պաշտոնական Անկարայի հետ մոտ 9 ժամ տեւած բանակցության արդյունք էր: «Եկանք, որ պետք է գնայինք Մարգարան բացեինք, բայց հիմա ավելին, ոչ միայն Մարգարան չի բացվում, այլ դա էլ է փակվել»,- ասում է Հ.Բագրատյանը՝ նկատի ունենալով այն, որ վերջին օրերին Թուրքիան չէր ընդունում Հայաստանի թռիչքները: Հ.Բագրատյանի հավաստմամբ` իր համար միանշանակ է, որ Եղեռնը պետք է ճանաչվի, բայց միեւնույն ժամանակ՝ նա ճիշտ չի համարում «մեր ողբերգությունն աշխարհի ձեռքին մանրադրամ դարձնելը»: «Թուրքը մնում է թուրք, ես սա հասկանում եմ: Թուրքերը հայերի նկատմամբ ունեն վերապահումով վերաբերմունք: Եթե մենք ուզում ենք Եղեռնը ճանաչել, պետք է իմանանք, թե ինչ քայլեր ենք անելու: Մենք պետք է ժողովրդին հստակ ասենք՝ հող ուզելո՞ւ ենք, թե՞ ոչ»,- ասում է Հրանտ Բագրատյանը: Նրա ասելով` այդ դեպքում պահանջները տարբերվում են, քանի որ, եթե ճանաչումից բացի՝ մենք փոխհատուցման հարց բարձրացնենք, ապա աշխարհը կկանգնի մեր դեմ: