Խոսքերին չեն հավատում

26/11/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀԴԿ նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նորընտիր առաջին փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանը եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրանք հիմնականում խոսեցին տնտեսական հարցերի շուրջ: Ա. Մինասյանը նշեց, որ 2008թ. պետբյուջեն պետք է նախանշի երկրի զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում` թե մրցունակության ինչպիսի աստիճան է մեր երկիրն ունենալու 2008-ին: Նրա գնահատմամբ` լավ է, որ էական աճ կա, բայց վատ է, որ որակական տեսանկյունից այն չի նպաստելու երկրի մրցունակության բարձրացմանը. «Այս տեսանկյունից հատկապես անհրաժեշտ է մատնանշել համաշխարհային տնտեսական ֆորումի տված գնահատականը մրցունակության վերաբերյալ, որով Հայաստանը` գլոբալ մրցունակության ինդեքսին համապատասխան, գրավում է 93-րդ տեղը 131 երկրների մեջ, ընդ որում՝ ԱՊՀ-ից, եթե չեմ սխալվում, Ղազախստանն է միայն մեզնից հետո: Եվ բիզնես միջավայրի տեսանկյունից գրավում է 108-րդ տեղը, ինչը նորից բավական վատ ցուցանիշ է: Մյուս կարեւոր հանգամանքը՝ որ 2008-ի պետբյուջեն ամբողջությամբ չի արտացոլում կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչը, մեր կարծիքով, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Դրանցից են` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, ինչպես նաեւ` նույն միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»: Անդրադառնալով հարկային քաղաքականությանը` նա նշեց, որ դա բյուջեի եկամտային քաղաքականության մաս է կազմում. «Բայց դրա հիմքում պետք է լինի օրենսդրությունը: Այնպիսի օրենսդրություն, որտեղ հնարավորինս սողանքները բացառվեն եւ հավասար վերաբերմունք դրսեւորվի բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, անկախ նրանից, իշխանական թեւ են, թե` ոչ: Այն տեղեկատվությունը, որ ստանում եմ, դեռեւս ինձ հնարավորություն չի տալիս ենթադրելու, որ կա այդպիսի հստակ միտում, որովհետեւ ստուգումներն իրականացնում են ինչպես ընդդիմադիր հատվածի գործարարների, այնպես էլ իշխանամետ գործարարների մոտ: Երբ արդյունքները հրապարակվեն, պարզ կլինի, թե իրականում ինչ հստակ ուղղվածություն կա: Այն ժամանակ էլ կարելի է գնահատական տալ: Իսկ ինչ վերաբերում է այն խախտումներին, որոնք հայտնաբերվել են մասնավորապես ընդդիմադիր հատվածին հարող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ես կարծում եմ, դրա պատճառը ոչ թե կանխակալ միտումն է, այլ մեր օրենսդրությունը»:

Արամ Գ. Սարգսյանն էլ, անդրադառնալով իրականացվող ստուգումներին, նշեց, որ դրանք կարելի էր անել 1-2 տարի առաջ, որպեսզի այսպիսի աղմուկ չառաջանար. «Բոլորս գիտեինք, որ ստվերային տնտեսությունն ահռելի տոկոս է կազմում, սրանք ուշացած քայլեր են ու, ինչո՞ւ չէ, նախընտրական փուլի քայլեր են: Կարծում եմ, որ եթե այս տենդենցը շարունակվի նաեւ նախագահական ընտրություններից հետո, հնարավոր կլինի ասել, որ իսկապես քաղաքական եւ տնտեսական պայքար է մղվում ստվերային տնտեսությունը կրճատելու դեմ: Բայց այսօր վստահություն չունեմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, եւ այսօրվա իշխանություններն ուզում են երկիրը կարգի բերել: Բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է հավասար պայմաններում մրցակցային դաշտում լինեն»:

Արամ Գ. Սարգսյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ Վահան Հովհաննիսյանը վերջերս հրապարակավ հայտարարել է, թե իրենք Ռոբերտ Քոչարյանից պահանջում են ՀՀՇ-ի վարած քաղաքականությանը քաղաքական-իրավական գնահատական տալ: Ա. Գ. Սարգսյանը խնդրեց հիշեցնել Վահան Հովհաննիսյանին, որ դա առաջինն իրենք են պահանջել. «1998թ., երբ ձեւավորեցինք քաղաքական խորհուրդ, ես պրն Քոչարյանին առաջարկեցի, որ անհրաժեշտ է անպայման տալ քաղաքական-իրավական գնահատականը: Նա ինձ ասաց, թե` քո ասելով որ անենք, պետք է ամբողջ հանրապետությունով մեկ կախաղաններ դնենք: Այսինքն, ինքը շատ լավ գիտեր, թե ինչ է արել ռեժիմը նախկինում: Ու մենք հիմա հայտնվեցինք այն իրավիճակում, երբ այն ժամանակ չտալով իսկապես այն գնահատականը, որին նրանք արժանի էին, հիմա այդ մարդիկ ասում են` մենք որ գանք, եւ այլն: Այսինքն, անպատժելիությունը բերեց նրան, որ հիմա ցինիկաբար այսօր խոսում են իրենց հաջողությունների մասին, ոչ թե իրենց արած սխալների ու հանցագործությունների մասին: Այդպես չի կարելի, որ մեկը գա` «ռեւանշիստ» գաղափարախոսությամբ, ու ասի, թե` ես կգամ, ու տեսեք, թե ինչ եմ անելու: Այդպիսի իշխանությունը կործանարար է լինելու: Դրա համար այսօր պատասխանատվությունն ավելի մեծ է, քան 1998-ին»:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` Ա. Գ. Սարգսյանն ասաց, որ իրենց կուսակցությունը դեռ հստակ որոշում չի կայացրել, թե ում է աջակցելու. «Չի բացառվում, որ կուսակցությունը գտնի, որ ոչ ոքի էլ չի պաշտպանելու: Շատ պարզ ենք որոշելու, մենք բոլորի կենսագրությունը շատ լավ գիտենք, բոլորի խոսքերին չենք հավատում, հավատում ենք միայն գործերին»:

«Այն, որ Դաշնակցությունը գնալու է նախագահական ընտրություններին իր թեկնածուով, ոչ ոքի մոտ այլեւս կասկած չի հարուցում: Դաշնակցությունն ակնկալում է այն զանգվածի աջակցությունը, որը տեսնում է ազգային ուժ, ոչ թե դրսից թելադրված ինչ-որ խաղի կանոններ: Այն ուժը, որ իր քաղաքականության մեջ կենտրոնական տեղում տեսնում է մարդուն, որը իսկապես ձգտում է ժողովրդական երկիր կառուցելուն: Իսկ հարցումներ միշտ լինելու են, այդ թվում` տարբեր պատվերներով»,- ՀՅԴ դիրքորոշումը հայտնեց Արծվիկ Մինասյանը: