Հակասությունների միասնություն

26/11/2007 Էդուարդ ՆԱԳԴԱԼՅԱՆ

Ըստ առաջինի` ամեն ինչ կարգին է, տղաներ: Այդպես էլ պետք է լիներ, մենք պատմության օբյեկտիվ շրջան ենք ապրում: Չէ՞ որ մեր անկախությունն ու մեր պետությունն ընդամենը 15 տարեկան են` մանկական տարիք պետության համար: Չէ՞ որ մենք չենք զարմանում, օրինակ, 18-րդ դարում Եվրոպայում իշխած բարքերի վրա: Դե, ուրեմն, պատկերացրեք, որ զարգացման մակարդակով մենք դեռ գտնվում ենք 18-րդ դարում: Ուստի, պետք է ունենալ պատմական համբերություն եւ տոկունություն: Ամեն ինչ իր ժամանակն ունի:

Կոռուպցիա՞: Իսկ որտե՞ղ այն չկա: Ստվերային տնտեսությո՞ւն: Դա նույնպես կա բոլոր երկրներում: Ըստ «օբյեկտիվիստների»՝ ընդդիմադիրները լոկ չարախոսներ են, որոնք համառորեն չեն ուզում նկատել փոփոխություններն ու երկնիշ տնտեսական աճը: «Օբյեկտիվիստների» «վերջին ակորդն» այն պնդումն է, թե Հայաստանն Անդրկովկասի ամենակազմակերպված երկիրն է:

Բնական է, որ «օբյեկտիվիստական» հայացքների կրողները հիմնականում իշխանության մեջ կամ մոտ գտնվող անձինք են, որոնց բավարարում է ներկայիս ստատուս-քվոն: Հակառակ տեսակետը չի ընդունում «օբյեկտիվ» փաստարկները` դրանք դեմագոգիա համարելով: «Սուբյեկտիվիստները» տարբերվում են պատմական անհանդուրժողականությամբ եւ կարծում են, որ ամեն ինչ այսօր իսկ ու այս պահին կարող էր շատ ավելի լավ լինել: Երբ իրական բարեփոխումները գիտակցաբար ու վարպետորեն փոխարինվում են նմանակումով, իսկ իշխանությունն իր վարչական ռեսուրսը հիմնականում օգտագործում է անձնական հարստացման համար, ապա հղումները ժողովրդավարության երիտասարդ լինելուն եւ պատմական հիմնավորումներին՝ անտեղի են, կարծում են նրանք: Մենք գործ ունենք ներկայիս էլիտայի քաղաքական հավակնությունների ցածր որակի եւ այնպիսի սուբյեկտիվ գործոնի հետ, ինչպիսին է ավելի բարձր նպատակների հասնելու եւ համազգային ծրագրեր իրականացնելու հարցում երկրի բարձրագույն իշխանության քաղաքական կամքի բացակայությունը:

«Սուբյեկտիվիստների» կարծիքով՝ կատարվել է պետության բռնազավթում այն իմաստով, որ պետական մեխանիզմներն ու ինստիտուտներն օգտագործվում են կլանային ու խմբային շահերի համար, ստեղծվում է օլիգարխային տնտեսություն: Այո, տնտեսությունն աճում է, բայց այն չի զարգանում, քանի որ նրանում չեն կատարվում որակական փոփոխություններ: Ավելին, զարգանում են շուկաների մոնոպոլիզացիայի բավականին վտանգավոր գործընթացներ, խախտվում է ազնիվ մրցակցության հիմնարար սկզբունքը, չեն պաշտպանվում սեփականության իրավունքները եւ այլն: «Զարգացման» նման ճանապարհը փակուղային է, իսկ տնտեսական աճը որոշ ժամանակ հետո կարող է դադարել: Ուստի սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ամեն դեպքում ժամանակն աշխատում է ի օգուտ զարգացման: Աշխարհում շատ շուկայական երկրներ կան, որտեղ զարգացում չի ընթանում: Անցնում են տասնամյակներ, սակայն դրանցում ոչինչ չի փոխվում: Դեռեւս չի բացառվում այն վտանգը, որ Հայաստանը նման դրության մեջ կհայտնվի: Ըստ մի քանի տնտեսագետների, Հայաստանը ներքաշվում է, այսպես կոչված, ինստիտուցիոնալ ծուղակի մեջ, որից դուրս գալը չափազանց դժվար կլինի:

Երկու մոտեցումների թվացյալ տրամագծային հակասությամբ հանդերձ, նրանց միջեւ բավականաչափ նմանություն կա: Եթե այն ամենը, ինչ ասում են «սուբյեկտիվիստները», ճիշտ է, ապա, այնուամենայնիվ, այն չի վերածվում հասարակության կողմից քաղաքական լուրջ պատվերի, ինչը փաստորեն ապացուցում է «օբյեկտիվիստների» ճշմարտացիությունը: Դա նշանակում է, որ ներկայիս ստատուս-քվոն իրականում բավարարում է ոչ միայն իշխանությանը, այլեւ հանրության մեծամասնությանը (այստեղ կարելի է հիշել այն պարզ գաղափարը, որ իշխանությունն արժանի է ժողովրդին, իսկ ժողովուրդը` իշխանությանը): Այս պայմաններում իշխանության քննադատությունը վերածվում է վստահություն չներշնչող եւ իրենց գոյությամբ միայն իշխանության «պատմական ճշմարտացիությունը» շահեկանորեն ընդգծող եւ, դեռ ավելին` իրենց դարն ապրած քաղաքական ձախողակների ձանձրացնող տզզոցի: Հակասությունների յուրօրինակ միասնություն: