Վիճակագրությունը որոշակի իմաստով գործիք է, որով կարելի է չափել աշխատանքը: Որքան ես գիտեմ՝ խորհրդարանական վիճակագրություն, որպես այդպիսին, չկա: Փոխարենը վստահաբար կարող ենք պնդել, որ ՀՀ Ազգային ժողովն իր աշխատանքներում ամենաթափանցիկ մարմինն է: Որքան էլ որ Հանրային հեռուստատեսությունը մոնտաժի ԱԺ նիստերի հեռարձակումը: Խորհրդարանական ինտերնետ կայքում բավարար տեղեկություն կա, որով հնարավոր է հասկանալ ու գնահատել իշխանության այս թեւի աշխատանքը: Կայքում, ընդունված օրենքներից զատ, տեղադրված են նաեւ քննարկվելիք օրենքների նախագծերը: Ընդ որում` թե օրակարգ մտածները, թե` ոչ: Արդեն ընդունված օրենքների պարագային նշված չէ, թե ովքեր են տվյալ օրենքի հեղինակները, փոխարենն այդ նշումը կա նախագծերին կից: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի` խորհրդարանական օրակարգում ներառված է օրենքի 132 նախագիծ: Ես նպատակ չունեմ քննարկել, թե որքանով են դրանք որակյալ կամ հրատապ մյուսների հանդեպ, որ ընդգրկվել են օրակարգում: Փոխարենն առաջարկում եմ դիտարկել ԱԺ աշխատանքի արդյունավետությունն այս մարմնի բուն` օրինաստեղծ նպատակի տեսանկյունից: 132 նախագծերից վեցն ԱԺ-ին հաշվետու տարբեր կառույցների հաշվետվություն են: Հանրային ծառայությունների, Տնտեսական մրցակցության հանձնաժողովների, Կենտրոնական բանկի ու նման կառույցների հաշվետվությունը դժվար է «դասական» օրենք համարել: Եվս 20 օրենքի հեղինակը ՀՀ նախագահն է: Դրանք էլ «դասական» չես համարի, որովհետեւ միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միանալու վավերացումներ են: Բայց չշտապեք եզրակացնել, որ օրենքների մնացած 106 նախագծերի հեղինակները մեր ազգընտիր պատգամավորներն են: Նրանք հավանաբար օրենքի այդքան նախագիծ գրելու ներուժ չունեն: 106 նախագծից 95-ի հեղինակը կառավարությունն է: Մեր օրինաստեղծ պատգամավորները հեղինակել են օրենքի ընդամենը 11 նախագիծ: Այսինքն` եթե խորհրդարանը կատարի իր պարտականությունն ու ընդունի իր աշխատանքային օրակարգ ներառածը, մենք հետաքրքիր փաստ կարձանագրենք: Կպարզվի, որ խորհրդարանը ՀՀ օրենքների միայն 10 տոկոսի հեղինակն է եւ մնացած 90 տոկոսի հեղինակային իրավունքը զիջում է կառավարությանը: Այս վիճակագրությունը շատերին հնարավորություն կտա ենթադրելու, որ կառավարությունն արդյունավետ է աշխատում: Սակայն այդպես կարծողներին դժվար կլինի հերքել, որ խորհրդարանն ընդամենը օրենքի նախագիծ դակող մարմին է: Հետեւաբար, դժվար կլինի բացատրել, թե օրենքներ ստեղծելու գործում ինչու է այդքան ակտիվ իշխանության գործադիր թեւը: Եվ հակառակը` ինչու է այդքան պասիվ օրենսդիրը, որը հիմնականում այդ գործի համար է նախատեսված: Պատկերը մի փոքր այլ է օրակարգ չմտած նախագծերի վիճակագրության ոլորտում: Կա այդպիսի 113 նախագիծ: Այստեղ կառավարությունը զիջում է առաջամարտիկի իր տեղը: Նա օրակարգ չմտած նախագծերից միայն 40 տոկոսի հեղինակն է: Բառի իրավական իմաստով` ազգընտիր պատգամավորներն այս բաժնում 60 տոկոսանոց հեղինակային մասնակցություն ունեն: Այստեղ, իհարկե, կարելի է խորհրդարանահաճո մի քանի եզրակացություն անել: Օրինակ, կարելի է ասել, որ մեր պատգամավորների համարձակությունը ներել է գործադիր մարմնի առաջարկած 45 նախագիծ չմտցնել օրակարգ: Բայց այդ նախագծերի մեծ մասը կառավարությունը խորհրդարան ներկայացրել է գործող օրակարգի հաստատումից հետո: Օրինակ, վերջին վեց նախագծերը նոյեմբերի 19-ին են հասել ԱԺ: Պատգամավորական նախաձեռնություններն ուսումնասիրելիս պարզվում է, որ հատկապես ակտիվ են ընդդիմադիր (կամ իշխանության մաս չկազմող խմբակցությունների անդամ) պատգամավորները: Օրակարգում չընդգրկված նախագծերի վիճակագրությունն ինքնին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գովք կարող է ընկալվել: ԱԺ անդամների հեղինակած 68 նախագծերից 24-ի միանձնյա հեղինակը նա է: Զուտ վիճակագրությամբ` Դալլաքյանն օրակարգում չներառված օրինագծերի 21 տոկոսի հեղինակն է: Իսկ եթե հաշվարկն արվի պատգամավորաստեղծ նախագծերից, ապա նրան բաժին է հասնում 35 տոկոսը: Հենց նրա հաշվին են բարելավվում մեր խորհրդարանի օրինաստեղծ գործունեության ցուցանիշները: Մեր պրոֆեսիոնալ պատգամավորներն, իհարկե, կարող են արդարանալ, որ իրենց գործունեությունը միայն օրենք հեղինակելը չէ: Որ իրենք օնիբուն իրենց մշտական հանձնաժողովներում մշակում ու կատարելագործում են կառավարության ու օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող այլ հեղինակների նախագծերը: Օրենքներն, ի վերջո, միանգամից չեն ընդունվում: Հավուր պատշաճի դրանք ունենում են առաջին, երկրորդ եւ այլն ընթերցումներ: Իսկ «Որքանո՞վ է նման արդարացումն ընդունելի» հարցին պատասխանելն իմ գործը չէ: