ԱՄՆ-ը երբեք դեմ չի եղել

26/11/2007

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ատոմային նոր բլոկի կառուցման համար տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացման համագործակցության ուղղությամբ: Ա. Մովսիսյանի հավաստմամբ` նախքան ատոմակայանի նոր բլոկի համար հատկացվելիք ֆինանսական աղբյուրները հստակեցնելը, վերոնշյալ համաձայնագրով պետք է մինչեւ 2008թ. սեպտեմբերն իրականացվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ: Դրանց ավարտից հետո կկատարվեն նախագծման աշխատանքներ, որոնք կտեւեն շուրջ 2 տարի: Այնուհետեւ, 5-7 տարվա ընթացքում` մինչեւ 2016թ., Ատոմային էներգիայի զարգացման ծրագրով Հայաստանում կկառուցվի նոր ատոմակայան: Նախնական տվյալներով` այն կլինի 1000 մեգավատտ հզորությամբ: Ա. Մովսիսյանի հավաստմամբ` դեռ վաղ է խոսել այն երկրների եւ ներդրողների մասին, ովքեր ֆինանսապես կաջակցեն նոր բլոկի կառուցմանը: Տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն իրականացնելուց հետո հայկական կողմը կուսումնասիրի եւ կյուրացնի տարբեր երկրների ատոմային էներգետիկայի ոլորտի փորձը: Տեխնիկատնտեսական հիմնավորումներն իրենց մեջ ներառում են մի քանի փուլեր, որոնցից մեկով պետք է անդրադարձ կատարվի կառուցվելիք ատոմակայանի ազդեցությանը շրջակա միջավայրի վրա: Սա, ըստ Ա. Մովսիսյանի` ծրագրի ամենածանր աշխատանք պահանջող մասն է, որի բարեհաջող կատարմանը ֆինանսապես կաջակցի ԱՄՆ կառավարությունը: Ըստ նրա` ՀԱԷԿ-ի էներգետիկ մակարդակի բարձրացմանը վերջին տարիներին ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 40-45 մլն դոլար: Ամերիկյան կողմից ֆինանսական հատկացումներ են ուղղվել նաեւ ոլորտում մյուս ծրագրերի իրականացմանը: Նշենք, որ Ատոմային էներգիայի զարգացման ծրագիրն իր մեջ ներառում է երկու ուղղություն` գործող բլոկի կանգնեցում եւ նորի կառուցում: Նոր բլոկը նախատեսվում է կառուցել միեւնույն հրապարակում, քանի որ նախկինում այդ վայրում նախատեսված է եղել կառուցել 4 բլոկ: Իսկ որքա՞ն կարժենա գործող բլոկի կանգնեցումը» հարցին Ա. Մովսիսյանը երեկ պատասխանել է, թե մի քանի տարի առաջ նախնական գնահատականներով խոսվում էր 250 մլն դոլարի մասին: Իսկ Ջ. Փենինգթոնը երեկ հերքեց շրջանառվող լուրերը, թե ԱՄՆ կառավարությունը դեմ էր Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրին: «ԱՄՆ-ը երբեք դեմ չի եղել: Սա մի որոշում է, որը պետք է ընդուներ միայն ՀՀ կառավարարությունը: Մենք, իհարկե, մտահոգություններ ունենք գործող ատոմակայանի անվտանգության խնդիրների վերաբերյալ եւ հասկանում ենք, որ այն պետք է փոխարինվի նոր կառույցով»,- ընդգծեց նա: «Ամերիկյան կողմը ֆինանսապես կաջակցի՞ ատոմակայանի կառուցման աշխատանքներին» հարցին էլ Ջ. Փենինգթոնը պատասխանեց, որ իրենք պատրաստ են աջակցել պլանավորման աշխատանքներում` ներդնելով շուրջ 2 մլն դոլար: Կառուցման համար փաստացի ներդրումների կատարման մասին դեռ վաղ է խոսել, սակայն չի բացառվում, որ ԱՄՆ-ը հայկական կողմին կաջակցի ֆինանսական այլ ուղիների հայտնաբերման հարցում:

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նաեւ նշեց, որ Մեծամորի ատոմակայանը նորով փոխարինելու հարցը բարդ է, սակայն բխում է երկրի անվտանգության շահերից: