Երբ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացումների նախարարի պաշտոնին նշանակվեց Ներսես Երիցյանը, անմիջապես դրական կարծիքներ հնչեցին, թե լինելով բարեփոխումների սերնդի ներկայացուցիչ՝ նա մեր երկրի տնտեսության մեջ կկարողանա լուրջ բարեփոխումներ իրականացնել:
Սեպտեմբերին՝ պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո պարոն Երիցյանը ներկայացրեց իր ծրագիրը, որտեղ ամփոփված էին առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման մասին ունեցած պատկերացումները, որոնք հետագայում պետք է կյանքի կոչվեին: Նոր կառավարության նշանակումից անցել է մոտ կես տարի, եւ մենք փորձեցինք պարոն Երիցյանից ճշտել, թե Հայաստանի տնտեսության զարգացման ինչ ուղղություններ են ուրվագծվել եւ դրա համար կոնկրետ ինչ քայլեր են արվում: Պարզվեց, որ պարոն Երիցյանը դեռ Հայաստանի տնտեսության զարգացման մոդելն է կառուցում, որը 2008թ. նոր կունենա մեկնարկ:
«Մենք նախ՝ պետք է կարողանանք կառուցել ապագայի մտապատկերը, որ հետո դա իրողություն դարձնենք: Ես համարում եմ՝ գործի 50 տոկոսը լավ պլանն է, որը հետագայում մենք պետք է իրականացնենք»,- ասում է Ն.Երիցյանը:
Ներսես Երիցյանի երազած Հայաստանը պետք է անցնի Սինգապուրի զարգացման ճանապարհով, ներմուծող երկրից պետք է դառնա նույնիսկ տեխնոլոգիաներ արտահանող երկիր եւ պետք է հայտնվի աշխարհի զարգացած 20 երկրների շարքում: Ընդ որում` նախարարի կարծիքով՝ այդ մակարդակին հասնելու համար Հայաստանն ունի բոլոր նախապայմանները, նախ՝ չունի ռեսուրսներ եւ ունի պատերազմական անցյալ:
«Բոլոր այն երկրները, որոնք թռիչքաձեւ զարգացում են ունեցել, ռեսուրսներ չունեցող երկրներն են,- ասում է Ն.Երիցյանը: -Ռեսուրսներ չունենալը ստիպում է, որ դու չմեծամտանաս: Երկրորդը պոստ-կոնֆլիկտային երկրներն են՝ Իռլանդիան, Նոր Զելանդիան: Այո, դա ստիպում է, որ դու կարողանաս ավելի արագ եւ ազատ մտածել»:
Եվ եթե Սինգապուրի կամ այլ երկրների դեպքում զարգացման հասնելը տեւել է մոտ 30 տարի, ապա Հայաստանը կարող է դրան հասնել ավելի շուտ, որովհետեւ մեր երկրի մեկնարկային պայմանները, պարոն Երիցյանի կարծիքով, շատ ավելի լավն են: Իսկ մեր երկրի բարեփոխումների մեկնարկը կլինի 2008թ.: Նախարարի կարծիքով` Հայաստանում զարգացման մեծ հնարավորություն ունի ծառայությունների ոլորտը՝ տուրիզմը, խորհրդատվական ու միջնորդային ծառայությունները, ֆինանսական ու առողջապահական ծառայությունները: Իհարկե, պետք է պահպանել եւ զարգացնել նաեւ արդյունաբերությունը: Բայց դա պետք է անել նոր տնտեսության պահանջներին համապատասխան, որոնք կշարժեն տեխնոլոգիաները, արտադրողականության բարձր աճը եւ ոչ թե ռեսուրսների օգտագործումը: Պարոն Երիցյանը գտնում է, որ մեր տնտեսության առաջին սերնդի բարեփոխումներն անցել են բավականին հաջող, եւ հիմա ժամանակն է անցնել երկրորդ սերնդի բարեփոխումներին: Իսկ երկրորդ սերնդի բարեփոխումները, Երիցյանի ասելով, մեր երկրի, մեր տնտեսության մրցունակության բարձրացումն է:
«Պարզապես պետք է ճիշտ ծրագիր դնել, որոշակի փուլեր անցնել,- ասում է նախարարը: -Կայունացման փուլը քիչ թե շատ անցել ենք, շուկայական ինստիտուտները ստեղծել ենք: Հիմա պետք է բարդացնենք այդ ինստիտուտները, որոնք կարող են աշխատել բարձր աշխատավարձերի եւ բարձր արտադրողականության պայմաններում: Ամբողջ աշխարհում որ ասում են՝ գիտելիքահենք տնտեսություն, դա արժեքային շղթա է, որը կառուցված է այս հիմքի վրա ՝ համալսարաններ, որտեղ մարդիկ ոչ միայն կրթվում են, այլ հետազոտություններ են իրականացնում: Ոչ թե բարդ, այլ ճանաչողական հետազոտություններ, որոնք այս փուլի համար էական նշանակություն կունենան: Եթե սա հաջողենք 5-10 տարվա ընթացքում, ապա ուրիշներն են նայելու մեր կայքերը, տեսնեն, թե մեր նկատմամբ տեխնոլոգիական տարբերությունը որն է: Հետո արդեն այդ հետազոտությունները վերցնում են ընկերությունները: Արդյունքում մենք ունենալու ենք անընդհատ աշխատող գիտնականների բանակ, որն անընդհատ հետազոտություններ է անելու, եւ բիզնեսմենների բանակ, որը սնվում է գիտության այդ արժեքներից: Այս պարագայում ենթակառուցվածք է ստեղծվելու, որը կրթությունը կապելու է բիզնեսի հետ: Մեկնարկային պայմաններն արդեն ստեղծված են, հիմա պետք է զարգացման մոդելը գործարկել»:
Իսկ մինչ Հայաստանի տնտեսությունը կընթանա Սինգապուրի, Նոր Զելանդիայի կամ Ֆինլանդիայի անցած զարգացման ճանապարհով, մենք փորձեցինք Ն.Երիցյանից ճշտել, թե 2008թ. ինչի՞ հաշվին պետք է ավելանա Հայաստանի բյուջեն, չէ՞ որ այն մոտ 1 մլրդ դոլարով ավելի է այս տարվա բյուջեից: Չէ՞ որ հենց այս բյուջեի հիմքի վրա պետք է տրվի նոր սերնդի բարեփոխումների մեկնարկը: Նախարարը գտնում է, որ 2008թ. բյուջեի չափը քաղաքական լրջագույն որոշում է, եւ քաջություն է այդ քայլին գնալը:
«2008-ի բյուջեն մեծ է եւ մեծ է նաեւ հավակնոտությունն ու ամբիցիան,- ասում է Ն.Երիցյանը: -Եվ եթե կանոն չփոխվի, ինստիտուցիոնալ լուրջ դրական տեղաշարժեր չլինեն, մենք դրան չենք կարող հասնել: Դա նշանակում է, որ այս բյուջեն պետական կառավարման համակարգում արդեն նախանշում է լուրջ բարեփոխումներ: Մեծ ամբիցիաներն են դրան բերելու: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ընկերություններն ունեն շատ բարձր հաշվապահական հաշվառում: Դրա համար ավելի է բարդանում հարկային վարչարարությունը: Ներկայիս հարկային բեռն աուդիտի հնարք է պահանջում Հարկային տեսչության կողմից: Հիմա ստիպված ենք լինում տարբեր տվյալների համադրությամբ ստուգել, տեսնել տարբեր տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ասենք, վարքագծային տարբերությունը, եւ աուդիտորական ստուգումներ իրականացնել, ինչը բոլորին բերել է անակնկալի: Վարչապետը դեռ մի քանի ամիս առաջ է հայտարարել հարկահավաքման բարեփոխումների մասին: Մենք չենք սովորել, որ հայտարարությանը կարող է գործողությունը հետեւել: Տնտեսվարող սուբյեկտներն ունեին բավարար ժամանակ՝ ճշգրտելու իրենց վարքագիծը: Մինչդեռ քաղաքական թիմը պատասխանատու է իր հայտարարությունների համար»:
Նախարարն ակնարկում էր հարկային մարմինների կողմից վերջերս կատարած լայնամասշտաբ ստուգումները, որոնք տեղի ունեցան Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանում: Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկեցին գործարանի աշխատակիցներին, տարան նաեւ համակարգիչներն ու հաշվապահական մատյանները: Մի խոսքով՝ կազմալուծեցին ընկերության աշխատանքը: Պարոն Երիցյանը բոլորի նման գտնում է, որ կոնկրետ «Բջնիի» շուրջ առաջացած աղմուկն ունի քաղաքական ենթատեքստ: Սակայն մինչ հասարակությունը համոզված է, որ վերոհիշյալ մարմինները «Բջնի» մտան, որովհետեւ Խ.Սուքիասյանը հայտարարել էր, թե սատարելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ն.Երիցյանը գտնում է, որ այդ ստուգումները քաղաքականացնում են գործարանի սեփականատերերը: