«Բռնցքամարտի ալամ աշխարհի չեմպիոն» Իսրայել Հակոբկոխյանն աճուրդի է հանել իր «Բարի կամքի երկրորդ խաղերի» մեդալը, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը: Առաջադրման համար անհրաժեշտ է 8 մլն դրամ գրավ: Սակայն մեդալը կվաճառի միայն հայ ազգի ներկայացուցիչներին, թեկուզ, եթե Իլհամ Ալիեւը ցանկանա աստղաբաշխական գումարով գնել այն: «Այնպիսի ընտրագրավ են դրել, որ Հայաստանում ապրող մարդիկ հալալ աշխատած քրտինքով չեն կարող եւ ընտանիք պահել, եւ գումար հետ գցել: Միայն կոռուպցիայով զբաղվողները կարող են այդքան գումար ունենալ, կամ էլ նախկին սպեկուլյանտները, այժմյան անունով բիզնեսմենները»,- «Ա1+»-ի հետ զրույցում դժգոհել է Իսրայել Հակոբկոխյանն ու հավելել, թե ինքը պետությունից այնքան քիչ փող է ստանում, որ չի կարողանում անգամ ընտանիքի հոգսերը հոգալ: Ու ամեն ամիս օգնություն է ստանում արտերկրում ապրող հարազատներից, ընկերներից: Նա գտնում է, որ ինքը չի կարող արտերկրում ապրել, որովհետեւ ինքը «ծիրանի» նման է. «Հայկական ծիրանի օրինակը բերեմ: Եթե տանենք ծիրանի ծառը Սահարայի անապատում տնկենք, ինչ լավ պայման էլ ստեղծենք՝ այն ոչ կաճի, ոչ էլ ծիրան կտա, նույնն էլ ես եմ»: Հակոբկոխյանն ուզում է նախագահ դառնալ, քանի որ դժգոհ է թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանավորների գործունեությունից: Նա համարում է, որ կրթությունն ու բժշկությունը պետք է լինեն ամբողջովին անվճար: «Իսկ ծննդաբերական ճյուղը ոչ միայն լինի անվճար, այլեւ պարգեւատրում ստանան թե՛ ծննդաբերողը, թե՛ բժիշկները, որ առողջ ծնունդ ունենանք»,- ասում է նա: Բացի այդ, Իսրայել Հակոբկոխյանը Ղարաբաղի հարցի լուծման սեփական տարբերակն ունի. «Ղարաբաղը պետք է Հայաստանի մարզի կարգավիճակ ստանա, միայն մի տարբերությամբ, որ մարզպետը ոչ թե նախագահը նշանակի, այլ ընտրության միջոցով որոշվի: Եղել է եւ պետք է լինի Հայաստանի մի մասը: Չեմ կարողանում պատկերացնել, թե մի ազգ ոնց կարող է ունենալ մի քանի հայրենիք»: Առաջադրվելու դեպքում նա հույսը դնում է ազնիվ մարդկանց վրա. «Կուսակցությունների սատարելը ինձ պետք չի, քանի որ ես բոլորին էլ համարում եմ լեյտենանտ Շմիդտի որդիների ստեղծածները, որոնք որ 400 ձեւ գիտեն մաքուր մարդկանց խաբելու համար»: «Կարող է մեր ազգը զարթնի եւ ուզենա տեսնել գործունյա մարդու ի դեմս ինձ: Ես ամենաերջանիկ մարդն եմ, որ մնացի ինքս ինձ հավատարիմ»,- շարունակում է նա: Իսկ թե ո՞ւմ է տեսնում Հակոբկոխյանն ընտրություններում իրեն մրցակից, կասի միայն պայքարի մեջ մտնելուց հետո: