Տուգանել են

26/11/2007

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) աշխատակիցները հունվար-հոկտեմբերին Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի եւ Երեւանի մերձակա տարածքների 107 ոչ մետաղական հանքավայրերում ու տեղամասերում իրականացրել են բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման երկրաբանական եւ մարկշեյդերական վերահսկողություն:

Տեսչության գրասենյակի հաղորդմամբ` ստուգումների ընթացքում վերոնշյալ տարածքներում հայտնաբերվել է 11 անօրինական շահագործվող հանքավայր, որի համար կազմվել է 28 վարչական տուգանքի ակտ: Գանձված 2.4 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետբյուջե:

Հունվար-հոկտեմբերին ԲՊՏ աշխատակիցները նման վերահսկողություն են իրականացրել նաեւ «Ախթալայի պղնձի», «Մարջանի ոսկու» «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունների» հանքավայրերում: «Ախթալայում» ստուգման ընթացքում գանձվել է 100.000 դրամ վարչական տուգանք եւ տրվել չորսամսյա ժամկետում պոչամբարի շինարարություն իրականացնելու հանձնարարական: «Մարջանի ոսկու» երեւակումում դադարեցվել են «ՍՀԱ» ՍՊԸ ընկերության անօրինական աշխատանքները: Իսկ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» շրջանակներում գործող «Սիփան-1», «Մեգա-Գոլդ» ՍՊ ընկերությունները սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար ենթարկվել են, համապատասխանաբար, 70.000 եւ 100.000 դրամ վարչական տուգանքի:

Նույն պատճառով 80.000 դրամ է գանձվել նաեւ «Ագարակի ՊՄԿ» ընկերությունից: Ըստ բնապահպանների` հունվար-հոկտեմբերին հիդրոերկրաբանական, ընդերքօգտագործման կարգի եւ պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ վերստուգումներ են անցկացվել «Ադամանդ-Կ», «Ջերմուկ Գրուպ», «Ջերմուկ», «Վայոց սար»,«Բյուրակն», «Դիլիջան հանքային ջրերի գործարան», «Դիլիջան Միգե» ընկերություններում: Չափագրման 89 գործ ներկայացվել է հարկային մարմիններին, իսկ իրավապահներին` 114,4 մլն դրամի 85 ստուգման նյութեր: