ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանը, ինչպես եւ իրեն նախորդած բոլոր նախարարները, մշակել է գյուղատնտեսության զարգացման իր ռազմավարությունը: «Ռազմավարության մեջ փոփոխությունները նախարարությունն առաջիկայում ներկայացնելու է Կառավարության հաստատմանը, եւ նոր միայն դրանից հետո Լոքյանը պատրաստ է իր կատարածների մասին ներկայանալ մամուլի ասուլիսով»,- տեղեկացանք նախարարի մամուլի քարտուղարից: Այս փոփոխությունների մասին տեղյակ չեն գյուղատնտեսության ոլորտում առկա հասարակական հատվածի ներկայացուցիչները: Սովորաբար նման փոփոխությունները շրջանառության մեջ են դրվում, եւ հաշվի են առնում նաեւ շահառուների առաջարկները: Մնում է ենթադրել, որ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել Հայաստանի համար աղետ դարձած խոզի ժանտախտով: Կառավարությունն արդեն այս ախտի դեմ պայքարելու համար 35մլն դոլար միջազգային կազմակերպություններից աջակցություն է ստացել, եւ անգամ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջարկել է փողերի ծախսման իր տարբերակը: Մեր տեղեկություններով` Պավել Սաֆարյանը Կառավարությունում այս առիթով հրավիրված նիստում առաջարկել է գյուղացիների համար խոզի գոճիներ գնել, ինչը բավականին զավեշտալի է մասնագետների համար: Վերջիններս համոզված են, որ այս գումարն էլ կծախսեն բենզինի եւ այլ անօգտակար միջոցառումների վրա` չլուծելով հիմնական խնդիրը: «Խոզի ժանտախտի դեմ պայքարելու համար նախ հարկ էր իսկապես փակել` կարանտին սահմանել վարակակիր վայրերում: Առողջ խոզերին սպանդի ենթարկել եւ իրացնել երշիկի արտադրության մեջ, իսկ հիվանդ խոզերին սպանդից հետո ոչ թե թաղել, այլ՝ այրել: Միայն այս ձեւով կարելի է պայքարել ժանտախտի դեմ»,- ասում են գործից տեղյակները: Իսկ հիմա հայտարարում են, որ Հայաստանն այլեւս աղետալի վիճակում է: