ԼՂՀ նախագահը Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է ՀՅԴ ԱՄՆ Արեւմտյան շրջանի կենտրոնական կոմիտեի գրասենյակ եւ հանդիպել կուսակցության առաջնորդների, Հայ դատի գրասենյակի պատասխանատուների, ինչպես նաեւ՝ հարակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրեսին» փոխանցել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանն արծարծվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախի սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող հեռուստամարաթոնին առնչվող հարցեր:
Նույն օրը ԼՂՀ նախագահն այցելել է Գլենդելի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Բակո Սահակյանն ընդգծել է սերտ համագործակցության եւ փորձի փոխանակման կարեւորությունը, մասնավորապես, Ջրային տնտեսության եւ Ջրմուղ-կոյուղու համակարգերում: ԼՂՀ նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմում հանդիպել է նաեւ թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի անդամների, հայ բարերարների եւ գործարարների հետ, եւ քննարկել են կայանալիք հեռուստամարաթոնի, ինչպես նաեւ՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նրանք Բ. Սահակյանին վստահեցրել են, որ այսուհետ եւս կշարունակեն աջակցել Արցախի զարգացմանն ու հզորացմանը: ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել մի խումբ հայ բարերարների եւ գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել են Շուշիում իրականացվող տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքն ու հեռանկարները: Խոսելով ԼՂՀ ներդրումային քաղաքականության մասին, Բ. Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները կանեն ամեն հնարավորը՝ ներդրումային դաշտն էլ ավելի բարենպաստ դարձնելու ու ներդրողների գործունեությունը հեշտացնելու համար: