Չինգիզ Այթմատովը պաշտպանում է ընդդիմությանը

12/05/2005

Նախկին ԽՍՀՄ-ում քաջ հայտնի ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովը Ղրղըզստանի դեսպանն է Բրյուսելում։ Ընդդիմության նկատմամբ նրա ընդգծված համակրանքը երկրի վերնախավի բավական մեծ մասին անցկացրեց ընդդիմության կողմը։

«Ես չեմ միացել ընդդիմությանը։ Ես միշտ եղել եմ ժողովրդավարության եւ ժողովրդի կողմից։ Թեեւ Ակաեւի ռեժիմն էլ սկզբում ժողովրդավարական էր, բայց վերջին շրջանում այն գնալով կանգնեց ավտորիտարիզմի վտանգավոր ուղու վրա։ Իշխանափոխությունը, եթե անգամ այն կատարվում է հեղափոխական բարդ ու վտանգավոր պայմաններում, երկրին նոր քաղաքական հեռանկարի եւ ճգնաժամից դուրս գալու հույս է տալիս»,- պատասխանելով Le Figaro-ի թղթակցի հարցերին՝ ասել է Այթմատովը։

Այն հարցին, թե հանրաճանաչ գրողը վստահո՞ւմ է իշխանության եկած մարդկանց, Այթմատովը պատասխանել է. «Նրանք ժողովրդավարներ են։ Իշխանության կառույցներում զբաղեցրել են բարձր պաշտոններ, որոնցից հրաժարվել են Ակաեւի թիմի հետ ունեցած լուրջ տարաձայնությունների պատճառով։ Հուսով եմ, որ դա թույլ կտա նրանց գտնել սուր խնդիրների լուծման քաղաքական նոր մոտեցումներ։ Եթե դա տեղի չունենա, ամեն ինչ կմնա նույնը»։

Le Figaro-ի թղթակիցը մտահոգություն է հայտնում, թե Ղրղըզստանի համար կարող է լուրջ վտանգ ներկայացնել հարեւան Ուզբեկստանը։ Այթմատովը վտանգ չի զգում, նա պարզապես կարծում է, թե Քարիմովի ռեժիմը զգուշանում է ժողովրդավարության «վարակից», ինչի համար էլ փակել է սահմանը։ Իսկ Քարիմովը զգուշանալու պատճառ ունի, քանի որ Ղրղըզստանի հարավում ապրող ուզբեկ փոքրամասնությունն աջակցում է ընդդիմությանը։ Այսուհանդերձ, նա գտնում է, որ չարժե վախենալ Տաշքենդի կողմից սպասվելիք ապակայունացումից։ «Ես Միջին Ասիայի երկրների տարածաշրջանային ինտեգրացիայի նախագծի հեղինակն եմ եւ վստահ եմ, որ մեր խնդիրների լավագույն լուծմանը կարող ենք հասնել միասնաբար, թեեւ, ցավոք, առայժմ հակառակն ենք տեսնում»,- ասել է ղրղըզ գրող-դեսպանը։

Այթմատովը գտնում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը պրագմատիկ է։ Ռուսները Ղրղըզստանում կատարվող իրադարձություններին վերաբերվում են որպես բնական իրողության եւ նորմալ են համարում իշխանափոխությունը։ Նոր ղեկավարներն էլ հայտարարում են, որ նորմալ հարաբերություններ կունենան Ռուսաստանի հետ։ «Ռուսաստանն, ինչպես առաջ, կշարունակի լինել մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, եւ փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդի դրա վրա»,- ասում է Չինգիզ Այթմատովը։

Եվ մինչ Այթմատովը Եվրոպաներում հարցազրույցներ է տալիս, ըստ որոշ տեղեկությունների, Ղազախստանում ժամանակավոր ապաստան գտած Ասկար Ակաեւն էլեկտրոնային նամակով հաստատում է, որ հեղափոխությունը չի վերածվել արյունալի քաղաքացիական պատերազմի միայն այն պատճառով, որ ինքը (նախկին նախագահը) ժողովրդի վրա կրակելու հրաման չի արձակել։ Ակաեւը գրում է, թե ընդդիմությունը «սադրիչների ու թալանչիների բանդաներ» է բերել Բիշքեկ՝ դրանով աշխարհի աչքում հեղինակազրկելով երկիրն ու մեծ վնաս հասցնելով տնտեսությանը։

Հեռացված նախագահը կոչ է անում նոր իշխանություններին՝ վերջ տալ նախկին պաշտոնյաների նկատմամբ սկսված հետապնդումներին եւ չստեղծել հակամարտությունների ու հեղափոխության իրավիճակ, ինչը կվտանգի երկրի կայունությունն ու սոցիալական հավասարակշռությունը։ «Ես միշտ գործել եմ որպես համոզված ժողովրդավար եւ կրիտիկական պահին չեմ գայթակղվել զենքն իմ ժողովրդի դեմ ուղղելու հնարավորությամբ»,- համոզված ասել է երկրի վտարանդի նախագահը։ Այսուհանդերձ, նա պնդում է, որ հրաժարական չի տվել, եւ շարունակում է մնալ նախագահ։

Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կուրմանբեկ Բակիեւն Ակաեւին առաջարկում է հրաժարական տալ, զանգահարել, հայտնվել, վերադառնալ Ղրղըզստան եւ սկսել բանակցություններ։ Այսուհանդերձ, որպես ամենակարեւոր նախապայման՝ դրվում է նախագահի պաշտոնից հրաժարվելը։ Բակիեւը բազմիցս հայտարարել է, որ եթե նախկին նախագահը հրաժարական տա եւ վերադառնա Բիշքեկ, նրա անձնական անձեռնմխելիությունն ու անվտանգությունը կապահովվի։