Նոյեմբերի 24-ից սկսած 5 օրվա ընթացքում ՀՅԴ-ն կանցկացնի նախագահի թեկնածուի իր ընտրությունները, որի միջոցով էլ, ըստ ՀՅԴ ԳՄ մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանի` կպարզի, թե հասարակությունը դաշնակցական թեկնածուներ Արմեն Ռուստամյանից եւ Վահան Հովհաննիսյանից որին է գերադասում տեսնել ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում: Սակայն անհասկանալի է, թե ինչու է ՀՅԴ-ն նման շոուներ կազմակերպում, եթե հայտարարում է, որ այդ ընտրությունների արդյունքները որեւէ կերպ չեն ազդելու ՀՅԴ ԳՄ նոյեմբերի 30-ին կայանալիք Արտակարգ ժողովում ընդունվելիք արդյունքների վրա: Գերագույն ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ որպես նախագահի թեկնածու կառաջադրի կագմ Վահան Հովհաննիսյանին, կա՛մ Արմեն Ռուստամյանին: Ս. Սեյրանյանն «Ազատությանն» ասել է, որ գրեթե ամեն ինչ լինելու է համապետական ընտրությունների նման` լինելու են քվեաթերթիկներ, քվեատուփեր: Այս քվեարկությունը, սակայն, անցկացվելու է փողոցում տեղադրված վրաններում: «Երեւանում ամեն համայնքում կլինի մեկ վրան, եւ կենտրոնում` մի քանիսը, նաեւ` բոլոր մարզերում: Կլինեն նաեւ շրջիկ քվեատուփեր, երբ մի քանի հոգի քվեաթերթիկներով կմտնեն ուղղակի շենքեր, բակեր եւ մարդկանց կառաջարկեն հենց տեղում քվեարկել»,- ասել է նա: