19 տարի անց. փախստականներ եւ ներքին տեղահանվածներ

26/11/2007

Ստորեւ ներկայացնում ենք երկու հարցազրույց հայ եւ ադրբեջանցի փախստականների հետ: Սրանք մարդիկ են, որոնք տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողացել քիչ թե շատ կարգավորել իրենց կենցաղը, հարմարվել նոր պայմաններին: Հաջորդ հինգշաբթի մենք կներկայացնենք հայ եւ ադրբեջանցի այն փախստականների կարծիքները, որոնք, հակառակը, կարծես գտել են իրենց գոյատեւման միջոցները:

«Ռեգիոն» կենտրոն

«Բռնի տեղահանվածի այդ արգահատելի կարգավիճակը»

Հարցազրույց բռնի տեղահանված ԲԱԲԻՐ ԶԵՅՆԱԼՈՎԻ հետ

– Որտե՞ղ էիք բնակվում նախքան փախստական դառնալը: Ի՞նչ ունեցվածք ունեիք (տուն, տնտեսություն):

– Ես ծնվել եմ 1972թ. Շուշիում, մտավորականի ընտանիքում. հայրս քաղաքի գլխավոր ճարտարապետն էր, մայրս դասավանդում էր երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ Ընտանիքում երկու երեխա էինք. ես եւ ինձնից երկու տարով փոքր քույրս։ Ընդհուպ մինչեւ 80-ականների վերջը բոլորի նման մենք ապրում էինք երջանիկ, անհոգ կյանքով եւ հրաշալի պլաններ էինք կազմում ապագայի համար: Հիմա այդ ամենը հեռավոր մի հեքիաթ է թվում: Ամեն ինչ կտրուկ վատացավ 1988 թ., երբ ԼՂ հայերը սկսեցին ակտիվորեն հանդես գալ` Ադրբեջանից պահանջելով ինքնավար մարզի անկախությունը։ Իհարկե, այն ժամանակ մենք, մեր գերմիամտության պատճառով, դեռ չէինք գիտակցում, թե ինչի՞ ենք բախվել, եւ տեղի ունեցողն ընկալում էինք որպես մի անհեթեթ թյուրիմացություն, որը շուտով հօդս կցնդի։ Ավաղ, պարզվեց, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է եւ ողբերգական: Ես սովորում էի ռուսական դպրոցում, որտեղ քիչ չէին հայ ուսուցիչները։ Ինձ հետ միասին սովորում էին բազմաթիվ հայ երեխաներ։ Մեր դասարանի ավագը հայ աղջիկ էր։ Եվ մինչեւ հայտնի գործընթացը կմտներ ակտիվ փուլ, մենք ապրում էինք խաղաղ։ Թեեւ պետք է խոստովանեմ, որ մտածելու պատճառներ արդեն կային։ Օրինակ` հիշում եմ, թե ինչպես հայ երեխաները մեր դասարանում խոսում էին, որ հայերն ամեն ամիս ինչ-որ հիմնադրամի համար փող էին հավաքում։ Նույնիսկ հիշում եմ, որ մի անգամ ես այդ մասին հարցրի ուսուցչին, իսկ նա լուրջ չընդունեց եւ խուսափեց պատասխանից։ Հիշում եմ նաեւ, թե ինչպես էր հայրս կրկնում հանգուցյալ պապիկիս խոսքերը. «Մենք երբեք չենք մոռանա 1905 թվականը», բայց հավանաբար մեր հայրերը մոռացել էին։ Այն ժամանակ դեռ չէինք պատկերացնում, թե ինչ սարսափ է սպասում մեզ։

– Քանի՞ անդամ կա Ձեր ընտանիքում: Որտե՞ղ եք ապրել առաջին տարին տնից ձեզ վտարելուց հետո:

– Ինչպես գիտեք, 1992 թ. մայիսին Շուշիի դավաճանական հանձնումից հետո մենք դարձանք բռնի տեղահանվածներ։ Առաջին տարին մեր ընտանիքին տեղավորեցին Պիրշագիում (գյուղ Ապշերոնի թերակղզում.- Ռ.Գ.)։ Նույնիսկ այդ ժամանակ թվում էր, թե այդ ամենը ժամանակավոր է, որ ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց հիմա, ռազմական գործողություններից տարիներ անց, հայրենական շոու-բիզնեսի զվարճության եւ աղմուկի ներքո «բռնի տեղահանված» դիմելաձեւն արդեն ընկալվում է որպես առօրյա, բնական մի բան։ Բռնի տեղահանվածի կարգավիճակն ունենալուց ավելի ստորացուցիչ եւ արգահատելի բան չկա։ Հիմա կարո՞ղ եք գիտակցել այն հասարակության բարոյական այլանդակությունը, որտեղ մայրաքաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները նախանձում են բռնի տեղահանվածներին միմիայն այն պատճառով, որ վերջիններս ազատված են կոմունալ վճարումներից։

– Ո՞վ եւ ինչպե՞ս էր օգնում Ձեզ: Ինչպե՞ս դասավորվեց Ձեր ընտանիքի անդամների ճակատագիրն այդ տարիներին: Համեմատեք Ձեր վիճակն ավելի հաջողակ, կամ, հակառակը, ավելի դժբախտ հարեւանների, հայրենակիցների վիճակի հետ:

– Մեզ ոչ ոք չի օգնել։ Եթե օգնած լինեին, չէինք դառնա այդ ամոթալի խարանի կրողները։ Իսկ այն, որ ինչ-որ մեկը մեզ տվել է մի տուփ կարագ կամ մի պարկ ալյուր… Շատ եմ ուզում, որ իմ այս միտքն անպայման գրի առնեք, քանի որ ես ավելի քան համոզված եմ՝ մենք սկսեցինք կորցնել մեր հողերն այն պահից ի վեր, երբ մեզ սկսեց հասնել մարդասիրական օգնությունը։ Ավելի լավ կլիներ, եթե մեզ կարտոֆիլ կամ սոխ ուղարկելու փոխարեն՝ օգնեին գլուխ հանել հայկական ռազմականացված ուժերից։ Նույն բանը կարելի է ասել եւ ներկա վիճակի վերաբերյալ։ Հողերը վերադարձնելու փոխարեն՝ իշխանությունը քաջաբար զեկուցում է բռնի տեղահանվածներին վրանային ավաններից նրանց համար կառուցված այլ ավաններում վերաբնակեցնելու մասին։ Իմիջիայլոց, վիճակն այստեղ վրանայինից ավելի լավը չէ։ Ահա, ստիպված ես այս ամենը տանելով` ապրել։ Աշխատում ենք` որտեղ ստացվում է, չնչին իրավունքներով։ Այդպես էլ անցնում է ողջ կյանքդ: Ինչ վերաբերում է ձեր վերջին հարցին, ապա, գիտեք, կյանքը տարատեսակ է, այդ թվում եւ՝ բռնի տեղահանվածների համար։ Ինչ-որ մեկը Բաքվում գտել է կարագով հաց, մյուսը չքավոր է, եւ, իհարկե, չքավորները մեր շարքերում, ինչպես եւ առհասարակ ողջ հասարակության մեջ, գերակշռում են։ Իսկ ըստ էության՝ բոլորն էլ բռնի տեղահանվածներ են, եւ վերջ։

– Արդյոք մտածո՞ւմ եք Ձեր նախկին բնակավայրը վերադառնալու մասին: Եթե նման հնարավորություն լինի, Դուք ինքներդ կվերադառնա՞ք:

– Ձեր այդ հարցը համարում եմ ավելի քան ոչ կոռեկտ։ Եթե այդ մասին չենք մտածում, ապա նշանակում է՝ բոլորովին անասունի ենք վերածվել։ Իհարկե, մտածում եմ։ Թե՞ ինչ-որ մեկը լրջորեն համարում է, որ Շուշին կարող է մերը չլինել։ Իհարկե, մենք կվերադառնանք։ Հարց է` ե՞րբ։ Գուցե դա հենց մեզանից էլ կախված է, ի՞նչ եք կարծում…

– Ինչպե՞ս անդրադարձավ Ձեր վիճակը Ձեր երեխաների վրա:

– Իմացեք, ուրեմն, որ ես երեխաներ չունեմ եւ 35 տարեկանում դեռ ընտանիք չեմ կազմել։ Կարծում եմ, պատճառը հասկանալի է. տուն չունեմ, աշխատավարձս թույլ չի տալիս տուն վարձել։ Ահա ստիպված եմ այդպես էլ գոյատեւել:

– Ի՞նչ կարգի խնդիրներ են հիմա ամենից շատ Ձեզ հուզում: Տարբերվո՞ւմ են արդյոք դրանք մյուս փախստականների խնդիրներից։

– Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ունենանք մի խնդիր` օկուպացված տարածքների ազատագրումը։ Բայց մեզ ստիպում են սպասել։ Իսկ ինչ վերաբերում է կենցաղային, նյութական խնդիրներին, ապա այդպիսի խնդիրներ ունեն բոլորը։ Այդ թվում` սոցիալապես անհավասարակշիռ մեր հասարակության մեջ ամենաապահով մարդիկ։ Պարզապես մեկը մտածում է հանապազօրյա հացի մասին, իսկ մյուսը` ծովի լավագույն տեսարանով «բոհամյան» հյուրանոցի հարկաբաժնի։

Զրուցեց Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵՆ