– Որտե՞ղ եւ ինչպե՞ս էիք ապրում նախքան փախստական դառնալը:
– Բաքվի կենտրոնում էինք ապրում` Աղա Նեյմատուլայի 23 հասցեում: Մեր բնակարանը 3 սենյականոց էր, 8 հոգով էինք այդ տանն ապրում` ծնողներս, մեծ եղբայրս՝ իր կնոջ եւ 2 երեխաների հետ, փոքր եղբայրս ու ես: Ամենեւին նեղվածք չէր, եւ առանձնապես չենք էլ մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը պետք է առանձնանա: Մեծ ընտանիքով հաշտ ու համերաշխ, երջանիկ էինք, ամեն ինչով ապահովված: Չեմ կարող ասել, որ հարուստ էինք, բայց մեր կենսամակարդակը միջինից բարձր էր: Հայրս ու եղբայրներս քաղաքում հայտնի դերձակներ էին. մեծ եղբայրս արտելի փոխտնօրենն էր: Այս արհեստը նրանց փոխանցվել է ժառանգաբար: Մենք արմատներով Արցախից ենք` Հադրութի շրջանից, աշուղ Առուստամի տոհմից: Նա հա՛մ գուսան է եղել, հա՛մ դերձակ, հա՛մ էլ գիտնական, գրքեր ունի գրված տարբեր լեզուներով, նույնիսկ` արաբերեն եւ պարսկերեն: Հայրս Բաքու է տեղափոխվել 16 տարեկանում, մայրս` 14: Ես Բաքվում եմ ծնվել-մեծացել, բայց սովորել եմ Երեւանում, Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում: Մասնագիտությամբ մանկավարժ եմ, սակայն ավարտելուց հետո աշխատանքի անցա Բաքվի Քաղաքային խորհրդում, կադրերի բաժնի պետն էի:
– Քանի՞ անդամ կա Ձեր ընտանիքում: Որտե՞ղ եք ապրել առաջին տարին, Ձեր տնից Ձեզ վտարելուց հետո:
– Երբ հայտնի իրադարձությունները սկսվեցին, մենք տեղափոխվեցինք Երեւան, 1988թ. դեկտեմբերն էր: Այստեղ մարդիկ օգնեցին, ու եղբայրս կարողացավ մեր տունը փոխանակել Երեւանից հեռացող մի ադրբեջանցու բնակարանի հետ: Բայց մեր տունը շատ ավելի լավն էր: Սա երկու սենյականոց էր, սենյակներն էլ` շատ փոքր, մանրահատակը` պոկած: Ամբողջ ընտանիքով` ութս էլ, տեղավորվեցինք այս բնակարանում, հետո բոլորս գրանցվեցինք այդ տանը:
– Ո՞վ եւ ինչպե՞ս էր օգնում Ձեզ: Ինչպե՞ս դասավորվեց Ձեր ընտանիքի անդամների հետագա ճակատագիրը: Համեմատեք Ձեր վիճակն ավելի հաջողակ կամ ավելի վատ պայմաններում գտնվող հարեւանների, հայրենակիցների հետ:
– Կարելի է ասել` մեզ օգնող չկար. միայնակ էինք մնացել մեր պրոբլեմների հետ: Պետությունից տարիներ շարունակ ոչ մի լումա չենք ստացել: Ինչքան էլ ասեն, որ այդպես չէ, միեւնույն է. հասարակությունը տարբերություն դնում է փախստականների եւ ոչ փախստականների միջեւ: Ասում են` հայերի հեռանալուց հետո Ադրբեջանում մի թեւավոր խոսք է տարածվել` «լավ գլուխ եւ ոսկի ձեռքեր ունեցողները գնացին»: Իսկ այստեղ պետությունը մեզ անուշադրության մատնեց: Մինչդեռ փախստականների մեծամասնությունը բարձրագույն կրթություն ունեին եւ իրենց մասնագիտության մեջ արհեստավարժ էին: Երեւանում մեծ եղբայրս իր արհեստով էր զբաղվում` դերձակությամբ: Ամբողջ ընտանիքին նա էր կերակրում: Բայց 7 տարի առաջ նա սրտի կաթված ստացավ. հրաշքով է ողջ մնացել: Հիմա առաջին կարգի հաշմանդամ է եւ էլ չի կարողանում աշխատել: Իսկ նրա կինն անբուժելի հիվանդ է. քաղցկեղ ունի:
Փոքր եղբայրս ամուսնացավ, առանձնացավ, վարձով էր ապրում, երեխա ունեցավ: Բայց ճակատագիրը նրանց էլ բաժանեց. կինը երեխային վերցրեց եւ մեկնեց Ռուսաստան` իր հարազատների մոտ: Մինչեւ հիմա եղբայրս վարձով է ապրում եւ հազիվ է չոր հացի փող հայթայթում: 1989թ. ես ծանոթացա արցախցի մի տղամարդու հետ, ամուսնացանք: Սակայն արցախյան շարժումը սկսվել էր, եւ նա մեկնեց Ստեփանակերտ` ինձ թողնելով եղբորս տանը: 90-ին առաջին երեխայիս կորցրի` սթրեսային վիճակի եւ հոգեկան ապրումների հետեւանքով: Ամուսինս կռիվների արանքում գալիս էր Երեւան ինձ տեսնելու: 1992թ.նորից պիտի երեխա ունենայի: Գնացի Արցախ` ամուսնուս մոտ: Վեց ամիս անմարդկային պայմաններում եմ ապրել` կիսաքանդ շենքի նկուղում, ռմբակոծությունների տակ: Հենց երեխայի քառասունքը լրացավ, ամուսինս մեզ ուղարկեց Երեւան: Ցուրտ ու մութ տարիներն էին, քաղցած էինք քնում: Մինչեւ երեխայի մեկ տարեկանը ամուսինս դեռ մեզ հետ կապ ուներ, բայց հետո մոռացավ մեզ: Չգիտեմ` ինչո՞ւ, երեւի էլ իրեն պետք չէինք: Երբ եկանք Հայաստան, մի քանի ամիս անց` 1989թ., ծանր ապրումներից մայրս մահացավ: 93-ին կյանքից հեռացավ նաեւ հայրս: Եթե երեխայիս ծննդյան օրը չհաշվեմ, ոչ մի լավ օր չեմ հիշում: Ճիշտ են ասում, որ եթե մարդն իր հարազատ «բույնը» լքում է, վերջ, սկսվում են ձախորդությունները:
– Արդյոք մտածո՞ւմ եք Ձեր նախկին բնակավայրը վերադառնալու մասին: Եթե նման հնարավորություն լինի, Դուք ինքներդ կվերադառնա՞ք:
– Այլեւս հնարավոր չէ, որ վերադառնանք Ադրբեջան եւ առաջվա նման ապրենք: Ինչո՞ւ մտածեմ մի բանի մասին, որը չի լինելու: Բայց շատ կուզենայի գոնե մեկ անգամ տեսնել իմ սիրելի քաղաքը` Բաքուն: Անընդհատ երազումս հայտնվում է մեր հին կյանքը, իմ հարազատ քաղաքը: Չգիտեմ` հիմա ինչպես է, բայց այն ժամանակ Բաքուն ինտերնացիոնալ քաղաք էր: Բոլորս, նույնիսկ ադրբեջանցիները, ռուսերեն էինք խոսում: Շատ լավ հարեւաններ ունեինք: Համարյա բոլորին մտաբերում եմ: Երանի այդ տարիները:
– Ինչպե՞ս անդրադարձավ Ձեր վիճակը Ձեր երեխայի կյանքի վրա:
– Շատ ծանր: Մինչեւ 2002թ. մենք ապրել ենք եղբորս տանը: Ոչ մի օգնություն չէինք ստանում: Բազում անգամներ օգնության խնդրանքով դիմել եմ տարբեր կազմակերպությունների, պետական կառույցների: Նույնիսկ նպաստ չէին տալիս: Ասում էին` դուք գրանցված եք ձեր եղբոր տանը, նպաստ չի հասնում: 2001թ. դեկտեմբերն էր: Գնացի Ֆ. Նանսենի անվան դպրոց, տնօրենից աշխատանք խնդրեցի: Բնական է, որ իմ քայքայված հոգեկանով ու նյարդային համակարգով որպես ուսուցիչ չէի կարող մտնել դասարան. հավաքարարի աշխատանք էի խնդրում: Տղաս հետս էր: Երբ տնօրենն իմացավ, որ նա արդեն 8 տարեկան է, բայց դպրոց չի գնում, զայրացավ: Երեխայի հարցերով սկսեց ինքը զբաղվել, եւ Ամանորի արձակուրդներից հետո տղայիս ընդունեց իր դպրոց: Նա շատ խելացի երեխա է. կես տարում ամբողջ առաջին դասարանի ծրագիրը յուրացրեց: Տնօրենը մեզ հետ միասին դիմումներ գրեց տարբեր մարմինների: Ի վերջո, 2002թ. Նոր Նորքի հանրակացարանում մեզ հատկացրին այս սենյակը: Դրանից հետո արդեն նպաստ էլ ստացանք: Այսօր երեխային հատկացվող գումարի հետ պետությունից ստանում ենք ամսական 12 հազար դրամ: Բայց ինչքան երեխան մեծանում է, այնքան նրան տրվող գումարը նվազեցնում են: Ասես` նա էլ կոշիկ չի հագնում կամ չի սնվում:
Առաջ ես առողջություն ունեի, աշխատում էի, ուրիշների տներն էի մաքրում: Հիմա էլ չեմ կարողանում. հաճախ անկողին եմ ընկնում: Տղաս է աշխատում: Գնում է տարբեր տեղեր, շինարար բանվորներին օգնում, 1000-2000 դրամ վաստակում: Դպրոց էլ նորմալ չի հաճախում:
– Ի՞նչ կարգի խնդիրներ են հիմա ամենից շատ Ձեզ հուզում: Տարբերվո՞ւմ են, արդյոք, դրանք մյուս փախստականների խնդիրներից:
– Բնակարան ունենալու համար չեմ մտահոգվում: Այս շենքում առաջ մոտ 60 փախստական ընտանիք էր ապրում: 2005 թվականից տարեկան 20 ընտանիքի վիճակահանությամբ հատկացվում է բնակարանի գնման վկայագիր: Ինձ էլ է բնակարան հասնում: Երեք անգամ մասնակցել եմ վիճակահանությանը, սակայն բախտս չի բերել: Հիմա մնացել ենք 19 հոգի, եւ եկող տարի բոլորիս, առանց վիճակահանության, վկայագրեր են տալու: Ինձ միայն հացի խնդիրն է հուզում, ապրելու կռիվ ենք տալիս: Տղաս աշխատում է, եւ դա կործանում է նրա ապագան. ուսում չի ստանում: Ես ու որդիս շատ վատ կյանք ենք ունեցել: Մեծ դժվարությամբ եմ նրան մեծացրել: Եղել են դեպքեր, որ ուրիշներից գումար եմ խնդրել: Սակայն քիչ թե շատ մոտիկ մարդկանցից, նրանցից, ովքեր հետագայում երեսով չեն տա: Նույնիսկ հիմա, այս վատ պայմաններում, եթե ինչ-որ մեկն ինձնից օգնություն է խնդրում, ու ես այդ պահին թեկուզ շատ փոքր հնարավորություն եմ ունենում, չեմ մերժում, մի բան անում եմ: Ոչ ոք չի հասկանա քաղցածին օգնելու գինը, եթե այդ վիճակում չի եղել:
Զրուցեց ԱՐԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆԸ