Կոնսուելո Վիդալը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մշտական համակարգողն է եւ Միավորված ազգերի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Մշտական ներկայացուցիչը Հայաստանում: 2005թ. ընդունելով այս պաշտոնը` տիկին Վիդալը համակարգում է ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԶԱԾ) 2005-2009թթ. աշխատանքները: Այս ծրագիրն իր մեջ միավորում է մի շարք նախագծեր` միտված տնտեսական աճին, համայնքների կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ ժողովրդավարական կառույցների ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում: Տիկին Վիդալը համագործակցում է ՀՀ կառավարության հետ` մասնավորապես ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների եւ ՀՀ-ում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի համատեքստում: Նրա նախաձեռնություններն ապահովել են ՀՀ քաղաքացիական հասարակության վճռական աջակցությունը` ձեռներեցներից մինչեւ երկրի հեռավոր անկյուններում ընկած համայնքները:
– Ձեր կարծիքով՝ ո՞րն է Հայաստանի ամենաթերագնահատված ասպարեզը:
– Ինձ թվում է, հայերն իրենք էլ լիարժեք կերպով չեն գիտակցում իրենց սեփական մարդկային ռեսուրսների ներուժը: Զարգացման գործունեությամբ զբաղված օտարերկրացիները պարզորոշ կերպով տեսնում են, որ Հայաստանում գոյություն ունի հսկայական մարդկային կապիտալ` սոցիալական հրաշալի մի կառույց, որը ձգտում է առաջընթացի` մի երեւույթի, որին հայ հասարակությունը դեռեւս լիովին ծանոթ չէ եւ որին այն պետք է միաձուլվի` հանուն Հայաստանի զարգացման: Հակադրենք այս իրավիճակը սփյուռքահայության մասնագիտական եւ ձեռներեցական ակնառու հաջողություններին արտերկրում: Ինչո՞ւ հայերը նման հաջողությունների չեն հասնում իրենց երկրում: Ես կարծում եմ, որ դա մասամբ պայմանավորված է խորհրդային համակարգից ժառանգած հայեցակարգով, որտեղ չէին խրախուսվում նախաձեռնողականությունը եւ գործարարությունը, որտեղ ազատ ելք չէր տրվում ստեղծագործ մտքին: Այդպես եմ ես բացատրում ՀՀ քաղաքացիների եւ արտերկրում նրանց հայրենակիցների միջեւ տարբերությունը: Մարդիկ այստեղ դեռեւս ակնկալում են, որ հրահանգներն ու հիմնահարցերի պատրաստի լուծումները ստացվելու են վերեւից: Նման մտածելակերպը փոխելու համար ժամանակ է պետք:
– Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը խարսխվում է ՄԱԿ-ի Զարգացման աջակցության 2005-2009թթ. ծրագրի վրա: Որո՞նք են այդ ծրագրի հիմնական նպատակները:
– Հայաստանում ՄԱԿ-ը սատարում է սոցիալական, տնտեսական, ժողովրդավարական եւ բնապահպանական կառավարման նպատակներին: Մեր հեռահար երկու նպատակներն են. 1) սոցիալական եւ տնտեսական անիրավահավասարության կանխումը եւ 2) ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների ներգրավման եւ մասնակցության խթանումը: Որքան էլ տարօրինակ թվա, վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացումը նշանակալի դրական արդյունքներ է տվել: Այդուհանդերձ, անհրաժեշտ է նշել, որ այդ զարգացումը հիմնականում սահմանափակվել է Երեւան քաղաքով: Մայրաքաղաքից դուրս` մարզերում եւ հատկապես գյուղական համայնքներում, սոցիալ-տնտեսական անհավասարությունն ու աղքատությունը դեռեւս ակնառու դժվարություններ են ներկայացնում: Խիստ կարեւոր է, որպեսզի շրջաններում ապրող մարդիկ ներգրավվեն Երեւանում ընթացող ժողտնտեսական գործընթացներին: Մյուս կողմից` ես համոզված եմ, որ մենք պետք է օգնենք, որպեսզի քաղաքացիների կողմից տեղական մակարդակում տնտեսական նախաձեռնություններին մասնակցելն ու հետամուտ լինելը դառնա առավել դյուրին եւ արդյունավետ: Այդ առումով քաղաքացիները պետք է առավել ակտիվորեն ներգրավվեն իրենց համայնքների հասարակական կյանքում, տնտեսական եւ ժողովրդավարական գործընթացներում: Քաղաքացիների ներգրավվածությունն ու երկրի տնտեսական զարգացումը շարժվում են համընթաց քայլերով:
– 2003թ. ՀՀ կառավարությունն ընդունեց Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ)` համաձայն ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ), որոնք ներառում են մեծաթիվ բարեփոխումներ եւ տնտեսական զարգացման խնդիրներ ու նպատակներ: Կարծո՞ւմ եք արդյոք, որ զանգվածային աղքատության վերացումը եւ կենսական պայմանների բարելավումն իրատեսական նպատակներ են գալիք տասնամյակի հեռանկարում:
– Կարծում եմ, այո: Վերջին տասը տարիների ընթացքում աղքատության ընդհանուր մակարդակը Հայաստանում զգալիորեն նվազել է: Սա նշանակալի ձեռքբերում է: Այդուամենայնիվ, Հայաստանի շարունակական զարգացումը սերտորեն կապված է շրջաններում սոցիալ-տնտեսական անհավասարության բազմապիսի հարցերի լուծման հետ: Եթե այդ ասպարեզում համատեղվեն ջանքերը` ինչպես Երեւանում, այնպես էլ շրջաններում, կարծում եմ, որ ծայրահեղ չքավորության վերացումը գալիք տասնամյակի ընթացքում իրագործելի խնդիր է: Ես աշխատել եմ յոթ տարբեր երկրներում եւ պետք է ասեմ, որ բավական լավատեսորեն եմ տրամադրված Հայաստանի հարցում:
– ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ` զանազան ծրագրերի առումով: Որպես գործընկեր եւ միջնորդ՝ ինչպե՞ս կարող եք բնութագրել ձեր աշխատանքի փորձը ՀՀ կառավարության հետ:
– Որպես կանոն, Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները սերտորեն աշխատում են Հայաստանի կառավարության հետ: Չմոռանանք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը միջկառավարական մարմին է, ուստի դրա կարեւորագույն կռվաններից մեկն այն է, որ Հայաստանն ինքն էլ ՄԱԿ-ի անդամ է: Դա նշանակում է, որ մեր նպատակներն ընդհանուր են: Մենք գործընկերներ ենք, իսկ ՄԱԿ-ի բոլոր ծրագրերը համաձայնեցված են ՀՀ կառավարության հետ: Նույնը վերաբերում է նաեւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ՄԱԿ-ի ծրագրին` մի նախագիծ, որն արժանացել է ՀՀ կառավարության լիարժեք հավանությանն ու աջակցությանը: Հետեւաբար, կարող եմ ասել, որ ՀՀ կառավարական շրջանների հետ մեր համագործակցությունն առողջ է եւ արդյունավետ:
– Չե՞ք կարծում, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի նախաձեռնությունների համար նպաստավոր կլիներ սփյուռքահայության հետ ռազմավարական գործընկերությունը:
– Մենք արդեն իսկ հսկայական օգուտներ ենք ստանում սփյուռքահայության հետ ռազմավարական գործընկերությունից: Որպես զարգացման գործակալություն` մենք մատնանշում ենք զարգացման կարիքները եւ իրականացնում կոնկրետ ծրագրեր: Սփյուռքի հայությունն օժանդակում է դրանցից որոշների ֆինանսավորմանը: Մեր առաջնային նպատակներին օժանդակում են ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ սփյուռքահայությունը:
– Որո՞նք են այն ուղիները, որոնց միջոցով սփյուռքահայությունը կարող է նպաստել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հաջողությանը ՀՀ-ում:
– Սփյուռքահայության հետ ՄԱԿ-ի հարաբերությունները խորհրդանշական են: Որպես զարգացման գործակալություն` մենք կարող ենք ուրվագծել անհրաժեշտ գործողությունները: Քանի որ Սփյուռքի հայությունը մեծապես շահագրգռված է օգնելու Հայաստանին, ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դառնում է առավել բնականոն եւ սահուն: Մենք միավորում ենք մեր միջոցները, գիտելիքներն ու փորձը: Բացի այդ, մենք` ՄԱԿ-ի աշխատակիցներս, հաշվի ենք առնում սփյուռքահայության կարծիքն ու առաջարկությունները` մեր ծրագրերի առաջնահերթությունը որոշելիս: Ավելի կոնկրետ խոսելով այն ծրագրերի մասին, որոնցով սփյուռքահայությունը կարող է նպաստել ՄԱԿ-ի հաջողությանը Հայաստանում, կարելի է նշել սոցիալ-տնտեսական անիրավահավասարության վերացումը, կրթական, առողջապահական, գյուղական համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման մարմինների հզորացման, ինչպես նաեւ՝ շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրերը: Նշված բոլոր ծրագրային ոլորտներում ներկայումս իրականացվում են մի շարք հեռանկարային նախագծեր` ՄԱԿ-ի զանազան գործակալությունների միջոցով: Դրանց թվում հարկ է նշել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ/WHO), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/UNICEF), ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ/FAO), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ/UNFPA) եւ ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը (ՄԱՁԻԱՀ/UNAIDS):
– Անցյալ տարի ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում մեկնարկեց իր Գլոբալ Կոմպակտ ծրագիրը, որի նպատակն է՝ ընդհանուր սոցիալական պատասխանատվության խթանումը: Վերջերս այդ ծրագիրը հասավ նշանակալի հաջողության, երբ հայկական «Վիվա Սելլ» առաջատար ընկերությունը միավորեց ջանքերը ՄԱԿ-ի հետ` ստեղծելու Արվեստների ու արհեստների կենտրոն հաշմանդամների համար, որի մասնաճյուղերը հիմնվել են Երեւանում եւ Գյումրիում: Ի՞նչ դեր կարող է խաղալ գործարար հատվածը երկրում բարեփոխումների առաջխաղացման ասպարեզում:
– Հայաստանի գործարարները կարող են հիմնարար դեր խաղալ երկրի տնտեսական կայունության խթանման գործում: Խոսքը կորպորատիվ հասարակական պատասխանատվության մասին է, համայնքների ներգրավվածության` մի երեւույթ, որի վառ օրինակն է «Վիվա Սելլի» պես ընկերությունների մասնակցությունը: Սակայն, կոնկրետ ընկերություններից բացի, մենք ջանում ենք ակտիվորեն ներգրավել ողջ գործարար աշխարհը: Օրինակ, մենք հիանալի համագործակցություն ենք ծավալել Հայաստանի Առեւտրականների ու գործարարների միության հետ, որը ՄԱԿ-ի Գլոբալ Կոմպակտ ծրագրի անդամն է եւ մեր սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացների կարեւորագույն մասնակիցը: Երկու ամիս առաջ` մասնագիտական կարողությունների զարգացման եւ առաջնային օղակներում աշխատատեղերի ստեղծման մեր ծրագրերի շրջանակներում, ՄԱԶԾ Գլոբալ Կոմպակտ ծրագիրը հայտարարեց իր «Երիտասարդների առաջխաղացման արահետ» նախագծի մեկնարկի մասին, որը նպատակ ունի աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ապահովել վճարվող աշխատանքով` ուսուցանելով, թե ինչպես կարելի է ներկայանալ պոտենցիալ գործատուին եւ աշխատանք ստանալ: Այս նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ մասնավոր սեկտորի համատեղ ջանքերով, միավորեց 26 հյուրընկալող ընկերությունների, որոնք համաձայնեցին աշխատանքի ընթացքում վերապատրաստել երիտասարդ համալսարանավարտ մասնագետներին: Հանրապետության ամբողջ տարածքում ընտրվեց 60 շրջանավարտ, որոնց սիմվոլիկ աշխատավարձը աշխատանքի/պրակտիկայի 6 ամսվա ընթացքում ապահովելու է ՄԱԶԾ-ն: Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսներն այդ ուսանողներին սովորեցրին կազմել ռեզյումեներ եւ պատշաճ ձեւով ներկայանալ պոտենցիալ գործատուներին: Նախագծի մասնակից կազմակերպություններն արդեն աշխատանք են առաջարկել այդ երիտասարդներից վեցին: Մնացածները կարող են այսուհետ առավել մեծ վստահությամբ աշխատանք փնտրել` ունենալով որոշակի աշխատանքային փորձ:
– Պետական մարմիններում արմատացած կոռուպցիան հայ հասարակության ամենացավալի խնդիրներից մեկն է: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ արդյունավետ լուծում կարելի է գտնել այդ հարցի համար: Հնարավո՞ր է արդյոք արմատախիլ անել այդ երեւույթը: Ո՞րն է քաղաքացիական հասարակության եւ զանգվածային լրատվության միջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
– Այս հարցում բոլորն էլ կարեւոր դեր ունեն խաղալու: Կոռուպցիայի դեմ արդյունավետ կերպով պայքարելու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը հստակորեն դրսեւորի այդ երեւույթն արմատապես վերացնելու իր կամքը, իսկ քաղաքացիները որդեգրեն բացարձակ անհանդուրժողականության դիրք նման դրսեւորումների նկատմամբ:
– Դուք զբաղվում եք նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով` մասնավորապես կանանց, աղքատների եւ հաշմանդամների: Ինչպիսի՞ ռազմավարություն է կիրառում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը` այդ ասպարեզում բարեփոխումների հասնելու նպատակով:
– Մեր ռազմավարությունը երկսայր է.
1. Աշխատել հասարակության կրթման ուղղությամբ: Աշխատել երեխաների, քաղաքացիական ծառայողների, տեղական իշխանության մարմինների հետ: Մեր նպատակն է՝ հասարակության բոլոր խավերում քարոզել այն գաղափարը, որ մարդու իրավունքներն առնչվում են մեր կյանքի բոլոր ասպեկտներին, եւ, որ մենք բոլորս պատասխանատու ենք դրա համար, որ դա պետական մարմինների կամ միջազգային կազմակերպությունների գործը չէ. դա բոլոր մարդկանց պատասխանատվությունն է:
2. Հզորացնել օմբուդսմենի, այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Մենք աշխատում ենք օմբուդսմենի կարգավիճակն ու դերն ամրապնդելու, հասարակայնության համար այն հասանելի դարձնելու ուղղությամբ: Մենք ձգտում ենք հասնել դրան, քանի որ օմբուդսմենն այն միակ օղակն է, որին հասարակությունը վստահում է գերագույն վերահսկիչի դերը, եւ որն ի վիճակի է համապատասխան քայլեր ձեռնարկել, երբ ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները:
– Հավատո՞ւմ եք արդյոք, որ վերջին երկու տասնամյակներում անհամար տառապանքներ կրելուց հետո հայ հասարակությունը կարող է վերջ տալ արտաքին օգնությունից իր կախվածությանը եւ դառնալ հիրավի անկախ` հույսը դնելով միայն իր վրա:
– Իհարկե: Այդ գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է: Իրոք, կար ժամանակ, երբ հայ հասարակությունը կախված էր հումանիտար օգնությունից, սակայն դրա համար օբյեկտիվ պատճառներ կային: Արտակարգ իրավիճակների պայմաններում մենք միշտ շտապել ենք Հայաստանին օգնության հասնելու: Սակայն այսօր մեր աշխատանքը տեղափոխվել է այլ հուն` զարգացման, աղքատության հաղթահարման եւ քաղաքացիական հասարակության ակտիվության խթանման հունը:
– Ի՞նչն եք ամենաշատը հավանում Հայաստանում եւ ի՞նչը ձեզ բոլորովին դուր չի գալիս:
– Առաջին հարցին կպատասխանեմ որպես լատինաամերիկացի. ինձ դուր է գալիս հայկական ընտանիքների մտերմությունը, հայերի մնայուն արժեքները, նրանց տոնախմբությունները, հիանալի կերակուրները եւ այն ջերմությունը, որ հորդում է այդ ընտանեկան հավաքույթներից: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ինձ բոլորովին դուր չի գալիս տրանսպորտի վիճակը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ մեքենա վարում նման ագրեսիվությամբ, ինչու հետիոտին ճանապարհ չեն զիջում: Դա հայ հասարակության տգեղ կողմն է` մի բան, որ երբեք չէի սպասում այստեղ տեսնել:
Հարցազրույցը՝ Սոնա ՀԱՄԱԼՅԱՆԻ