Կալանավայրը պետություն է պետության մեջ, որտեղ գործում են միանգամայն այլ օրենքներ եւ բարքեր: Կալանավայրում հայտնվելու առաջին իսկ օրից հանցանք կատարողը հասկանում է, որ այնտեղ «ապրելու» համար պետք է «մարսել» «գաղութի ճիշտը» եւ լինել «ճշտով» կալանավոր: Ընդհանրապես պատիժը կրած եւ ազատություն ստացած նախկին կալանավորը դրսում երբեք չի բացահայտում, թե ի՞նչ ասել է՝ գաղութում կիրառվող ներքին օրենքներ, քանի որ գողական աշխարհում դրանք մշտապես պետք է մնան կալանավայրի պատերի ներսում: Ասում են, որ վերջին տարիներին գողական աշխարհի ձեւավորած ներքին օրենքների կիրառումը խեղաթյուրվել է, քանի որ այդ աշխարհի որոշ ներկայացուցիչներ սկսել են համագործակցել ուսադիր կրող մարդկանց հետ, ինչը նախկինում անթույլատրելի էր: Չգրված օրենքներից մեկն էլ այն է, որ «ճշտով» գողը չպետք է համագործակցի ուսադիրավորների հետ, ավելին` նրա մոտ ուսադիրավորների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունք պետք է լինի: Կալանավայրում «օրենքով գողը» (կամ «Քերոբը») պետք է լինի բոլորի կողմից հարգանք վայելող մարդ եւ լավ կազմակերպիչ: Նա պետք է կարողանա ապահովել կալանավայրի կարգ ու կանոնը եւ կալանավորների միջեւ որոշիչ հարցերում պետք է լինի վճիռ կայացնողը: Կալանավայրի «Քերոբը» հեղինակություն է համարվում նաեւ ազատության մեջ գտնվելիս, եւ հեռակա կառավարում է գողական աշխարհը: «Զոն նայողին» կալանավայրում տրվում են արտոնյալ պայմաններ` բջջային հեռախոս, հարմարավետ խուց, հեռուստացույց, «պայոկներ», փոխարենը` նա «զոնում» պահպանում է կարգապահությունը: Ընդհանրապես կալանավորները չեն հանդուրժում մարդկային թուլությունն ու տկարությունը: Էությամբ թույլ մարդուն այնտեղ կոտրելն ու «փալաս» դարձնելը սովորական երեւույթ է:
Գոյություն ունեն գաղութում ապրելու եւ հարգված կալանավորի համբավ ձեռք բերելու սկզբունքներ, որոնք խիստ ներքին կանոններ են:
Միանգամայն այլ դրվածք եւ կարգուկանոն է տիրում կանանց գաղութում: Աբովյանում գտնվող Կանանց եւ անչափահասների քրեակատարողական հիմնարկն ավելի շատ նման է հիվանդանոցի: Սակայն, ինչպես բոլոր կալանավայրերում, այստեղ էլ ազատությունը երեւում է մետաղյա ճաղերից այն կողմ: Կանանց քրեակատարողական հիմնարկում կալանավայրերին հատուկ ճնշող ու վախեցնող քրեական մթնոլորտն ավելի մեղմ է: Կանանց եւ անչափահասների քրեակատարողական հիմնարկի պետ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով` այս կալանավայրն էապես տարբերվում է տղամարդկանց համար նախատեսված կալանավայրերից: «Զոնայում» ներկայումս 82 կին է պահվում, որոնցից 38-ը մեկուսարանում են: Պրն Հովհաննիսյանի հավաստմամբ` կանայք ավելի շատ դատապարտվում են խարդախության, գողության, թրաֆիկինգի հոդվածներով եւ ավելի քիչ են սպանության հոդվածով դատապարտվածները: Ի տարբերություն այլ կալանավայրերի` այստեղ չկան հատուկ պատժախցեր: Մինչդեռ պատժված կին կալանավորների համար մեկուսարանում նախատեսված խուց կա: Համեմատելով տղամարդ կալանավորների հետ աշխատելու իր աշխատանքային փորձը` հիմնարկի պետն ասում է. «Կանանց գաղութում չես կարող սանձարձակ կալանավորի հանդեպ ֆիզիկական ուժ կիրառել, ձեռքդ չի գնա: Փորձում ես բացատրելով, համոզելով առաջ անցնել: Երբ այլեւս ոչ մի միջոց չի ազդում` պատիժ ենք կիրառում` մեկուսարանում ենք պահում»: Պատժի մեղմ տեսակներից են նկատողությունը, խիստ նկատողությունը, այնուհետեւ` մեկուսարան տեղափոխելը: Կալանավորի հանդեպ հայտարարված նկատողությունն ու խիստ նկատողությունն ընդգրկվում են անձնական գործի մեջ, ինչը պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում ունենում է բացասական ազդեցություն: Պատժված կալանավորին մեկուսարանում պահելու առավելագույն ժամկետը 10 օր է: Կանանց եւ անչափահասների քրեակատարողական հիմնարկում որոշ կանայք կատարում են վարձատրվող աշխատանք: Հիմնարկի տարածքում գոյություն ունի տնտեսական մաս` լվացքատուն, ճաշարան, որտեղ աշխատելու պարագայում ստանում են 20.000 դրամ, ինչպես նաեւ` զբաղվում են տարածքի մաքրությամբ: Շուտով կբացվի նաեւ կարի արտադրամաս, որտեղ կանայք կարող են աշխատել: Ի դեպ, աշխատանքի դիմաց վճարվող գումարն առձեռն չի տրվում կալանավորներին. այն փոխանցվում է հատուկ հաշվեհամարի վրա, որի սահմաններում կանայք կարող են պատվիրել իրենց համար անհրաժեշտ իրեր: «Հիմա կարգը փոխվելու է: Այստեղ խանութ է բացվելու, որտեղ ամեն ինչ կլինի: Նրանք կարող են իրենց աշխատածի սահմաններում օգտվել այդ խանութից»,- նշում է պրն Հովհաննիսյանը` վստահեցնելով, որ կանանց գաղութում «ղումարի», ալկոհոլային խմիչքների եւ թմրամիջոցների երեւույթը բացակայում է:
«Կարող ա՞ իրանցից պակաս տղա եմ»,- ասում է Անթառամը
Գյումրեցի Անթառամը կանանց գաղութի կրկնահանցագործներից է. մի քանի անգամ դատապարտվել է գողության հոդվածով: Ընդհանուր առմամբ՝ տարբեր հոդվածներով դատապարտվել է 6 անգամ: Ասում է` «Անո՞ւնս ասեմ, թե՞ կլիչկես», սակայն քաշվելով պետի տեղակալի ներկայությունից ու խիստ հայացքից` այդպես էլ չի ասում իր «կլիչկեն»: Ասում եմ` «Դե՛ լավ, կլիչկեդ ասա, մի ամաչի»: «Իյա,- զայրացած տոնով ասում է,- հանաք արինք, չես հասկընո՞ւմ հանաքը: Ես ըդպես խեղճ չեմ, որ ինձ ասես՝ խոսա, նոր խոսամ: Որ խոսամ` կխոսամ, որ չէ, ուրեմն` չէ: Արխային կեցի, ես խեղճ չեմ»: Ասում եմ` «Քեզ էստեղ ո՞նց են դիմում, Անթառա՞մ են ասում»: «Իյա,- ասում է,- խաղերով մտա՞ր, կուտ կուտա՞ս: Հա՛, Անթառամ են ասում, մոռացա՞ր, որ ես ստեղ 100 տարվա ճամփորդ եմ, չես կարա ֆռռցնես»: Ասում է` վերջին անգամ գողացած կահույք գնելու համար 4 տարի են դատապարտել եւ, 2 տարի է, ինչ կալանավայրում է: «Իմ առաջին դատվածությունը չի, մեռնիմ ջանիդ, յա նե պեռվի ռազ զամուժ, մի 3 սռոկ ստեղ եմ, 3-ը ջրած ա, 3-ն էլ` ջըրխընած ա»,- ասում է նա` դժվարությամբ խոստովանելով, որ սա իր 6-րդ դատվածությունն է: Հարցնում եմ` «Էստեղ լավ է, հա՞»: Պատասխանում է` «Ստեղ լավ չի, ջանս, ուղղակի միլիցեքն առանց ընձի չեն կըրնա յոլա գնան: Ո՞նց կըրնա գաղութ բնակավայրը լավը լինի, էն էլ կնոջ համար, որը նորմալ ընտանիք, երեխեք ունի: Երբ որ քիչ մը հանցագործ, գողական կյանքը, կրիմինալ աշխարհը կսիրես` միլիցեքին բարեւ ձեզ կընես: Փողոցայինը կգա՝ 2 գիշեր կքնի, կուզի փախնե: Ընձի պես աշխարհը վառող կնգան ո՞նց կըրնա գաղութը դուր գա»: Անթառամը վստահեցնում է, որ կալանավայրում ինքը փորձում է յուրաքանչյուրի հանդեպ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, այլապես հնարավոր չէ համակերպվել տարբեր բնավորության տեր կանանց հետ: Ասում է, որ իր հումորի ու կատակների տակ մեծ տառապանք կա թաքնված, եւ, եթե հումոր չանի` լաց կլինի: «Բայց դու հըլը վզի վրա նորմալ գլուխ ունեցող, խելացի մարդու հոգուն հարցրա, որ, ո՞նց կըրնա փշալարը կնգան դուր գա, էն էլ, որ մայր է»,- բարկանալով ասում է 3 երեխաների մայր եւ թոռների տեր Անթառամը: 45-ամյա Անթառամն անկաշկանդ խոստովանում է, որ հանցագործ աշխարհն իրեն մշտապես գայթակղել է. «Խոմ սաղ աշխարհը մըլիցա չի՞ լինի, կեսն էլ պետք ա հանցագործ ըլնի: Համ պետք ա միլիցեք ըլնեն, համ էլ` հանցագործներ, թե չէ` աշխարհի վերջը կուգա: Ես սիրել եմ կրիմինալ կյանքը: Ես դառել եմ հանցագործ, որտեւ սիրել եմ, կհասկընա՞ս: Ընձի ճշտով կրիմինալը դուր է եկել: Պրյամոյ իրա մեջի ճիշտը ընձի կդզե: Էս սերունդը թեթեւակի ուրիշ ձեւով կնայի կրիմինալին, բայց մենք հին սերունդ ենք: Ընձի չեն ստիպե, որ դառնամ նարկաման, ընձի դուր է եկե էտի: Մեռնեմ ջանիդ, ես փողատեր եմ, ամեն ինչի հնարավորություն էլ ունեմ, խոսքի օրինակ` կարող ա պաշտոն տաք` չուզենամ վարել»: Կրիմինալը սիրող Անթառամն այն հարցին, թե մինչ կալանավայր տեղափոխվելն աշխատե՞լ է որեւէ տեղ, պատասխանում է. «Մենք չենք աշխատե, խանութներ էլ ունենք, ազգականներ էլ ունենք: Առեւտուր ենք արե, նորմալ ապրող մարդն ի՞նչ պըտի արած ըլնի: Որ ասեմ՝ պուտանկա եմ եղե, կհավատա՞ս, ով ինձ տաներ` կրակը ընգներ: Վառեի, թողեի: Բայց դե, տենցներն ավելի բախտավոր են, ա՛յ ցավդ տանեմ: Զոնի մեջ սաղի հետ կշփվեմ ես, չես կըրնա չշփվես էն մարդկանց հետ, որոնք հետդ ապրում են»: Ասում է, որ կան անձնավորություններ, որոնց չի ցանկանում նկատել, սակայն միեւնույն ժամանակ՝ թույլ չի տալիս, որ տվյալ մարդուն «ցեխ» դարձնեն: «Առաջի անգամ 99 թվին եմ դատվել: Գաղութի կյանքն ինձ չի կըրնա փոխե, որովհետեւ գաղութի կյանքին ես դրսից եմ մասնակցել: Գաղութն ընձի համար սովորական բան է: Ընձի բռնել-ստե բերելը չարժեր, ես դուսն եմ հանցագործ էլե: Գաղութն ընձի համար մանգապարտեզ է, (երգում է.- Լ.Ս.) ծափիկ-ծափիկ-ծիրանիկ… Վոբշըմ չեմ կարա քեզի շատ երկար բացատրեմ, որ տրելեբուզին կսպասեմ, շատ երկար, որ բացատրեմ` քեզի լավ չի էղնի, շատ խորանամ` շատ կխորասուզվես: Ընդհանրապես դրսից մարդիկ հանցագործ կուգան, ոչ թե ստե կդառնան: Ստե պարոն Հարությունյանին (պետի տեղակալն է.-Լ.Ս.) շատ կհարգինք, չմտածես, թե նստած եմ, դրա համար կըսեմ, ես լավ էլ դուխ ունիմ, լավ էլ լեզվանի եմ, պետք ըլնի՝ կարամ ասեմ: Կյանք տեսած կնիկ եմ: Բայց կնանիք կան, որ ընձի դուր չեն գա, իրանց գորձերը հայ կնգան վայել չեն, ասենք` երեխուն են սպանել: Էտի ո՞նց կըրնաս ներես: Երեխեն բոլոր հայ կանանց համար մնում ա երեխա: Դե ասում ես, էդ կնիկն էլ ա նստած, ես էլ կռավաթ գողցած կնիկ ըլնելով եմ նստած: Հանաք կենես, բայց չես կըրնա հարմարվես օրենքին: Ավելի ճիշտ ա, ճշտին, կրիմինալին նայես, քան օրենքին: Ժողովուրդը վինուժդեննի պըտի կրիմինալ դառնա: Ավելի ճիշտ ա, որ գողական դիրքիդ մնաս: Բայց դե գաղութը մընա գը գաղութ, կեղնի պահեր՝ կարող ա իրար զարգենք էլ: Մարդ ենք վերջը: Ես էն անգամ եղել եմ նարկաման, սրսկվել եմ, դրա համար էլ եմ դատվել: Արդեն օրենքը կամպյուտերի պես գիտեմ, ես կըրնամ շատ ուժեղ դատավարություն անեմ: Օրինակ` ընչի՞ պըտի հայ կինը գա, 4 տարի նստի: Պըտի հայ կնոջ պատիվը չգցեն էլի»,- պատմում է Անթառամն՝ ասելով, որ շատ դաստիարակված երեխաներ ու հարսներ ունի: Նա դժգոհում է գաղութում գտնվելու համար, համոզված է, որ կնոջը գաղութում պահելը վայել չէ հայ ազգի դիմագծին: Հարցնում եմ` «Երեխաներդ ո՞նց են վերաբերվում քո գաղութում գտնվելու հանգամանքին»: Պատասխանում է` «Դե՛, ես ըդպես վատ արարք չեմ ըրե, որ վատ վերաբերվեն: Ընենց ծնողներ կան, որ ընենց վատ բաներ են արել, բայց երեխեքը վերաբերվում են, իսկ ընձի պես ծնողին չե՞ն վերաբերվի»: Հարցնում եմ` «Կանանց կալանավայրո՞ւմ էլ է կարեւոր հարգանք վայելելը»: Զայրացած պատասխանում է. «Էդ ի՞նչ եմ էրե, որ չհարգեն: Հելնեմ ջուրը բերեմ, ոտերդ լվամ` կըդզե՞ քեզ: Մեռնիմ ջանիդ, հարազատ, ընգերություն ունենք, պըտի նենց անենք, որ դուսը մեկի երես տեսնենք` պարզերես տեսնենք: Հըբը, ռիսկով մի հատ չապրե՞նք քաղաքի մեջ: Նախագահը, որ նախագահ ա, որ կընստի գահին` ինքը գիտի, որ կնստի գահին, բայց էլի կնայի ժողովրդի ձայնին, պալիտիկա ա, էդ էլ պատվի պալիտիկա ա: Է հա, դատված ենք, բայց հո հարգանքից զրկված չե՞նք: Նախարարությունները, որ ներկա պահին քեզի կղեկավարեն` սաղ դատված տղեք են: Ի՞նչ ա էլե որ…»: Ասում եմ` «Հա, ճիշտ որ, դատված մարդիկ պատգամավոր էլ են դառնում»: Ասում է` «Գիտեմ, մեռնիմ ջանիդ, հելնիմ, պըտի թեկնածությունս դնիմ»: Անթառամը դժգոհում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման համար հանձնաժողովն իրեն 3 անգամ մերժել է: Շուտով նրա հարցը նորից կքննվի, սակայն հույս չունի, թե իրեն վաղաժամ ազատ կարձակեն: «Մտնեմ գը, նայեն գը սֆաթիս ու կմերժեն: Գոնե հարց չեն տալիս: Դեմքիս կնայեն ու կմերժեն»,- ասում է նա:
ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները դատապարտյալների մոտ դժգոհություններ են առաջացրել: Բանն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով ներկայումս պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննում է ոչ թե դատարանը, այլ` անկախ միջգերատեսչական հանձնաժողովը: Այս փոփոխությունը բացատրվում է նրանով, որ կալանավայրի ղեկավարությունը ինքնաբուխ որոշում էր կայացնում հանցագործին վաղաժամկետ ազատելու մասին` անտեսելով այն հանգամանքը, որ ազատություն ստացած մարդը հասարակության համար կարող է վտանգ ներկայացնել: Բացի այդ, կարծիք կար, որ վաղաժամկետ ազատման պատրվակն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Համաձայն Քրեական օրենսգրքի փոփոխությունների` «միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է հանրապետության նախագահի հրամանագրով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան գերատեսչությունների եւ հասարակության այլ ներկայացուցիչներ»:
Անթառամին հարցնում եմ` «Կարոտե՞լ ես ազատությունը»: «Ոնց չէ, մեռնիմ ջանիդ, փակ տեղը տարիներով նստիս՝ չե՞ս կարոտի: Հանձնաժողովը իրան դրել ա խելացի տղու տեղ, ընձի կկտրե: Իրանց վռոդի դրել են լավ աշխատողների տեղ ու կմերժեն, բայց տարիներով նորմալ ինձ պահել եմ, որ ազատություն ստանամ: Արդեն հոգնել եմ, կուզեմ տուն երթամ, էնքան եմ մնացե` ագրեսիվ եմ դառել: Իրանք գիտեն, որ գաղութներում հանցագործ չկա` հանցագործները դուսն են: 3 անգամ մերժել են: Էն անգամ էլ սրսկվել եմ, լավ եմ արել, դուրս եկել ա` սրսկվել եմ: Ինչի՞ պտի չենեմ, կարող ա՞ իրանցից պակաս տղա եմ: Կամ էդ գաղութը ինձի ի՞նչ պըտի փոխե: Կարող ա՞ հասարակությունը պըտի էթար Ամերիկա, բայց որ ես ազատ արձակվա՝ իմ պատճառով վիզա չտան, ես ի՞նչըխ վտանգավոր եմ հասարակության համար որ: Հըմի, որ ես գաղութում եմ, էս հասարակությունը պըտի էթա Ֆրանսիայի դաչե՞քը: Ես հասարակության համար վտանգավո՞ր եմ, ես գաղութում եմ, բայց հասարակությունը պուտանկի պես սաղ օրը ստրիպտիզ բարերից դուրս չի գալիս: Ա՛յ էդ հասարակությունը մեր ժողովուրդն ա: Տռուբեն մե րոպեում 100 թուման կծռեն: Հայ երեխեքին բարերից ու ստրիպտիզ կլուբերից չես կըրնա տուն տանիս: Փոխանակ տեր կայնեն, ժողովրդի համար գործարան շինեն, ժողովրդին աշխատըցնեն: Մարդը գաղութում չի ծնվի, այլ գաղութի մարդ կդառնա»: Անթառամին հարցնում եմ` «Էստեղ ընկերուհիներ ունե՞ս»: «Իյա,- ասում է,- ես նման եմ ընկերուհի պահողի՞: Ընգերներ ունեմ, ընգերներ…»:
«Կալենդառնի սռոկով 11 տարի են տվել»
Դիլիջանցի Անուշը չի ցանկանում խոսել քրեական այն գործի մասին, որով դատապարտվել է: Գիտակցում է արարքի դաժանությունը, դրա համար էլ խուսափում է պատմել, թե ինչպես է ամուսնու հետ իր մեկ ու կես տարեկան երեխային խորովել: 2002 թվականից կանանց կալանավայրում է, իսկ ամուսինը` Կոշում. «Սկզբում շատ ծանր էի տանում, չէի հարմարվում գաղութի կյանքին, բայց կամաց-կամաց սովորեցի: Էս փակ տեղում յոլա եմ տանում, մինչեւ տենամ վերջս ի՞նչ կըլնի»,- ասում է 32-ամյա Անուշը: Բացի այրած երեխայից՝ նա ունի նաեւ 10 տարեկան աղջիկ, որին Անուշի մայրն է խնամում: Երեխան տեղյակ չէ մոր արարքի մասին եւ նույնիսկ չգիտի, որ մայրը գաղութում է: Նրան խաբել են, թե մայրը հիվանդանոցում է: «Հետո, երբ դուրս գամ, իրան կասեմ որտեղ եմ եղել: Ավելի լավ ա ինձանից իմանա, քան թե ուրիշից իմանա ու ինձ չների, աղջիկ երեխա ա` դժվար կլինի: Հիմա փոքր ա, ինձ չի հասկանա, բայց հենց 15-16 տարեկան դառնա` կասեմ: Ծնողներիս, ախպորս, հարսիս ասել եմ` դուք չպատմեք, ես կազատվեմ` կպատմեմ»,- ասում է նա ու վստահեցնում, որ աղջիկը հոր անունն ընդհանրապես չի ուզում լսել: «Գիտի, որ հերը գաղութում ա, բայց չգիտի, որ մենք իրար հետ ենք էդ բանն արել: Գիշերօթիկում ա սովորում: Որ զանգում եմ, ասում ա` մամա ջան, կարոտել եմ»,- պատմում է Անուշն` ասելով, որ երեխան առաջ շատ էր լաց լինում, իսկ հիմա անհամեմատ համակերպվել է, որ միայն մոր ձայնը պետք է լսի: Հարցնում եմ` «Հարազատներդ գալի՞ս են քեզ տեսակցելու»: Պատասխանում է` «Հերս տարին մի անգամ գալիս ա: Ինձ լավ են վերաբերվում, բայց ահավոր վատ են ապրում, դրա համար ուշ-ուշ են գալիս»: Մինչեւ դատապարտվելն Անուշն աշխատել է Դիլիջանի շշերի գործարանում: Ասում է` «Հենց դուրս եկա` կաշխատեմ: Ավելի լավ ա՝ էթամ հայաթներում հավաքարարություն անեմ, քան էլի ստեղ գամ: Իմ մաշկի վրա զգացել եմ ստեղի դառնությունը: Բայց դե՛, ինչքան զանգում եմ, զգում եմ՝ դրսում վիճակը ավելի ա վատանում: Կալենդառնի սռոկով 11 տարի են տվել, բայց պայմանականով երկու տարի 4 ամիս ա մնացել: Գիտեմ, որ պիտի մերժեն վաղաժամ պայմանականով ազատել ինձ: Տենց եմ մտածում, որ մերժեն` չկոտրվեմ»,- ասում է Անուշն ու ավելացնում, որ գաղութն ու դատապարտյալներն իր ժամանակավոր տունն ու ընտանիքն են:
«Թմրադեղի պարկուճները կուլ է տվել»
32-ամյա Քրիստինեն խոսում է գրագետ եւ բավական կոկիկ տեսք ունի: Մինչ դատապարտվելը նորմալ աշխատանք է ունեցել, նույնիսկ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ եղել է ընտրական տարածքային հանձնաժողովի անդամ: Առանձնապես խոշոր չափերի թմրադեղերի իրացման համար դատապարտվել է 7 տարի 5 ամիս ազատազրկման: Քրիստինեն Թեհրանից ՀՀ թմրադեղ բերելու համար 155 գրամ ափիոն տեսակի թմրադեղերով պարկուճներ է կուլ տվել, որ տեղ հասցնի: Թմրադեղերի բիզնեսով զբաղվողները հազար ու մի ձեւ են մտածում թմրադեղը մաքսանենգ ճանապարհով հասցեատիրոջը հասցնելու համար: Պարկուճներ կուլ տված Քրիստինեն որոշ քանակությամբ էլ օգտագործել է, որպեսզի ճանապարհին զուգարան գնալու ցանկություն չունենա, սակայն Հայաստան հասնելուն պես այդ պարկուճներից մի քանիսն օրգանիզմի մեջ պայթել են: Մի քանի ամիս է, ինչ կալանավայրում է: «Եթե օրենքով նայենք, ապա ես միջնորդ եմ հանդիսացել, ոչ թե վաճառող: Առքուվաճառքի հետ կապ չեմ ունեցել, չեմ զբաղվել էդ գործով, ուղղակի միջնորդի դեր եմ կատարել: Ավելի շատ ծուղակի մեջ եմ ընկել»,- վստահեցնում է 2 երեխաների մայր Քրիստինեն: Պատմում է, որ մեկնել է Թեհրանից աղանդեր բերելու եւ բիզնես անելու: «Մոտեցավ օրը, երբ պետք է վերադառնայի Հայաստան: Էդ ընթացքում ինձ ծանոթացրին մի պարսկահայի հետ, որն օգնում էր ինձ աղանդերն առնելու հարցում: Գալուց առաջ ինձ ասեցին՝ կամ պետք է թմրադեղը տեղափոխես Հայաստան, կամ չես գնա Թեհրանից: Շատ սպառնացին, մինչեւ անգամ ասեցին, որ կսպանեն, խուճապի մատնվեցի»,- պատմում է Քրիստինեն` առանձնահատուկ սառնասրտությամբ` ասելով, որ ափիոն տեսակի թմրադեղով փաթեթավորված 10 պարկուճ է կուլ տվել, որպեսզի տեղափոխի Հայաստան: Որոշ քանակությամբ թմրադեղ էլ օգտագործել է, որպեսզի ստամոքսը դիմանա, մինչեւ տեղ հասնի: «Եթե կուլ չտայի` չէի գա Հայաստան, կսպանեին: Քանի որ ես նախօրոք 2 գրամի չափ թմրադեղ էի օգտագործել, արդեն չէի գիտակցում, թե ինչ եմ անում: Չեմ հիշում` ոնց եմ օդանավակայանից անցել, չեմ հիշում, թե ոնց եմ 8 ժամ տանը եղել: Իմ կուլ տված պարկուճներից օրգանիզմիս մեջ բացվեցին, շունչս կտրվում էր, դեմքս այտուցվեց, դուրս տվեց: Տարան հիվանդանոց ու տենց… Դատարանի որոշմամբ` հարկադիր բուժում են նշանակել, բայց ես դեղի կախվածություն չունեմ, ինձ լավ եմ զգում»,- պատմում է Քրիստինեն` ասելով, որ երեխաների համար շատ է տառապում: Նա խնդրեց լուսանկարում իր դեմքը ցույց չտալ` պատճառաբանելով, որ երեխաներն ամաչում են իր համար: «Շատ վատ են: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում 3 ամիսը մեկ են թույլ տալիս տեսակցություն: Շատ եմ կարոտում: Երեխաներին ասել էին` հիվանդանոցում եմ: Տեսակցությունից հետո երեխաներս ասել են, որ մաման հիվանդանոցում չէր, իրանք բժշկի շորերով չեն: Բակի երեխաները կողքից ասում են, թե` իմ մաման ասում ա, որ քո մամային «02»-ով ցույց են տվել, կամ` քո մաման թունավոր բաներ ա կուլ տվել: Զանգում, լաց ա լինում երեխես»: Քրիստինեն պատմում է, որ ամուսնալուծված է: Ամուսինն Ուկրաինայում է, իսկ հարազատներին նա չի զանգահարում եւ չի ցանկանում տեսնել: Ամաչում է: Ասում է, որ մայրը սարսափելի ծանր է տանում իր արարքը, չի համակերպվում այն մտքի հետ, որ աղջիկը գաղութում է:
Հ.Գ. Հաջորդ համարում կներկայացնենք մարմնավաճառության, մի շարք գողությունների մեջ մեղադրվող կանանց եւ 4 հոգու սպանության մեջ մեղադրվող 70-ն անց տատիկի պատմությունները: