Մշակույթի գործիչները սկաֆանդրներով են քայլում

26/11/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի փոխտնօրեն Եկատերինա Սելեզնյովան շատ հմայիչ կին է: Նրա խոսելաոճը, մտքերը, զրուցակցին ուշադիր լսելու ու մշակույթի մասին սրտի թրթիռով խոսելու կարողությունը հիշեցնում է, որ ռուս ժողովրդի ամենամեծ հարստությունը ոչ թե գազն ու նավթն են, այլ` մարդիկ: Այն ռուս ինտելիգենտները, որոնք կարող են խելացի, կարեկից ու համբերատար լինել: Ռուսաստանի գլխավոր թանգարանի փոխտնօրենի հետ մեր զրույցը տեղի ունեցավ Աստանայում, որտեղ հավաքվել էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ` խոսելու ընդհանուրի մասին: Եկատերինա Սելեզնյովայի համար ընդհանուրը մարդն է, որն ըստ իր դիտարկման` հիմա շատ լավ գիտի` ինչ է ուզում այս կյանքից: Մշակույթը նրան քիչ է հետաքրքրում: Եվ դա մշակույթով զբաղվող մարդկանց մեղքն է:

– Դուք նկատե՞լ եք, որ արվեստի մասին սովորաբար թերթերը քիչ են գրում, իսկ մշակութային իրադարձությունները հազվադեպ են «top-news» դառնում: Ինչո՞ւ է այդպես:

– Ինձ թվում է, որ հիմա մեր մամուլը արվեստի մասին սկսում է գրել ու խոսել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունենում՝ ինչ-որ բան են գողանում, երբ արվեստի հիմնարկները որոշակի գումար չեն հաշվառում կամ արվեստով զբաղվող որեւէ մեկը սկանդալային պատմության մեջ է հայտնվում։ Այդ դեպքում արվեստը հայտնվում է նորությունների մեջ։ Իսկ պարզապես գրել այսօրվա արվեստի իրադարձությունների մասին, կարծես թե, ոչ ոք չի ուզում, դա մոդայիկ չէ։ Արվեստի տեսաբանները գրում են իրար համար, նրանք չեն գրում այն մարդկանց համար, որոնց դա կարող է պետք գալ, որոնք չգիտեն արվեստի մասին։ Ընդհանրապես մեր հասարակության խնդիրը (կարծում եմ, այդպես է նաեւ ողջ աշխարհում) կայանում է նրանում, որ ոչ թե կուլտուրան է պակասում, այլ` պակասում են կուլտուրական մարդիկ։ Կուլտուրական մարդիկ քիչ են եւ հիմնականում միայն իրար հետ են զրուցում, իսկ հասարակության մեծամասնությունն ավելի ու ավելի է հեռանում եւ՛ կրթությունից, եւ՛ արվեստից։ Ես այդտեղ չլուծված խնդիրների շարան եմ տեսնում։ Առաջին հերթին մենք պետք է խոստովանենք, որ բոլորս գտնվում ենք սովետական շտամպների գերության մեջ, մենք անընդհատ կարծում ենք, որ արվեստով պետք է դաստիարակենք։ Հասուն մարդկանց դաստիարակել պետք չէ, մարդը մանուկ հասակում, ընտանիքում է դաստիարակվում։ Իսկ այն երիտասարդին, որն արդեն մորուք ունի` ուշ է դաստիարակել։ Երիտասարդները շատ լավ եւ չափազանց հստակ գիտեն՝ ի՞նչ են ուզում ստանալ կյանքից։ Եվ շատ ցավալի է, որ կրթությունն ու դաստիարակությունը նրանց արժեքային այդ համակարգի մեջ չեն մտնում։ Նույնիսկ սովետական տարիների բանվորը հասկանում էր, որ կուլտուրական չլինելը սխալ է, ամոթ է։ Եվ երբ նա զգում էր, որ գուցեեւ ինքն այնքան էլ կուլտուրական չէ, նա երբեք դա չէր ցուցադրում եւ, առավելեւս, չէր գովազդում։ Իսկ հիմա մարդիկ, որպես կանոն, հպարտանում են կուլտուրայի բացակայությամբ, դա մեր օրերի մոդան է։ Ես բնավ էլ չեմ ուզում փնթփնթան թանգարանի աշխատողի նմանվել, բայց ես տեսնում եմ, որ մեր պետությունները, նաեւ՝ ձերը, մարդկանց ոչ կուլտուրական լինելու են պատրաստում։ Ասացեք խնդրեմ, դուք ձեր հեռուստատեսությամբ տեսնո՞ւմ եք լավ գրքերի, լավ ներկայացումների, լավ ցուցահանդեսների գովազդներ։ Կարծում եմ` ոչ։ Փոխարենը՝ գարեջրի եւ այլ խմիչքների առատ գովազդ եք տեսնում։ Մենք հաճախ չենք նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մեզ հետ։ Իսկ դրանք ակնհայտ են։ Վերջերս շվեյցարացի իմ մի ընկերոջ հետ քայլում էինք Մոսկվայի կենտրոնով, եւ նա ապշել էր՝ տեսնելով, որ անխտիր բոլոր երիտասարդները, նաեւ՝ աղջիկները, փողոցում գարեջուր են խմում։ Դա տգեղ է, սխալ է, վուլգար է, վերջիվերջո։ Եվ մենք այդ վուլգար ապրելակերպը գովազդում ենք ու կյանք ենք մտցնում։

– Գովազդելով թանգարանը կամ թատրոնը՝ կարելի՞ է մարդկանց դրդել արվեստի հիմնարկներ գնալ:

– Գովազդից բացի, յուրաքանչյուր երկրում պետք է արվեստի հիմնարկներ հաճախելու որոշակի անվճար ժամեր լինեն։

– Տրետյակովյան պատկերասրահն ունի՞ այցելության անվճար ժամեր:

– Թանգարանները չեն կարող դա ինքնակամ անել։ Մենք պետական հիմնարկ ենք եւ պարզապես իրավունք չունենք սեփական նախաձեռնությամբ անվճար այցելություններ հայտարարել։ Հիմա ամեն բան հսկողության տակ է, եթե մենք մեր դռներն անվճար բացենք որոշակի տարիքի կամ խավի մարդկանց առջեւ, մեզ կասեն՝ դուք շահույթ եք բաց թողել։ Հանձնաժողովը մեզ պարզապես դատի կտա։ Այդ հարցը օրենսդրորեն պիտի լուծվի։ Ողջ աշխարհում մինչեւ 18 տարեկան մարդկանց համար հսկայական զեղչեր են սահմանված, իսկ մեր թանգարանում ամսական միայն մեկ օրն է անվճար այցելությունների օր հայտարարված։ Եվ այդ իրավիճակը հանգեցրել է նրան, որ մեր հիմնական այցելուները թոշակառուներն են դարձել, քանի որ նրանք են անվճար թանգարան մտնում։

– Կարծես թե մարդը սկզբում մանուկ ժամանակ է թանգարան գնում, իսկ հետո արդեն ծեր տարիքում։ Ինչո՞ւ։

– Դպրոցականները թանգարան էքսկուրսիայի են գալիս ու հեռանում այն տպավորությամբ, որ թանգարանն այլեւս իրենց համար հետաքրքիր լինել չի կարող, որ իրենք ամեն ինչ տեսել են եւ ոչ մի նոր բան այլեւս թանգարանում չեն հանդիպի։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ուզում ենք ամեն գնով յուրաքանչյուր այցելուի դաստիարակել։ Դաստիարակել հարկավոր չէ, հարկավոր է մարդկանց ստեղծագործական պրոցեսի մեջ «ներքաշել»։

– Ինչպե՞ս:

– Դա շատ բարդ է։ Հիմա կրթությունը կտրված է պրակտիկայից։ Երիտասարդները, որոնք սովորաբար ուզում են ամեն ինչը միասին ու միանգամից ստանալ, աշխատելու տեղ չեն գտնում, քանի որ արվեստի հիմնարկներում աշխատում են մարդիկ, որոնք վաղուց արդեն պետք է թոշակի գնան ու իրենց տեղերը երիտասարդներին զիջեն։ Թանգարանային աշխատողների միջին տարիքը 45-50 տարեկան է, եւ դա մեծ խնդիր է։ Երիտասարդները թանգարանում տեղ չունեն։ Տրետյակովյան պատկերասրահն, օրինակ, շատ է ուզում ստաժորներ հավաքել տարբեր երկրներից, սովորեցնել նրանց, բայց մենք դրա իրավունքը՝ համապատասխան արտոնագիրը չունենք։ Մեզ մոտ ընդունված է, որ ցուցադրության համակարգող կարող է լինել այն մարդը, որն առնվազն տնօրենի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ Իսկ դա շատ արատավոր պրակտիկա է։ Վստահ եմ, որ հասարակության համար հետաքրքիր մատուցումը կարող են միայն երիտասարդները գտնել՝ իրենց ամբիցիաներով, իրենց զգայունությամբ, իրենց սխալներով։ Ես խորապես համոզված եմ, որ ոչ մի նախագիծ հաջող չի լինի, եթե դրա ստեղծողներն աշխատել են 36,6 մարմնի ջերմաստիճանով։ Նախագծերի մեջ պետք է տենդ, անկայուն շնչառություն լինի։ Եվ միայն այդպես՝ շոշափելով, կարելի է գտնել այն ճանապարհը, որը մարդկանց թանգարան կբերի։ Արվեստի բուհերն ու թանգարանները պետք է միասին աշխատեն, թող ուսանողներն իրենց կուրսային, դիպլոմային աշխատանքները թանգարաններում անեն։ Եվ անեն դա անվճար, նաեւ վիրտուալ՝ օգտագործելով թանգարանների ինտերնետային կայքերը։ Իսկ մեզ մոտ ստացվել է այնպես, որ կրթությունը մի բան է, իսկ աշխատանքը՝ բոլորովին այլ բան։ Լավ ուսանողներին մենք կորցնում ենք, քանի որ, եթե երիտասարդին ընտրության առջեւ ես դնում, նա սովորաբար ընտրում է այն աշխատանքը, որտեղ կարող է փող աշխատել։ Փայլուն երիտասարդ մասնագետներ ունենք, որոնք իրենց տեղն արտասահմանում են գտնում։ «Ուղեղների արտահոսքը» սկզբում էր մեզ մտահոգում, իսկ հիմա կարծես բոլորս հարմարվել ենք այդ իրավիճակի գոյության հետ եւ շատ հանգիստ ասում ենք՝ ի՞նչ կա որ, թող մարդիկ գնան՝ ուր ուզում են։ Մինչդեռ դա շատ ցավալի է. մենք նոր կադրեր ենք կորցնում։ Երիտասարդները պետք է աշխատելու տեղ ունենան, նրանց կրթությունը հարկավոր է կյանքին՝ այդ նույն աշխատատեղերին, հնարավորինս մոտեցնել։ Եվ հարկավոր է հրաժարվել դաստիարակչական կեցվածքից։

– Առանց կուլտուրայի, ամեն դեպքում, ավելի հեշտ է ապրել, չես կասկածում, չես ափսոսում, ավելի արդյունավետ ես քայլում առաջ։

– Պրիմիտիվ հայացքով, իհարկե, այդպես է։ Գուցե մարդիկ իսկապես կուլտուրայի կարիքը չեն զգում եւ գոհ են այն կյանքից, որը շրջապատում է իրենց։ Մշակույթը դառնում է էլիտար ճյուղ, որը նեղանում-նեղանում է, եւ իր գոյությունը պահպանում է միայն այդ ճյուղի վրա։ Կուլտուրական մարդիկ վերանում են:

– Կան պաշտոնապես ընդունված ու քարոզվող արվեստագետներ, որոնք ամեն քայլափոխի գովազդում են իշխանությունների իմաստությունը: Դա նորմա՞լ երեւույթ եք համարում:

– Վարչականությունը մշակույթում սխալ ուղղությամբ է ընթանում։ Շատ վտանգավոր է, երբ գեղարվեստական պրոցեսների առաջնորդներին «վերեւից» են նշանակում։ Արվեստից հեռու մարդը, տեսնելով նման «առաջնորդի» ստեղծագործությունը, իր բնական ճաշակով հասկանում է, որ ինչ-որ բան սխալ է, ու ասում է՝ եթե սա է ձեր արվեստը, ուրեմն այդ արվեստն ինձ հարկավոր չէ։ Ընդհանրապես մշակույթը ստիպելով չի կարող ներծծվել մարդու ոգու մեջ։ Մշակույթը օդի պես բան պիտի լինի։ Իսկ հիմա (օգտագործելով նույն այդ այլակերպումը, շարունակեմ) այդ օդով շնչում են միայն սկաֆանդրներ հագած հատուկենտ մարդիկ, որոնք լավ կրթության շնորհիվ կամ ընտանիքից են ստացել այդ օդի պաշարները եւ այդ օդը լցրել են թթվածնային բալոնների մեջ ու կամաց-կամաց օգտագործում են։ Իսկ հասարակության մեծ հատվածը բոլորովին այլ օդով է շնչում։

Կարծում եմ` վարչական մարմինները պետք է աշխատեն բոլորի համար նույնացնել օդի պարունակությունը: Կրթության ու արվեստի օդը շատ մաքուր, հիանալի օդ է։ Մշակույթի հիմքում ընդհանրապես դրված է մարդու հանդեպ պարտադիր հարգանքը։ Կրթված մարդը շատ լավ հասկանում է, թե որտեղ է ավարտվում, օրինակ, հայրենասիրությունը, եւ որտեղ է սկսվում նացիոնալիզմը։

– Գիտեք, մենք Երեւանից Աստանա հասել ենք՝ կանգ առնելով Մոսկվայում։ Մի զարմանալի բան նկատեցի՝ ես կնախընտրեի նույնիսկ ավելի հեռու ճանապարհը, որը, սակայն, կշրջանցեր Մոսկվան:

– Ես ձեզ շատ լավ հասկանում եմ։ Ես մի շատ լավ ընկեր ունեմ, որը յոթ տարեկան տղա է։ Նա ռուս է, թեեւ նրա մեջ շատ հին ու գեղեցիկ ազգերի արյուն է խառնված, եւ, ինչպես միշտ պատահում է, նրա մոտ էլ հին ու հիանալի գեները գերակշռում են։ Եվ այդ սեւաչյա, ուրախ ու խելացի տղան մի օր մանկապարտեզից տուն գալիս ասում է՝ «ինձ հետ չեն ուզում խաղալ, ասում են, որ ես սեւ եմ, բայց ես սեւ չեմ, ես մաքուր եմ, հաճախ եմ լողանում…»: Ես դա պատմում եմ, որ հասկանալի դառնա՝ մշակույթը միայն գեղեցիկի ու վեհի ընկալումը չէ, մշակույթը կյանքում հանդիպող գեղեցիկի ընկալումն է։ Եվ հենց այդ ընկալումն է մեզ պակասում։ Մոսկվան հիմա իսկական Բաբելոն է: Արբատում գեղեցիկ, անմեղ ու հրաշալի ծեր տատիկների այլեւս չես հանդիպի, այդ խավը վաղուց արդեն անհետացել է, Մոսկվայի կենտրոնում ապրում են ահռելի գումարներ ունեցող մարդիկ, որոնք կարողացել են բնակարաններ գնել։ Եվ այդ մարդիկ բնավ էլ իրենց փողերն ազնիվ ճանապարհով չեն վաստակել։ Կյանքը Մոսկվայում շատ դաժան է, դիմակայելու համար մարդիկ իրար արմունկներով հրում են, պոկում ու տանում այն ամենը, ինչը նրանց օգնում է հաց վաստակել։ Եվ ես շատ լավ հասկանում եմ, որ նախաճաշի փող չունեցող մարդը երբեք թանգարան չի գա։