Նոր մասնաշենք են կառուցելու

26/11/2007

Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի հետնամասում նախատեսվում է կառուցել նոր գիտական մասնաշենք` նկատի ունենալով հայագիտության զարգացման հեռանկարային ծրագրերը: «Սա Մատենադարանում իրականացվող եւ իրականացվելիք մեծ ծրագրի բաղկացուցիչ մասն է»,- «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Նրա տեղեկացմամբ` նման փորձ արվել է նաեւ 1980-ականներին` ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախաձեռնությամբ, սակայն այն ժամանակ ծրագիրն անավարտ է մնացել: Ծրագրված կառույցով նպատակ կա Մատենադարանը դարձնել հայագիտության եւ, մասնավորապես, միջնադարագիտության խոշորագույն կենտրոն: Կառույցի նախագիծն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը եւ հավանության արժանացել:

Ըստ Հ. Թամրազյանի` նախատեսվում է նախագիծը կյանքի կոչել հիմնականում նվիրատվությունների միջոցով, ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ: Այժմ նախապատրաստման փուլում են կառուցման նախահաշվային աշխատանքները: