Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում երեկ աշխատանքը սկսեց Մատենադարանի 30-րդ գիտական նստաշրջանը: Եռօրյա գիտաժողովին մասնակցում են 30 գիտնականներ, հիմնականում` Մատենադարանի գիտաշխատողներ եւ միջնադարագիտության ոլորտի հրավիրյալ մասնագետներ: Գիտաժողովի զեկույցների նյութերն ընդգրկում են միջնադարագիտության գրեթե բոլոր ոլորտները` աստվածաբանություն, փիլիսոփայություն, պատմագիտություն, ձեռագրագիտություն, արվեստագիտություն եւ այլն: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն իր խոսքում նշեց, թե գիտաժողովը մի մեծ նախագիծ է, որն ունեցել է իր նախորդ փուլերը եւ կունենա շարունակություն: «Ես հուսով եմ, որ այս գիտաժողովը նոր ծրագրերի եւ ուսումնասիրությունների հիմք կդառնա, որոնք հետագայում նաեւ նոր գրքերի եւ ալբոմների տեսք կստանան: Զեկույցների ցանկն անգամ ցույց է տալիս մի հետաքրքիր պատկեր` գիտական ներուժ, որի վրա մենք կարող ենք զարգացման ծրագրեր մշակել եւ նոր նախագծեր իրագործել»,- ասաց նա: Տնօրենի խոսքով, Մատենադարանը եւ հայագիտության ասպարեզը զարգացնելու համար նոր կադրեր են անհրաժեշտ, եւ Մատենադարանում հաջողությամբ ընթանում է սերնդափոխության գործընթացը: «Այսօր կարելի է տեսնել սերնդափոխության եւ գիտական փորձառության հարուստ ավանդույթի փոխանցումը նոր սերունդներին: Մատենադարանի գիտական խմբերը պետք է համալրվեն նոր, շնորհալի գիտական կադրերով»,- նկատեց Հ. Թամրազյանը` ընդգծելով, որ գիտաժողովի հիմնական նպատակներից է՝ կենդանի երկխոսություն ծավալել մասնակիցների եւ զեկույցների հեղինակների միջեւ: «Այս գիտաժողովը կարծես ամփոփումն է գիտական տարվա, որը բավականին հետաքրքիր է անցել, մեր գիտնականները մասնակցել են տարբեր միջազգային գիտաժողովների, եղել են տարբեր հրատարակումներ: Լույս է տեսել ձեռագրերի ցուցակի 3-րդ հատորը»,- ասաց Հ. Թամրազյանը: