Կողմնորոշվել է

21/11/2007

Գործարար Հրանտ Վարդանյանը երեկ հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հ. Վարդանյանը դա պայմանավորել է Սերժ Սարգսյանի «աշխատանքային կարողություններով»: Նա հաստատել է, որ ներկայումս Հարկային պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում «Գրանդ տոբակո», «Գրանդ քենդի» եւ իրենց ընտանիքին պատկանող «առեւտրային մի կազմակերպությունում»: Վարդանյանը ասել է սակայն, որ ստուգումների արդյունքում չարաշահումներ չեն հայտնաբերվել: «Ես այս երկրի հինգերորդ հարկատուն եմ: Այնպես որ, բազմաթիվ չարաշահումներ չեն կարող լինել: Այդ դեպքում ես կլինեի 50-րդը կամ 150-րդը»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իր որդիներն ԱԺ-ում անդամակցել եւ անդամակցում են ՀՅԴ խմբակցությանը (ավագ որդին` նախկին, իսկ կրտսերը` ներկա գումարման խորհրդարանում), եւ արդյոք ՀՀԿ-ի թեկնածուին պաշտպանելու դեպքում ՀՅԴ-ում սխալ չի՞ ընդունվի, Հ. Վարդանյանը պատասխանել է. «Ոչ մի դեպքում: Դաշնակցականները, ինձ թվում է, իրենք էլ հասկանում են, որ պետք է պաշտպանել այն մարդուն, որը կարող է այդ լուծը տանել»: