Պատրաստ է վերադարձնել

21/11/2007

ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկությունը, որ Հարկային պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում նաեւ իրեն պատկանող ընդհանուր առմամբ 8 ընկերություններում, այդ թվում՝ «Զարգացման հայկական բանկում», Չարենցավանի տրիկոտաժի ֆաբրիկայում, «Հարսնաքար» համալիրներում: Ստուգումները դեռ չեն ավարտվել, սակայն, Ռ. Հայրապետյանի փոխանցմամբ, արդեն տասնյակ միլիոնավոր դրամի խախտումներ են հայտնաբերվել, ինչն ինքը պատրաստվում է վերադարձնել պետությանը: «Ես ոչ մի խնդիր չունեմ ո՛չ Հարկային տեսչության, ո՛չ պետության, ո՛չ էլ որեւէ մեկի հետ: Ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ` ես: Ստուգումներ են եւ պետք է անցնեն բոլորիս ձեռնարկություններում, եւ եթե կան խախտումներ` պետք է արձանագրվեն, եւ բոլորը պետք է հարկերը մուծեն: Իմ անձնական կարծիքն է դա,- «Ազատության» թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` հավելելով,- Եվ շատ նորմալ եմ համարում եւ շատ ճիշտ, որ պետք է բոլոր տեղերում էլ լինեն ստուգումներ, եւ արվի ամեն ինչ, որպեսզի մեր բյուջեն կատարվի, եւ մեր սոցիալապես անապահով խավը, գա մի գեղեցիկ օր` ապրի լավ»: Միաժամանակ, նա վստահեցրել է, որ խախտումները միտումնավոր չեն եղել. «Դա, ասենք, իմ ձեռնարկություններում ուղղակի բացթողումներ են եղել»: