Երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Գրանդ Հոլդինգ» ընկերության թղթի արտադրության, «Հայրենիք» եւ «ԱՐ» հեռուստաընկերությունների վերազինման ու նոր մասնաշենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի` «ավգյան ախոռները մաքրելու» մասին առաջարկին, ինչպես նաեւ՝ պատրաստակամությանը` ընտրվելու դեպքում 3 տարի անց ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից, ասել է. «Երեւի համարում է, որ 3 տարին բավական է Ղարաբաղը հանձնելու համար: Ինձ համար չափազանց տարօրինակ էր, ուղղակի չափազանց տարօրինակ մտքեր հնչեցին այդ ելույթում: Պարզապես մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ ասի եւ ինչ առաջարկություններ ներկայացնի, բայց որեւէ պերճախոսությամբ հնարավոր չէ մարդկանց աչքին «թոզ փչել»: Եթե որեւէ մեկը փորձում է ապացուցել անապացուցելին, եթե որեւէ մեկը փորձում է ասել, որ այսօր ավելի վատ ենք ապրում, քան 10 տարի առաջ, դա արդեն իմ խնդիրը չէ, այլ այդ մարդու. նա գործ ունի բոլորի հետ, բոլորի աչքերը փակել չես կարող»:
Ի դեպ, Հարկային պետական ծառայության կողմից խոշոր ձեռնարկություններում սկսված ստուգումների առնչությամբ Սերժ Սարգսյանը երեկ ասել է, որ ՀՊԾ-ն նոր չի սկսել, այլ մշտապես դրանով զբաղվել է, դա այդ կառույցի ամենօրյա աշխատանքն է: «Ամեն օր ես զեկուցագիր չեմ ստանում, թե տնտեսական հանցագործությունների մասով որ գործարարը կամ որ աշխատողն է ձերբակալվել, բայց վստահ եմ, որ եթե պաշտոնապես դիմեք Դատախազություն կամ Հարկային ծառայություն, ձեզ տեղեկություններ կտան` կա՞ն ձերբակալվածներ, թե՞ ոչ: Վստահ եմ, որ կլինեն»: