ՀՀ նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` երեկ ավարտվել է հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քարոզչության շրջանում թեկնածուներին տրամադրվող եթերաժամի սակագինը որոշելու ժամկետը եւ «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները հրապարակել են նախընտրական գովազդի 1 րոպեի գները: Ըստ այդմ, Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության մեկ րոպեի համար սահմանել է՝ 80.000, «Արմենիան»` 130.000, «Շանթը» եւ ԱԼՄ-ն` 120.000, «Հ2»-ը եւ «Կենտրոնը» 108.000 եւ «Երկիր Մեդիան»` 100.000 դրամ: Հեռուստաընկերությունները սահմանել են նաեւ թեկնածուներից յուրաքանչյուրին տրամադրվելիք առավելագույն եթերաժամանակը: Հանրայինում թեկնածուներից յուրաքանչյուրի վճարովի եթերաժամանակը չի կարող անցնել 120, իսկ «Արմենիայում», «Կենտրոնում», «Շանթում» եւ «Հ2»-ում` 180 րոպեն (ընդ որում, բացի Հանրայինից, մյուս հ/ը-ները սահմանել են նաեւ յուրաքանչյուր թեկնածուի օրական առավելագույն եթերաժամանակը` 6 րոպե): Այսպիսով, հեռուստաընկերությունները հաճելին համատեղում են օգտակարի հետ` չափազանց բարձր գներ սահմանելով՝ սահմանափակում են ընդդիմության հնարավորությունները եւ միաժամանակ նախընտրական շրջանում գերշահույթներ են ստանում: Դա է «պատասխանատվության» գինը: