Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն երեկ Ազատության հրապարակից բողոքի երթ էր կազմակերպել դեպի կառավարության շենք: Երթի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ. Սէֆիլյանին եւ նրա զինակից, ազատամարտիկ Վ. Մալխասյանին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ անձինք ձերբակալվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին: Նրանք մեղադրվում էին ինչ-որ փակ հանդիպման ժամանակ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչերի համար»: Ու թեեւ դատարանում այս մեղադրանքը հանվեց Ժ. Սէֆիլյանից, սակայն նրան կալանքի տակ պահեցին՝ ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Ի դեպ, այդ «ապօրինի զենքը» Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը տարիներ առաջ նվեր էր ստացել ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանից: Արդյունքում Սէֆիլյանը դատապարտվել է՝ 1,5, իսկ Մալխասյանը՝ 2 տարվա ազատազրկման: Իսկ Ժ. Սէֆիլյանի ծանոթ, ազատամարտիկ Վահան Արոյանը եւս դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Նա եւս մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար: Ինչեւէ, բողոքի երեկվա երթին, որի մասին, ի դեպ, իրազեկված էր Երեւանի քաղաքապետարանը, մասնակցում էր մոտ 100 մարդ: Դրանց թվում էին կալանավորվածների ընկերները, զինակիցները, ԱԺ պատգամավորներ («Ժառանգություն» խմբակցությունից), քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ այլք: Երթի մասնակիցները կալանավորվածների անունները վանկարկելով Ազատության հրապարակից նորաբաց Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի կառավարության շենք: Այստեղ արդեն բազմաթիվ ոստիկաններ էին հավաքվել, ովքեր կանգնած էին՝ մեջքով դեպի կառավարության շենքը: Երթն առաջնորդող, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն առաջարկեց հետեւել ոստիկանների օրինակին եւ մեջքով կանգնել դեպի կառավարության շենքը: Այդ դիրքով ցուցարարները լսեցին 1-2 կարճատեւ ելույթներ, ունկնդրեցին վարչապետին եւ արդարադատության նախարարին ուղղված գրության տեքստը, որը քիչ անց հանձնվեց կառավարության ներկայացուցչին: Իսկ այդ գրությունով երթի մասնակիցները պահանջում էին անհապաղ ազատ արձակել Ժ. Սէֆիլյանին, Վ. Մալխասյանին: Ցուցարարները վարչապետից եւ արդարադատության նախարարից պահանջում էին դադարեցնել Ժ. Սէֆիլյանի եւ նրա ընկերների դեմ քրեակատարողական հիմնարկներում անտեղի նկատողություններ տալով, պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից նրանց անօրինաբար զրկելու պրակտիկան եւ անհապաղ ազատ արձակել նրանց: Նշված հայտարարության մեջ նշվում էր նաեւ, որ վերոնշյալ երեք անձանց ձերբակալումն ու դատապարտումը կատարվել է օրենքի բազմաթիվ խախտումներով: «Կատարվածին հնարավոր չէ որեւէ այլ անուն տալ, քան՝ քաղաքական նպատակներով, բարձրագույն ղեկավարության պատվերով, պետական համակարգի մի շարք օղակների կողմից իրականացվող հանցագործություն»,- պնդում են կառավարությանն ուղղված գրության հեղինակները: Ըստ նրանց, կառավարության եւ Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական համակարգի համապատասխան պաշտոնյաները եւս, կատարելով բարձրագույն ղեկավարությունից ստացված քաղաքական պատվեր, «միանում են Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին պատանդ պահող հանցախմբին»: Նշվում է նաեւ, թե հրաման կատարելը չի կարող ոչ մեկի համար արդարացում կամ մեղմացնող հանգամանք համարվել: «Լիահույս ենք, որ վաղ թե ուշ տվյալ հանցագործության բոլոր մեղավորները, մասնավորապես, ԱԱԾ ղեկավարները, սահմանադրական կարգի պահպանության եւ քննչական վարչությունների համապատասխան աշխատակիցները, սուտ տեղեկություններ տրամադրող ԼՂՀ բանակի սպաները, դատավորները եւ դատախազները, հիմա նաեւ՝ պատիժն իրականացնող պաշտոնյաները եւ, իհարկե, պատվիրատուները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ՝ յուրաքանչյուրն իր գործածի համար,- նշված է գրության մեջ, ուր նաեւ ասվում է,- Եթե նախկինում վարչապետ Սերժ Սարգսյանը կարող էր պնդել, որ ինքը կապ չունի քաղաքական պատվերի հետ, որ «երկրում կա բարձրագույն ղեկավարություն», եւ, որ ինքը չի կարող միջամտել դատական վարույթում գտնվող գործին, ապա այսօր Ժիրայր Սէֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի անազատության յուրաքանչյուր ամսվա համար նա անձամբ է պատասխանատու: Այդ ամիսների համար նրա հետ միասին պատասխանատու է նաեւ արդարադատության նախարարը»: Համապատասխան գրությունը կառավարության ներկայացուցչին փոխանցելուց հետո տեղում հնչող կարճ ելույթներում անդրադարձ եղավ նաեւ մայիսի 12-ին Ոստիկանության շենքում մահացած Լեւոն Գուլյանին: Ցուցարարները համոզմունք հայտնեցին, որ վաղ թե ուշ «Գուլյանին սպանած ոստիկանը պատասխան կտա իր արարքի համար»: Երթն անցավ առանց միջադեպերի: