Մինչ ասուլիսի սկսվելը, ՀՀԿ պատգամավորը զգուշացրեց, որ բոլոր այն տեսակետները, որոնք կհայտնի, միայն իր անձնական տեսակետներն են ու Հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չեն: Ասուլիսում հնչեցված նրա բոլոր դատողությունները կապված էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի հետ: Ա. Աշոտյանը կոչ արեց երկրի նախագահին ու վարչապետին՝ այլեւս չանդրադառնալ Տեր-Պետրոսյանի ելույթներին, քանի որ շարքային ընդդիմադիր գործչի ելույթներն այլեւս կարող է մեկնաբանել շարքային պատգամավորը. «Կխոսեմ «Լեւոն Տեր-Պետրոսյան եւ կոմպանիա» քաղաքական ֆենոմենից: Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական ասպարեզ, այն զարգացումները, որ մենք տեսնում ենք, ավելի շատ հիշեցնում են օճառային բազմասերիանոց օպերաներ՝ սեպտեմբերի 21, հոկտեմբերի 26, հանդիպում երիտասարդների հետ, կաբինետային հանդիպումներ տարբեր ընդդիմադիր գործիչների հետ, վերջին հանրահավաքը: Եվ այս օճառային օպերաները շարունակվելու են մինիմում մինչեւ նախագահական ընտրություններ: Սակայն կռահելի է, որ մարդիկ փետրվարի 19-ի իրենց քաղաքական ֆիասկոն կփորձեն բարդել «քաղաքական ռեժիմի զոհ» նիշայի վրա եւ գուցե ընտրություններից հետո էլ որոշակի ակտվություն դրսեւորեն: Ինչո՞ւ հենց օճառ՝ որովհետեւ ակնհայտ է, որ երկու տեղ այն պետք է գալիս այդ քաղաքական թիմին: Առաջին նպատակն այն է, որպեսզի մաքսիմալ մոտ կանգնեն «կայսրին»՝ մոտենալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ իր բազմազան թիմը, որը հավաքվում է նրա շուրջ, ունի այդ օճառի կարիքը, որովհետեւ բոլորը փորձում են ապացուցել, որ բոլորն ավելի Լեւոն Տեր-Պետրոսյան են, քան առաջին նախագահը: Հետո, օճառի կիրառումն ակնհայտորեն պետք է հետեւյալի համար՝ օճառից համապատասխան քարոզչական փուչիկներ ստանալ ու այդ գույնզգույն փուչիկներով ողողել մեր քաղաքական դաշտը: Փառք Աստծո, շատ շուտ այդ փուչիկները պայթում են եւ չեն կարող հաստատուն մնալ քաղաքական դաշտում: Ես ընդամենը մի բան պիտի ավելացնեմ, որ այն կարգախոսը, որը հիմնական է դարձել՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», դրա մեջ ակնհայտ է, որ անգամ ինքը՝ տեր-պետրոսյանական ընդդիմությունը շատ լավ լսում է. «Պայքար, պայքար մինչեւ Սերժ»: Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների վերջը Սերժ Սարգսյանի ընտրությունն է: Այսինքն, ինչն իրենց համար վերջն է, մեզ համար՝ Սերժն է: Եվ ակնհայտ է, որ ընդդիմությունն ինքը չի հավատում իր հաղթանակին»:
Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի` Ղարաբաղյան պատերազմին վերաբերող հատվածին, Ա. Աշոտյանը նշեց, որ այն լի էր հակասություններով, անտրամաբանական մոտեցումներով, պատմական սխալներով եւ այլն. «Նախ՝ Արցախյան պատերազմի տարեթվեր են մատնանշվում 1992-94թթ.: Ակնհայտ է, որ Արցախյան պատերազմը չի սկսվել 92թ.-ին, այն էլ, ինչպես նշել է Տեր-Պետրոսյանը, Շուշիի ազատագրմամբ: Այն ակնհայտորեն ավելի շուտ է սկսվել, ու պատմաբանի համար սա դժվար ներելի սխալ է: Երկրորդ սխալը, որը գուցե նաեւ դառնա ադրբեջանական քարոզչամեքենայի շատ լավ օգտագործվող միտք. Տեր-Պետրոսյանն ասում է, որ Արցախյան պատերազմը սկսվել է Շուշիի ազատագրմամբ: Այսինքն, նա ասում է, որ հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա Շուշիում, այսինքն, հայերն ագրեսոր են, հայերն են սկսել պատերազմը, եւ ոչ թե ադրբեջանցիները: Սա շատ մեծ սխալ է քարոզչության տեսակետից: Հետո, նշվում է, որ էներգետիկ ճգնաժամը տեւել է մինչեւ 1994թ., ոչ թե 96-ը: Այն, որ էներգետիկ ճգնաժամը կապված չի եղել ղարաբաղյան հակամարտության հետ, իշխանություններն առաջինը չեն ասել: Դա առաջինն ասել է լուսահոգի վարչապետ Վազգեն Սարգսյանը: Ինչպե՞ս կարելի է նման տեսակետներ աղավաղել, կեղծ տրամաբանությամբ հրամցնել հրապարակում հայտնված մարդկանց: Հետո, եթե նրա համար Ղարաբաղը թանկ է, ինչո՞ւ է համաձայն հանձնել այն: Նա քանիցս նշել է զրկանքները, որոնք ուղեկցել են մարդկանց պատերազմի ժամանակ: Ու այնքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը ինչո՞ւ է պատրաստվում հանձնել: Միակ հույսը, որին ապավինում է տեր-պետրոսյանական ընդդիմությունը, դրսի որոշակի բարեհաճ վերաբերմունքն է: Ստացվում է՝ որոշ արտասահմանյան շրջանակներին խոստանալ ԼՂՀ-ն՝ սկուտեղի վրա, ու դրա փոխարեն ստանալ նախագահական աթոռը: Միամտություն է եւ ոչ այնքան բարոյական է ասել, թե իրենք են ազատագրել Ղարաբաղը: Այն ազատագրվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, բայց ոչ միմիայն իր կողմից: Ղարաբաղն ազատագրվել է ղարաբաղցիների եւ հայաստանցիների միասնական ջանքերով»:
Այն հարցին, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունները համարում են շարքային ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչո՞ւ են այդպես արձագանքում նրա բոլոր ելույթներին, պատգամավորը պատասխանեց, որ բոլոր ընդդիմադիր ուժերից առայժմ միայն Տեր-Պետրոսյանն է նման ոճով ու սրությամբ ընտրարշավի մեջ մտել. «Երկու կոմպոնենտ կա այստեղ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Առաջինն արձագանքում ենք այն մեղադրանքներին, որոնք առաջինն են հնչել: Իսկ եթե միանան նաեւ մնացած թեկնածուները, նույն կերպ կվարվենք: Սուբյեկտիվ կոմպոնենտ էլ կա՝ ես մի անգամ ասացի՝ շատ վտանգավոր է թերագնահատել մարդու, ով ինքն իրեն գերագնահատում է: Եվ մյուս մոտեցումն էլ սա է՝ իրականում պետք չի արագացնել այն քաղաքական գործչի քաղաքական վախճանը, որն ինքը որոշել է քաղաքական ինքնասպանություն գործել: Այս երկու բեւեռների մեջ ոսկե միջինն ենք գտել. մեղադրում են՝ պատասխանում ենք»:
Ա. Աշոտյանը նշեց նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ իր առաջադրման մասին ազդարարելը իր համար կիսալեգենդար գործիչ է եղել. «Ցանկացած պետություն միֆերի եւ լեգենդների կարիք ունի: Տեր-Պետրոսյանն իր կամքով իրեն զրկեց կիսալեգենդար շապիկից, ոչ ոք իրեն դա չստիպեց»: