ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահի բոլոր հնարավոր ընդդիմադիր թեկնածուներին ուղղված առաջարկը, կարելի է ասել` մերժվել է գրեթե բոլոր թեկնածուների կողմից: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը կայացած հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հանդես եկավ նախագահի բոլոր ընդդիմադիր կամ ոչ իշխանական թեկնածուներին ուղղված կոչով` միավորվել արդեն սկսված շարժմանը, որի դրական արդյունքի կամ, որ նույնն է, գործող վարչախմբի հեռացումից 3 տարի հետո ինքը պատրաստ է հեռանալ քաղաքականությունից` պայմաններ ստեղծելով ազատ ընտրությունների անցկացման համար:
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դեռ հանրահավաքի օրը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր համար անընդունելի է Լ.Տեր-Պետրոսյանի առաջարկը, ու կոչ էր արել Լ.Տեր-Պետրոսյանին եւ նախագահի մյուս ընդդիմադիր թեկնածուներին՝ միավորվել իր շուրջ` պայմանով, որ ինքը ոչ թե 3, այլ 5 տարի կմնա նախագահի պաշտոնում: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ(որը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին) իր մամլո քարտուղարի միջոցով փոխանցեց, թե իրենք ողջունում են իշխանությունների դեմ ձեռնարկած ցանկացած քայլ, բայց որեւէ մեկի ասածները չեն մեկնաբանում: Այսինքն` նրանք եւս դեմ են Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին: Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վազգեն Մանուկյանն էլ երեկ մեզ հետ զրույցում խոստացավ այսօր կայանալիք ասուլիսում տալ բոլոր հարցերի, այդ թվում նաեւ` Լ.Տեր-Պետրոսյանի առաջարկի վերաբերյալ իր պատասխանները: Մի խոսքով` Վ.Մանուկյանն էլ, ամենայն հավանականությամբ, իր «ոչ»-ը կասի այսօր:
Ի տարբերություն վերը նշված գործիչների, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին եւ դրանում հնչած առաջարկին դրական է վերաբերվում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: «Ես վճռականություն տեսա եւ ինչ-որ տեղ նաեւ հավատացի Լ. Տեր-Պետրոսյանի ասածին,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Մ. Գասպարյանը` մեկնաբանելով Լ.Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած որոշ դրույթներ,- Լ.Տեր-Պետրոսյանը բոլորին հասկացրեց, որ բոլորիս շանսերն էլ նվազագույն են: Ասաց, որ` ես էլ մի բան չեմ, բայց մինչեւ վերջ գնալու եմ: Ասում էր` եկեք ձեր փեշի քարերը թափեք, ես ժամանակին սխալներ եմ թույլ տվել, մանր-մունր սխալներից բացի, նաեւ սխալս էն ա եղել, որ սրանց բերել եմ էս Հայաստան ու ժողովրդին գցել եմ ցեցը: Ես Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից հետեւյալը հասկացա. ժողովրդական ասացվածք կա, չէ՞, շան կծածը շան մազով են բուժում: Ընդդիմությունն այսօր չի կարող հեղափոխության գնալ, հեղափոխությունն արյուն է պահանջում: Լ. Տեր-Պետրոսյանն ասում է` ինձ օգտագործեք որպես գործիք, ես այս վարչախմբին հեռացնեմ: Ես մի ամիս առաջ իմ կոլեկտիվին էլ եմ ասել, որ Լ.Տեր-Պետրոսյանը այսօր միջոց է, որով կարելի է այս կլանն առանց հեղափոխության քանդել»: Մանուկ Գասպարյանի խոսքով` ընդդիմադիր այն «տղերքը», ովքեր այսօր որոշել են առանձին գնալ ընտրությունների, պետք է ծանրութեթեւ անեն, 10-15 օրվա մեջ իրենց վերջնական որոշումը կայացնեն` ի շահ ժողովրդի: Մանուկ Գասպարյանն օրինակ է ծառայում նրանց ու հենց այսօր վարչության նիստ է գումարելու ու հայտարարելու է, որ ինքը «քարը փեշից թափում ու կանգնում է Լ. Տեր-Պետրոսյանի կողքին»: «Ինքս տեր-պետրոսյանական չեմ եղել, 1993-94թթ. իր արածների համար միշտ փնովել եմ, ես նրան կյանքումս բարեւած չկամ, ինքն իմ աչքի լույսը չի եղել, բայց այսօր այնպիսի իրավիճակ է այս հանրապետությունում, որ ժողովուրդը սկսել է հիշել Տեր-Պետրոսյանին: Ուրեմն` իմացեք, թե ինչքան վատ վիճակի մեջ է այս ժողովուրդը, որ արդեն Լ.Տեր-Պետրոսյանին է հիշում»,- ասում է Մ. Գասպարյանը: Մեր հարցին, որ, եթե ինքը որոշել է աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ի՞նչ ընթացք կարող են ստանալ նախագահի միասնական թեկնածուի շուրջ իր իսկ նախաձեռնությամբ ընթացող բանակցությունները, Մ. Գասպարյանը պատասխանեց, որ այսօր էլ է սպասվում նման քննարկում, որին պետք է մասնակցեն Վազգեն Մանուկյանը, Արթուր Բաղդասարյանն եւ էլի մի քանի հոգի: Բայց, անկախ նրանից` այդ քննարկումը տեղի կունենա՞, թե՞ ոչ, Մ. Գասպարյանն այսօր իր կուսակցության վարչության նիստ է գումարելու եւ ասելու է այն, ինչ մտածում է. «Այսօր նորից հանդիպում է լինելու, ասելու եմ` որոշեք, որովհետեւ իմ վարչությունն ինձ ստիպում է նիստ անել նախագահի թեկնածուի հարցը լուծելու համար: Անկախ ամեն ինչից, ես այսօր վարչության նիստ եմ անելու: Այդ նիստին իմ ելույթը մի քիչ ուրիշ է լինելու, քան նախօրոք մշակել էինք: Տեր-Պետրոսյանի ելույթը մի փոքր իրադրությունը խառնեց իրար: Արթուրին էլ, Գեղամյանին էլ, Վազգենին էլ կասենք` ապացուցեք, որ ձեր հնարավորությունները տվյալ գործի համար ավելի մեծ են, մենք էլ ձեր կողքը կկանգնենք: Եթե չէ` ես իմ որոշումը կկայացնեմ: Նրանք բոլորն էլ կարեւորում են իմ որոշումը»,- վստահեցնում է Մ. Գասպարյանը: «ԺՈՒԿ» նախագահին այնքան են դուր եկել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթները, որ ինքն այլեւս նրա ծրագրի կարիքը չի զգում: «Ես ինչ-որ տեղ Լ.Տեր-Պետրոսյանից ծրագիր էլ չեմ ուզում, իր վերջին ելույթներն ինձ տալիս են նաեւ այն ծրագիրը, որով նա պետք է հանդես գա: Նա հասկացրել է, որ նախկին իշխանություններից ոչ ոք իր կողքին չի լինելու, եւ հիմա ով իր կողքը կանգնի, նա նրանցով կգնա իշխանափոխության: Նա հիմիկվա ԱԺ-ի մասին չխոսեց, բայց ինքն այս խորհրդարանով 3 տարի չի կարող աշխատել: Բայց դա այսօր կարեւոր չէ: Իր բոլոր գնահատականների հետ համաձայն եմ: Էն որ ասեց` թույլ տվեք ավգյան ախոռները ես մաքրեմ, դրանով ինքը կռիշկեն դրեց, ես էլ 150 հատ մեխով մեխում եմ»,- ասաց Մանուկ Գասպարյանը: Ի դեպ, մեզ հետ զրույցում Մ. Գասպարյանը վստահեցրեց, որ ինքը երբեւէ չի հանդիպել Լ. Տեր-Պետրոսյանի հետ եւ նման ցանկություն էլ չունի: Նա նույնիսկ առաջարկ է ստացել հանդիպելու Լ.Տեր-Պետրոսյանի հետ, սակայն մերժել է. «Ի՛նքս չեմ ցանկացել իր հետ հանդիպել, իր տղաներից ասել են` արի հանդիպի, ասել եմ` ինձ պետք չի: Ինքս նման հանդիպման կարիք չունեմ, որովհետեւ ես անձնական պահանջ չունեմ իրենից: Իսկ խորհուրդների կարիք, իմ կարծիքով` ինքը հիմա չունի: Տեր-Պետրոսյանը հիմա սկոռոստը դրել է 5-րդ ու գնում է: Ինքն իր դակլադները ոնց որ մենակ է պատրաստում: Ինքը մեր ժողովրդից մութ ու ցուրտ տարիների համար էլ ներողություն խնդրեց: Մեր ընտանիքում էլ շատ մարդիկ հենց տվյալ պահին ներեցին իրեն»,- հավատացնում էր Մ. Գասպարյանը:
Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին տեղի է ունենալու ՕԵԿ վարչության նիստ, որտեղ քննարկվելու է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկն ընդունել-չընդունելու մասին հարցը: