Հորդորել է

21/11/2007

ՀՀ Ոստիկանությունը երեկ լրատվամիջոցներին հորդորել է զերծ մնալ չճշտված եւ անստույգ լրատվություն տարածելուց, քաղաքական շահարկումներից: «Մեր իրականության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, առավելապես՝ հերթական ընտրությունների նախօրյակին նենգափոխված ներկայացնելու եւ այդ համատեքստում՝ մասնավորապես, Ոստիկանությանը մեղադրելու, համակարգի առանձին աշխատակիցների վարկաբեկելու եւ նրանց հասցեին բամբասանքներ տարածելու զանգվածային լրատվության որոշ միջոցների ջանքերն ու ճիգերը վերստին գլուխ են բարձրացրել եւ մտահոգության տեղիք են տալիս: Հանիրավի, առանց որեւէ հիմնավոր փաստարկի, շեղվելով իրականությունից՝ վերջիններս, մեղմ ասած, անբարեխղճություն են դրսեւորում՝ խախտելով նաեւ «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի՝ ստուգված եւ հավաստի լրատվություն ապահովելու, ինչպես նաեւ՝ խոսքի ազատության չարաշահման անթույլատրելիության վերաբերյալ դրույթները»: