Չէ՛, չէ՛, չէ՛

21/11/2007

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը դրականորեն է բնութագրում Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը՝ ծառայելու որպես գործիք՝ ցանկացած ընդդիմադիր ուժի համար, խնդիր ունենալով ձերբազատվել այս իշխանություններից»,- «Ա1+»-ի հետ զրույցում երեկ ասել է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը` վստահեցնելով, որ ԱՄ նախագահությունն առաջիկայում քննության կառնի, թե «ինչ ճանապարհով, ինչ եղանակով օգտագործել Լ.Տեր-Պետրոսյանի կարողություններն՝ իրենց սեփական պայքարի զինանոցը հարստացնելու նպատակով»: Ինչ վերաբերում է եվրոկառույցներին դիմելու Լ. Տեր-Պետրոսյանի մտադրությանը, ապա Ա. Գեղամյանը դրան կտրականապես դեմ է. «Նամակով դիմել ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԱՀԿ ղեկավարներին, ԵՄ-ին, նշանակում է՝ փաստացի ցույց տալ սեփական մտքի տկարությունը, սեփական կամք դրսեւորելու անվճռականությունը, քանի որ նույն մարմինները եւ մարդիկ մայիսի 12-ի ԱԺ-ի խայտառակ ընտրություններն ամենաբարձր ամբիոնից բնութագրել էին որպես լուրջ առաջընթաց քայլ: Եվ, վերջին հաշվով, հարիր չէ մեր ազգային արժանապատվությանը՝ դրսից արբիտր բերել՝ մեր գործերին գնահատական տալու նկրտումով. ՀՀ հարցերը, ինչպես դարասկզբին ասել էր Գարեգին Սրվանձտյանը, պետք է լուծվեն Հայաստանում եւ ոչ թե Բեռլինում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Վիեննայում եւ ուժի միջազգային այլ կենտրոններում»,- ասել է Ա. Գեղամյանը: Վերջինիս համար անընդունելի եւ մերժելի է նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանն արդեն իսկ «ինքնահռչակվում է՝ որպես առանցքային ուժ եւ կենտրոն, ու ով չի հարում առանցքային այդ ուժին՝ դատապարտվում է որպես այս վարչակազմին նպաստող, աջակցող, ինչն անթույլատրելի է, որովհետեւ տասնյակ-հազարավոր ունակ ուժեր կարող են չհարել Լ. Տեր-Պետրոսյանի կազմակերպած շարժմանը, բայց լինեն ոչ պակաս, եթե ոչ ավելի հայրենասերներ»: Ա. Գեղամյանը խիստ անընդունելի է համարում նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի այն մոտեցումը, թե պայքարի ընթացքում յուրաքանչյուր մարդ կգտնի իր տեղը ապագա իշխանությունում. «Իսկ ի՞նչ անեն այն պրոֆեսիոնալները, ակադեմիկոսները, բժիշկները, մտավորականները, արհեստավարժ ինժեներները, որոնք չեն անդամագրվելու այդ պայքարին, կնշանակի՝ պահանջված չե՞ն: Այստեղ մեզ համար հայեցակարգային առումով անընդունելի մոտեցում է հնչեցվել: Ստացվում է` անտեսվում է երկրի համար միակ ճշմարիտ գաղափարի ըմբռնումը, այն է՝ եթե ազգային ամենալայն շրջանակների շահերը չեն համընկնում պետության շահերի հետ, ի սկզբանե այդ շարժումը դատապարտված է»,- ասել է Ա.Գեղամյանը: Նա համոզված է, որ ելքը քաղաքական 3-րդ բեւեռի ձեւավորումն է, որն էլ կլինի այլընտրանք թե՛ գործող, թե՛ նախկին իշխանություններին: