Բորյաններն ապրում են Սեւանում` բորբոսնած պատերով տանը։
Կողքին հավանոցն է: «Տունն ի՞նչ վիճակում ա, որ հավանոցն ինչ լինի»,- նեղված տան վիճակից՝ ասում է Կարեն Բորյանը։ Այստեղ նրա սարքած ինկուբատորներն են։ Հավանոցի գեներատորն ու էլեկտրական աղացը նոր է գնել՝ անցյալ տարի ստացած 180.000 դրամ վարկով։ Վարկը ստացել է կինը՝ Գալյան, ամերիկյան ԱՄՔՕՐ կազմակերպության «Արեգակ» ծրագրից, որն օգնում է կանանց խմբերին՝ գործ սկսելու:
Գալյան դիմել է չորս կանանց հետ, ու բոլորն էլ նույնքան վարկ են ստացել: Եթե հինգից մեկը չկարողանա վերադարձնել վարկը, պատասխանատու են բոլորը եւ պարտավոր են վերադարձնել։ Երեք հրացանակիրների «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» նշանաբանը կենսունակություն ստացավ խորհրդային պիոներական կազմակերպություններում, հետո մոռացվեց։ Այժմ այն վերակենդանացնում է «Արեգակը»:
«Շատ է եղել, որ խմբի մի անդամը չի կարողացել վարկը փակել, մյուսները տեղը փակել են»,- ասում է Գեղարքունիքի մարզում «Արեգակի» կառավարիչ Լեւոն Մախսուդյանը։ «Արեգակը» վարկ է տրամադրում տնտեսապես ակտիվ, բայց ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Ծրագրի առաքելությունն է` նվազեցնել աղքատությունը։
Բորյանները փախստական են Կիրովաբադից։ Ամուսինները եղել են գործարանում ինժեներ։ Այժմ Կարենն աշխատում է Հայաերոնավիգացիայում, ստանում է 75.000 դրամ։ Սակայն սա շատ քիչ է ամուսինների ու երեք երեխաների համար (մի դուստրն ամուսնացել է, որդին բանակում է)։ Սեւանում ապրում էին շենքում: «Երեք սուտկա տանը նստեցի, վերցրի` ինկուբատոր սարքեցի։ Գալյան կռվում էր՝ ո՞վ ա տեսել կվարտիրայի մեջ ինկուբատոր»։
Արդեն շենքում ինկուբատորից ճուտ էր ստանում, բայց արագ վաճառում էր, քանի որ տանը ճտերին հնարավոր չէր մեծացնել։ Յոթ տարի առաջ ստիպված վաճառեցին բնակարանը եւ գնեցին այս փոքրիկ, խարխուլ առանձնատունը, որ հավաբուծությամբ զբաղվեն։ Կարողացան ստանալ ամսական մինչեւ 500 ճուտ։ Ավելին հնարավոր չէր։ Տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ էին լրացուցիչ միջոցներ։ Եթե որեւէ բանկի աշխատող տեսներ Բորյանների տան պատերը, երբեք վարկ չէր տրամադրի։ Կարենն ինքն է մի քանի անգամ գնացել բանկեր վարկ ուզելու, մերժել են տարբեր պատճառաբանություններով։ Նույնիսկ խնդիրը չի հասել գրավ դնելուն։ Ասում է, որ մի բանկում իրենից կաշառք են ուզել, մեկ այլ տեղ ասել են, որ միայն գրանցված կազմակերպությանն են վարկ տալիս։
Երկու տարի առաջ «Արեգակը» գրասենյակ բացեց Սեւանում, եւ Գալյան ստեղծեց վարկ ստանալու համար անհրաժեշտ հինգ կանանց խումբը։ «Մեզ համար կարեւոր չէ, որ վարկառուն կազմակերպություն լինի,- ասում է Մախսուդյանը: -Էս մարդը հազիվ տուն ա պահում, ասեմ` գնա Հարկային տեսչությունում գրանցվի՞»։ Առաջին վարկով առած ամենակարեւոր գործիքը 100 դոլարանոց աղացն է, որով աղում է հավերի կերը: «Մինչեւ դրաբիլկան (աղացը) առնելը չարչարանքը շատ էր,- ասում է Կարենը: -Տաքսին կանչում` 4-5 մեշոկ (ցորեն, գարի) քաշ էի տալիս, գցում տաքսին։ Ես էլ ուժեղ մարդ չեմ։ Հիմա ազատվեցի»։
Բորյանները վարկը վերադարձրել են ժամկետից շուտ եւ հիմա ստացել երկրորդ վարկը՝ արդեն 250.000 դրամ։ «Արեգակի» ամեն հաջորդ վարկը 40%-ով ավելի է նախորդից։ Այդպես վարկի չափն աճում է յոթ անգամ ու հասնում 2000 դոլարի։ Ավելին չի տրվում։ «Էս վարկին 50.000 ձու կառնեմ, ցանց կառնեմ հավերի տակ գցելու համար, մնացածով էլ` կեր,- ասում է Կարենը: -Իսկ փողի կարիք շատ կա: Հետագայում որ վարկ ստանամ, նոր հավանոց կսարքեմ: Ստեղ ծածկ կսարքեմ, որ սարքավորումներս չփչանան։ Դեռ եկամտի մասին չենք էլ մտածում, ինչքան փող ա ընկնում ձեռքներս, դնում ենք գործի մեջ»։
Խմբի երեք կանայք առեւտուր են անում։ Հինգերորդը` 26-ամյա Լեյլի Հակոբյանը, դիմահարդար է։ Աշխատել է Սեւանի «Միլենա» գեղեցկության սրահում։ Վարկը նրան հնարավորություն է տվել սեփական գործ բացելու: «Ուզում էի ծնողներիցս լրիվ անկախ լինել»,- ասում է նա։ 180.000 դրամով գնել է երկու գործիք (յուրաքանչյուրը` 100 դոլար) եւ բջջային հեռախոս։ Օրական ունի 5-7 հաճախորդ: «Գործիքները մեծ եկամուտ բերեցին, ամսական 180 դոլար միայն էդ գործիքների շնորհիվ եմ աշխատում»,- ասում է Լեյլին։ Սկսել է նաեւ աշակերտ պահել՝ ուսուցումը 200 դոլարով։ «Արեգակի» հաջորդ վարկերով եւ ստացած եկամտով Լեյլին նախատեսում է տուն գնել ու սեփական սրահ բացել։ Առայժմ նրա մոտ տղամարդիկ չեն գալիս, քանի որ աշխատասենյակը շենքի բնակարանում է, եւ նրանց տեսնողներ կլինեն. «Հարեւաններից կամաչեն գալ, բայց որ կենտրոն բացեմ, տղամարդկանց հերթ կլինի»,- ասում է նա։
Լեյլին նաեւ դաշնամուր է դասավանդում Սեւանի երաժշտական դպրոցում, ամսական ստանում 11.000 դրամ։ Սակայն այժմ ուզում է դպրոցից դուրս գալ։ Թեեւ շատ է սիրում երաժշտության դասեր տալը, սակայն իր բիզնեսին այն խանգարում է. «Ես պիտի իմ նպատակին հասնեմ»։ Գեղարքունիքի մարզում արդեն 4000 հոգի վարկ է ստացել, որից 900-ը` Սեւանի շրջանում։ Վարկերի 70%-ը գյուղատնտեսական է։ Ինչո՞ւ է «Արեգակը» միայն կանանց վարկավորում։ «Արեգակի» տնօրեն Մարիամ Եսայանը, որն աշխատում է 1997 թվականից` ծրագրի հիմնադրման պահից, ասում է, որ կանանց միկրովարկավորման մոդելն ընդօրինակել են միջազգային փորձից, քանի որ արդյունավետ է. «Կանայք ավելի ակտիվ ու ավելի պարտաճանաչ են։ Հետո, քանի որ զրկված են եղել նախաձեռնությունից, հիմա հնարավորություն ստանալով, ամեն կերպ փորձում են ապացուցել, որ կարող են փող աշխատել»։ Կազմակերպության երկու հիմնական սկզբունքները՝ կանանց վարկավորելը ու գրավի փոխարեն սոցիալական երաշխիքներ ստանալը, «Արեգակը» դարձրել են արդյունավետ աշխատող ծրագիր։ Վարկի մարման ցուցանիշը 98% է։ «Արեգակի» 25 գրասենյակներն այսօր սպասարկում են 400 համայնքների 180.500 հաճախորդի։ Այժմ վարկառուների ձեռքին 7 միլիոն դոլար կա։ Եկամուտներով (վարկը տրվում է ամսական 2 տոկոսով) բացվել է 7 գրասենյակ։
ԱՄՔՕՐ-ը նախատեսում է 2006-ին «Արեգակը» գրանցել՝ որպես վարկային կազմակերպություն։ Մարիամ Եսայանն ասում է, որ առանձնանալուց հետո էլ «Արեգակը» չի դառնա շահույթ հետապնդող կազմակերպություն ու կշարունակի իր առաքելությունը. «Հետագայում էլ եկամուտները կօգտագործվեն առաքելության նպատակի` աղքատության հաղթահարման համար: Պետք է շարունակենք օգնել այն մարդկանց, ովքեր չեն կարող օգտվել ավանդական վարկերից»։