Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմելու

21/11/2007

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում է` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու համար: Լոս Անջելեսում նոյեմբերի 17-ին նա հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ բարերարների, մասնավորապես, Հարութ Մեսրոբյանի եւ Իսահակ Վարդանյանի, Վահե Կարապետյանի, ինչպես նաեւ Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ: Հիմնադրամի կողմից նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում կազմակերպված գալա-հանդեսի ժամանակ Բ. Սահակյանն իր ելույթում ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր համայն հայության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս: Արյունով նվաճված անկախությունը չի կարող լինել սակարկության առարկա: Սակարկումների ենթակա չէ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն` իր բոլոր դրսեւորումներով»: Հիշեցնենք, որ այս հեռուստամարաթոնը նվիրված է Մարտունու շրջանի վերականգնմանը: