– Պարոն Գասպարյան, ունե՞ք մասնագիտական մոտավոր պատկերը, թե ինչպես կընթանան նախագահական այս ընտրությունները` ընտրողների վրա հոգեբանորեն ազդելու, նրանց գրավելու տեսակետից:
– Ենթադրում եմ, որ կկիրառվեն թե՛ հին` ընտրակաշառքի մեթոդները, թե՛ նոր ձեւեր, սակայն պետք է ընդունենք, որ բոլոր ընտրողներին նույն մեթոդով «գայթակղել» հնարավոր չէ: Կան ընտրողների մի քանի պայմանական խմբեր: Նրանք, ովքեր կողմնորոշված են եւ գիտեն` ինչ են ուզում: Մյուս խմբում նրանք են, ում համար կարեւոր չէ` ում են տալու իրենց ձայները: Կարեւորը, որ նա հակառակ լինի գործող իշխանություններին: Երրորդ խմբում նրանք են, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել: Դժվար չէ կռահել, որ յուրաքանչյուր խմբի համար աշխատում են տարբեր հոգեբանական եւ ազդման մեխանիզմներ, տեխնոլոգիաներ: Նախագահական ընտրությունները տարբերվում են խորհրդարանական ընտրություններից, քանի որ այս դեպքում ընտրում ես մեկին, իսկ ԱԺ ընտրությունների պարագայում ընտրում ես խումբ, կուսակցություն, որոնց հետեւում կարող են սքողվել ոչ միայն մարդիկ, այլեւ գաղափարներ: Նախագահական ընտրությունների ժամանակ, իմ կարծիքով, կանայք պետք է ավելի ակտիվանան, քանի որ թեկնածուները տղամարդիկ են, եւ նրանք դիմում են բոլոր չափահաս քաղաքացիներին եւ առաջարկում իրենց: Սա կանանց ինքնասիրությունն ու նարցիսիզմը շոյող բավական լուրջ գործոն է: Ընտրությունների մեջ մի ինտիմ պահ կա. նախ` գաղտնի են ընտրում եւ, կարծես, ստեղծվում է մի իրավիճակ, ուր մի քանի տղամարդ առաջարկում են բոլորին` նախապատվությունը տալ հենց իրենց: Գիտեք, մի փոքր դժվար է խոսել մեր ժողովրդի վրա ազդող հոգեբանական գործիքների մասին: Հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակում բազմաթիվ տրավմաներ է ունեցել, որոնք հոգեպես ընկճում են, եւ կոլեկտիվ անգիտակցականը գտնվում է երկարատեւ սթրեսների եւ հոգեբանական տրավմաների ազդեցության տակ: Մասնավորապես, ցեղասպանության խնդիրը:
– Ի՞նչ եք կարծում, ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդին կհանի՞ սթրեսային վիճակից:
– Անշուշտ: Դա շատ դրական ազդեցություն կարող է ունենալ մեր կոլեկտիվ անգիտակցականի վրա: Ես կարծում եմ, որ դա կունենա հոգեբանական թերապեւտիկ էֆեկտ: Ղարաբաղյան պատերազմի դեպքում էլ ամեն ինչ այնքան հարթ չէ: Թեեւ Ղարաբաղի պատերազմում հայ ժողովուրդը հաղթանակ տարավ, սակայն այդ հաղթանակը, մի տեսակ, վավերացված չէ, ապագան այնքան էլ հստակ չէ, մենք չունենք նոր ձեռքբերումներ եւ անգամ այդ հաղթանակի մեջ պարտություն ենք տեսնում: Մարդկանց սթրեսային վիճակում է պահում նաեւ ընտրությունների գործոնը: Մարդն ընտրում է այս կամ այն թեկնածուին, սակայն, որպես կանոն, իր նախընտրած թեկնածուն չի հաղթում: Այսինքն, այն, ինչ մենք ենք ընտրում, չի ունենում սպասված արդյունքը: Օրինակ` 96 թվականի ընտրությունները կեղծվել են, այդ մասին հայտարարեցին այն ժամանակվա իշխանականները: Եվ մարդկանց մեջ անվստահություն է առաջանում իրենց ձայների նկատմամբ:
– Այդ անվստահությունը կարելի՞ է համարել ընտրակաշառք վերցնելու հիմնական պայման: Մարդիկ վստահ են, որ իրենց ձայնն արժեք, ուժ չունի, իրենց անզորությունը փորձում են բթացնել ընտրակաշառքով:
– Մենք պետք է նկատի ունենանք, որ շատերը, ընտրակաշառք վերցնելով, կատարել են իրենց ցանկացած ընտրությունը: Նման դեպքի մասին տեղեկացել եմ Վանաձորում. մարդիկ վերցրել են ընտրակաշառքը, սակայն ընտրել են իրենց իսկ նախապատվելի թեկնածուին: Այստեղ գործում է այլ հոգեբանություն. միեւնույն է, այդ գումարները կորզված է ժողովրդից, չէ՞, ինչո՞ւ չօգտվել դրանից: Բացի այդ, ընտակաշառքը ընտրողի ձայնը կարճաժամկետ դրամական արժեքի է վերածում մինչեւ ընտրության ավարտը: Եթե հասնենք այն մակարդակին, որ ընտրողի անձը եւ ձայնը արժեք ներկայացնի միշտ, երեւի նման հարցազրույցների կարիք անգամ չլինի:
– Այս նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա իշխանությունը, որպես կանոն, ասոցիացվում է «մթի, ցրտի տարիների» հետ: Վերհուշի գործոնը կարո՞ղ է դոմինանտ լինել բանականությունից:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ժողովուրդն ունի երկիմաստ զգացումներ: Մի կողմից՝ նա հաղթանակած նախագահ էր, մի նախագահ, որն այդպես էլ չկարողացավ վայելել իր հաղթանակի դափնիները: Հայտնի է, որ նրա փոխարեն դա արեցին այլ, ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունեցող ուժերը: Մյուս կողմից, նրա իշխանության տիրույթը հիշվում է որպես մթի ու ցրտի, զրկանքների տարիներ` անկախ օբյեկտիվ պատճառներից, եւ սա նեգատիվ զգացումներ է առաջացնում ժողովրդի ենթագիտակցական շերտում: Օրինակ, նախորդ հանրահավաքի ժամանակ ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ հանրահավաքի: Երբ հարցրեցի` ինչո՞ւ ես ցանկանում գնալ, ասաց. «Ուզում եմ տեսնել` պե՞տք է արդյոք վառարան գնեմ»: Սա, իհա՛րկե, հումոր էր, սակայն խոսում է մարդկանց ենթագիտակցականի վրա` այն տարիների թողած տպավորության մասին: Կային երեւույթներ, որոնք պատերազմի հետեւանքներն էին (ես դրանք շատ լավ գիտեմ, քանի որ ինքս պատերազմի ընթացքում հաճախ Ղարաբաղում էի), գիտեմ, թե որքան բարդ է պետության համար, երբ օրվա մեջ մի քանի հարյուր հազար դոլար էր փոշիանում ռազմի դաշտում` զենքի ձեւով, բայց գիտեմ նաեւ, որ այդ ժամանակ սկիզբ դրվեցին այնպիսի երեւույթներ, որոնց շարունակությունը տեսնում ենք նաեւ այսօր:
– Կարո՞ղ է իշխանությունը հարգել այն ժողովրդին, ում կաշառելու միջոցով է ստացել իշխանությունը, եւ կարո՞ղ է փող վերցրած, ընտրակաշառք վերցրած ժողովուրդը հարգել, վստահել իշխանություններին: Փոխադարձ անհարգալից, կասկածամիտ մթնոլորտը, ամեն դեպքում, առողջ փոխհարաբերությունների հիմք չէ:
– Այո, այդ դեպքում, ընտրության կազմակերպիչներն ու ժողովուրդը հանցակիցներ են դառնում: Սակայն այս դեպքում ժողովուրդը ոչ պակաս մեղավոր է. նույնիսկ, եթե ընտրակաշառք վերցնելով` մարդկանց թյուրիմացաբար թվում է, թե այդպիսով իրենց վրեժն են լուծում:
– Դուք, անշուշտ, հետեւում եք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Սերժ Սարգսյանի հեռակա երկխոսությանը, միմյանց հասցեին հնչեցված մեղադրանքներին: Ունի՞ նրանցից որեւէ մեկն առավելություն մյուսի հանդեպ, այսինքն` ընտրողի վրա նրանցից որի՞ փաստարկներն են առավել համոզիչ` ըստ Ձեզ:
– Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ իմ զբաղվածությունն ու հետաքրքրությունների ոլորտը թույլ չի տալիս ուշադրությամբ հետեւել մեր հեռուստաընկերությունների աշխատանքին կամ առաջին եւ երկրորդ նախագահների փոխադարձ մեղադրանքներին: Երկու կողմն էլ խոցելի է եւ հակառակորդ կողմին խոցում է իր թուլության շրջանակում: Դա երեւաց նաեւ նախագահ Քոչարյանի վերջին ելույթից: Երբ նրանք մեղադրում են միմյանց, երեւում են իրենց խոցելի տեղերը: Հոգեբանության մեջ սա բավականին հայտնի ֆենոմեն է. ով փնտրում է մեղավորներ կամ մեղադրում է, մեծ հավանականությամբ ունի մեղքի սեփական զգացում, հնարավոր է նաեւ` չգիտակցված:
– Այսօր իսկ ակնհայտ է, որ նախագահական ընտրություններին մրցակցելու են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Մասնագիտական հայացքով որո՞նք են այն թույլ կողմերը, որոնք նրանք հաշվի չեն առնում իրենց նախընտրական քարոզարշավում:
– Ասել այն, ինչ տեսնում եմ, մասնագիտական պարտքի խախտում է: Մի բան կարող եմ ասել. երկուսի մարմնի լեզվի մեջ էլ կան բազմաթիվ կոպիտ հաղորդագրություններ՝ «մեսիջներ», որոնք կարող են նեգատիվ զգացողություններ փոխանցել: Հավանաբար, նրանց հետ աշխատող հոգեբաններն ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին` ինչպե՞ս անել, որ մարմնի լեզուն բացասական ազդանշաններ չփոխանցի: