Դիլիջանի ոլորանները շրջանցող «Սեւան-Դիլիջան» մի քանի տարվա պատմություն ունեցող նորակառույց թունելը ներկայումս բավականին վատթար վիճակում է: Ականատեսները վկայում են, որ թունելը բավականին վատ է լուսավորված, մեկ ու մեջ ջարդված են լապտերները: Իսկ առավել մտահոգիչն օդափոխության համակարգն է, որի անկանոն աշխատանքի արդյունքում ստեղծվել է ռիսկային լուրջ իրավիճակ: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ թունելի երկու ծայրերում հատուկ ծառայություններ են աշխատում, որոնք, բողոքներ լինելու դեպքում, անմիջապես վերացնում են վթարային իրավիճակները: Նախարարությունից վստահեցնում են, որ որոշակի հաճախությամբ փոխվում են նաեւ վառված լապտերները: Օդափոխության համակարգի խափանման մասին նախարարությունը եւ համապատասխան ծառայությունները որեւէ բողոք չեն ստացել, սակայն չեն բացառում, որ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում կարող է եւ թունելն օդափոխություն չունենալ: Ինչպե՞ս պետք է լուծվի օդափոխության հարցը, եւ որքա՞ն ժամանակ կարող է օդափոխություն չլինել, եթե տարածքը հոսանքազրկվում է` մեր այս հարցին նախարարությունում դժվարացան պատասխանել: Նշենք, որ թունելում տիրող ռիսկային վիճակը նոր չէ, եւ, արդեն երկար ժամանակ է, ինչ մարդիկ լուրջ անհանգստություններ ունեն: Ավելին, Դիլիջանում խոսում են, որ օդափոխության համակարգը վաղուց է վնասվել` ընդհատումներով աշխատելու պատճառով, եւ համապատասխան մարմիններն այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում: «Գազեր են կուտակվել, շնչել հնարավոր չէ, լույսերը կիսատ-պռատ են աշխատում, որ մտնում ես թունել` մեծ արագությամբ ուզում ես դուրս պրծնել, որովհետեւ այն շատ վտանգավոր է»,- ասում էր օրերս Դիլիջան այցելած մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ նշյալ թունելը կառուցվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով, այն ժամանակ, երբ աշխատանքները կոորդինացնում էր Արտաշես Թումանյանը: