«Կանաչի ծախող» արտահայտությունը վաղուց ի վեր քամահրական վերաբերմունք է արտահայտում: «Մենք ինչո՞ւ պետք է էսօր գործազուրկ լինեինք, որ քաղաքացին մեզ «կանաչի ծախող» ասի, հետն էլ, թե՝ «Հորդ գինն էլ վրան ես դրել»: Կանաչի աճեցնողն էլ է դժգոհ, վերավաճառողն էլ: Շուկայում վերավաճառողը մեկ կապ կանաչու մեջ 20-50 դրամ է աշխատում: «Օրական միջինը 100 կապ կանաչի եմ վաճառում»,- ասում էր մի երիտասարդ: Նրանք իրենց «հաշիվն արդեն գիտեն». դրանից ավել չեն վերցնում մատակարարներից: Վերջիններիս գործն է ավելի դժվար: «Պատահում է՝ պատվիրում են, հողից հանում, հատ-հատ լվանում, կապում ենք, չեն գալիս-տանեն. պարզվում ա՝ նախորդ օրվա կանաչին չի ծախվել, «տակ են տվել», մենք էլ իրանց հետ ենք «տակ տալիս». հա՛մ նախորդ օրվա կանաչին չի ծախվել՝ հաջորդ օրը թափելու է դառնում, հա՛մ էլ հողից նոր հանածն է մնում-փչանում»:
Գեւորգյան Գարիկի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում: Գարիկն ասում է՝ «Իմ մասին մի գրի, հորս մասին գրի, որ Հայրենական Մեծ պատերազմի վետերան ա, ես՝ ի՞նչ, 54 տարեկան տղամարդ եմ, բայց սպասում եմ, թե հորս թոշակը երբ են տալու՝ տանեմ լույսի վարձ մուծեմ»: Գեւորգյանների ութհոգանոց ընտանիքն ապրում է Հայրենական պատերազմի վետերան Սերյոժա պապի 20.000 դրամ թոշակով եւ հողի տված բարիքներով: Պապի թոշակով էլեկտրաէներգիայի վարձն են վճարում: Թեեւ 20.000 դրամը միշտ չի հերիքում, որովհետեւ «լույսի մարդը» միշտ օգտագործածից ավել է «գրում», բայց ասում է՝ «ես մեղավոր չեմ, էլեկտրացանցից են ավել գրում, ասում են՝ թող վճարեն, հետո կօգտագործեն՝ տեղը դուրս կգա»: Ու պապի թոշակը միշտ չէ, որ «գրածի» չափ է լինում: Ընտանիքի մյուս հոգսերը հոգում է հողը: Գարնան սկզբին կանաչեղենն են վաճառում, կանաչեղենը հենց հողից հանեցին՝ պոմիդոր, վարունգ, բիբար են սածիլում: Գյուղի բոլոր բնակիչների կենսակերպն է այդպիսին: Մնացածը դեռ Հայրենական պատերազմի վետերան՝ 20.000 դրամ թոշակ ստացող պապիկ էլ չունեն: Վետերաններից գյուղում չորսն են մնացել: «Մնացածը գնացին…»,- ասում է Սերյոժա Գեւորգյանը, նա Հունան Ավետիսյանի դասակից է եղել: «Բայց ո՞վ ա հիմա պատերազմի վետերաններին բանի տեղ դնում»,- լացակումած ասում է Սերյոժա պապն ու խմում հերթական դեղահաբը. նրա սիրտը վատ է: Ավելի է վատանում, երբ սկսում է հիշել պատերազմի տարիների զրկանքներն ու խոսում ներկայիս իշխանություններից: «Ես՝ հեչ, հես ա գնալու եմ, բայց էս նաֆարը ո՞նց ա ապրելու,- մատնացույց է անում թոռներին ու ծոռներին,- դուք ո՞նց եք ապրելու էս երկրում»: Պապն ու տղան իշխանությունների մասին ցանկացած ակնարկի ցավագին են արձագանքում: «Քոչարյանի պահած ժողովուրդը մեռնի»,- ասում է 54-ամյա Գարիկը, ում ես հանդիպել էի Կայարանի շուկայում կանաչի վաճառելիս: Զատկի նախօրեին կանաչեղենի գների բարձրացումը երբեմն գնորդների զայրույթն էր առաջ բերում, ու Գարիկը ցավով էր լսում՝ «Հորդ գինն ես դրել» հերթական ռեպլիկը: Նա ճաքճքած ձեռքերը ցույց տալով՝ գրեթե լացակումած ասում էր. «Էս մի կապ կանաչու համար մենք շան տանջանք ենք ուտում, էս կապ կանաչին Քոչարյանի պահած ժողովրդից թանկ ա էսօր»:
Գարիկը 1200 մետր տնամերձ ունի, որի վրա առավոտից-իրիկուն տքնում է ընտանիքը՝ ինքը, կինը, տղան, հարսը: Կանաչին ցանում են սեպտեմբերին: Ձմեռը ցանքսը ցելոֆանապատում են: «Ձմեռ է լինում, որ ջերմոցի ցելոֆանները երեք անգամ փոխում ենք՝ քամի ա լինում, ձյուն, չեն դիմանում, պատռվում են»: 1կգ ցելոֆանն արժե 1130 դրամ, «եթե փող չունես, ստիպված նիսյա ես առնում»: Ընդունված բան է՝ ապառիկի գինը 1600 դրամով են հաշվում: «Ապրի, ապրի Քոչարյանը, ցելոֆանի գինը 400-ից 1130 դրամ սարքեց, քիչ ա, թող էլի բարձրացնի»,- ասում է Գարիկը: Այս տարի ու ամեն տարի նա 100.000 դրամի միայն ցելոֆան է գնում: Կանաչեղենի սերմի 100 գրամն արժե 100-500 դրամ: 8000 դրամի էլ սերմ է գնել: Գումարած՝ հողի ու ջրի վարձերը: «Էս կանաչին իրան-իրան չի աճում, պարարտանյութ ա պետք, թունաքիմիկատներ: Առաջ որ տորֆը 500 դրամով էինք առնում Բասարգեչարի հանքերից, հանքի սեփականացնելուց հետո 1500-ով են ծախում»: «Դե,- ասում է,- հաշվի՝ ե՞ս եմ թանկ, թե՞ էս կապ կանաչին»: Այս տարի նախատեսված 1000 կապի փոխարեն, ընդամենը 300 կապ համեմ է հողից հանել. «Ցուրտը սաղ տարավ»: Կանաչին հողից հանել, արդեն պոմիդոր են ցանել: Պոմիդորի սերմի մի հատիկը 4-12 դրամով են գնել: Սերմերի անորակության խնդիրն էլ մյուս կողմից է «խառնում գյուղացու հաշիվները»: Շուկան այսօր առաջարկում է տարատեսակ՝ ռուսական, հոլանդական, ամերիկյան սերմեր, որոնց որակը որեւէ կերպ երաշխավորված չի: Գարիկի ցանած պոմիդորի 6000 սերմից 600-ն է միայն աճել. «Մարդ կա՝ 9000 հատ էր ցանել, մի հատն էլ չի աճել»: «Հետո էլ ասում են՝ հորդ գինը…»,- չէր հանգստանում Գարիկը: