Նոյեմբերի 12-13-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական եւ գիտական մտավորականության երկրորդ ֆորումը, որին մասնակցեցին բոլոր նախկին խորհրդային պետությունների պատվիրակությունները՝ բացառությամբ Բալթյան երկրներից։
ԽՍՀՄ անհետացումից հետո աշխարհի քարտեզում հայտնվեցին երիտասարդ անկախ պետություններ, որոնք այլեւս չունեին ոչ ընդհանուր շփման մեկ լեզու, ոչ տեղեկություններ իրար մասին, ոչ էլ այդ բացը լրացնելու ցանկություն։ Պետությունների ինքնահաստատումը հաճախ կատարվում էր հարեւանների պատմությունները ժխտելու կամ դրանք նվազ հետաքրքիր ներկայացնելու միջոցով։ Շատերն ունեին փակ սահմաններ եւ բնավ էլ հետաքրքրված չէին նախկին՝ խորհրդային մոդելի շփումը շարունակելու գաղափարով, որի հիմքը պարտադրանքն ու գրաքննությունն էին։ Անցյալ տարի մեկնարկած մտավորականների ֆորումը, կազմակերպիչների կարծիքով, պետք է նոր ընդհանուր ինտելեկտուալ դաշտ ստեղծեր գիտության, մշակույթի եւ կրթության ոլորտներում։ Մտավորականության առաջին ֆորումի ժամանակ «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ասել էր. «Վերջին 15 տարիների ընթացքում մենք հասցրեցինք հանգստանալ իրարից եւ կարոտել իրար»։
«Այս ֆորումի գաղափարը, իրոք, ծագեց որոշակի նոստալգիկ ու սենտիմենտալ զգացումներից։ Մենք այս ֆորումով չենք ուզում վերակենդանացնել «ժողովուրդների բարեկամություն» կարգախոսը, ուզում ենք ինտելեկտուալ նոր շուկա ստեղծել սովետական տարածքում։ Մենք ոչ թե պետք է բարեկամներ դառնանք, այլ պետք է փորձենք հասկանալ՝ ունե՞նք արդյոք ընդհանուր հետաքրքրություններ։ Պարտադիր չէ միմյանց սիրել, բավական է պարզապես միմյանց հետաքրքիր լինել»,- այս տարվա ֆորումում ասաց Ռուսաստանի Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, ով շատ էր ցանկանում ֆորումին անկաշկանդ ու հեռանկարային ընթացք հաղորդել։ Չնայած նրա այդ ջանքերին՝ ֆորումի ընդհանուր մթնոլորտը բավական միապաղաղ ու ձանձրալի էր։ Այն ճիշտ եւ ճիշտ խորհրդային նիստերի վերհուշ էր:
Ոչ միանշանակ հռչակ ունեցող քանդակագործ ու նկարիչ Զուրաբ Ծերեթելին, որ մեկ օրով այցելեց Աստանա, ասաց, որ ցանկանում է լայնացնել իր ղեկավարած Արվեստի ակադեմիայի սահմաններն ու Համաշխարհային ակադեմիայի ստեղծման մասին է երազում։ Նա Ղազախստանին նվիրեց իր նախագծած բրոնզից ու քարից պատրաստած Ղազախստանի զինանշանը, որը եւ անձամբ հանձնեց Ղազախստանի պաշտոնական այրերին: Իհարկե, Ծերեթելին շատ կուզեր իր նվերն անձամբ Նուրսուլթան Նազարբաեւին փոխանցել, սակայն Նազարբաեւը ներկա չէր ֆորումի բացմանը:
Ֆորումի նպատակն էր՝ ստեղծագործական ու գիտական համագործակցության մեջ ներգրավել ԱՊՀ երկրների երիտասարդներին, այդ պատճառով էլ ֆորումն ընտրել էր «Մշակույթը, կրթությունը, գիտությունը՝ ապագա սերունդներին» կարգախոսը։ Սակայն Աստանայում հավաքված ֆորումի մասնակիցների մեծամասնությունը մեծահասակներ էին, ավելի ճիշտ` հին նոմենկլատուրային չինովնիկներ, որոնք պատրաստ էին ժամերով ճառեր կարդալ: Գուցե այդ պատճառով էլ ֆորումի շրջանակներում անցկացվող քննարկումներից շատերը խորհրդային զեկուցահավաքների էին նմանվում։ Հայաստանի պատվիրակությունը թերեւս միակն էր Աստանայում, որը բավական երիտասարդ կազմ ուներ։ Եվ վստահ կարելի է ասել, որ անհատական շփումները ոչ մի մասնակցի համար բացահայտումներ կամ հետաքրքրություն չէին առաջացնում։
ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող ֆորումը նախատեսում է դրամաշնորհների եւ մրցույթների միջոցով խթանել միջպետական կապերն ու համատեղ նախագծերի հիմք դնել։ Ընդհանուր ինտելեկտուալ դաշտ եւ ինտելեկտուալ ներուժի կայացման համար լայն շուկա ստեղծելու համար ֆորումը փորձում է կոնկրետ քայլեր անել: Այդ քայլերը պետք է համակարգի նոր ստեղծված հիմնադրամը, որն արդեն հիմնել է «Համագործակցության աստղեր» մրցանակը։ Նախատեսվում է անցկացնել երիտասարդ պատմաբանների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի, թարգմանիչների եւ կինեմատոգրաֆիստների մրցույթներ։ Ընդհանուր բառերից կոնկրետ նախագծերի անցնելու համար ֆորումի մասնակից երկրների չինովնիկական կազմը սպասում էր Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հրահանգներին, քանի որ, ինչպեսեւ տարիներ առաջ, այնպես էլ հիմա հիմնական ճաշակ թելադրողները ռուսներն էին։ Թեեւ հայտնի շատ ռուսական արվեստի գործիչներ, լրագրողներ ու մտավորականներ ընդգծում էին, որ ցանկանում են ազատ ու հավասար ինտելեկտուալ դաշտ ստեղծել, սակայն նրանք դա անում էին վաղուց բոլորին հայտնի «մեծ եղբոր» դիրքերից։ Ռուսաստանի ներկայացուցիչներից ոմանք անթաքույց հեգնանքով էին խոսում ուկրաինական կամ վրացական քաղաքացիների մասին։ Միխայիլ Շվիդկոյն, ով բոլոր նիստերի ժամանակ ազդեցիկ ելույթներ էր ունենում, փորձեց ուղղել իրավիճակը՝ ինքնահեգնանքով ասելով. «Ես գիտեմ, որ «ժողովուրդների միջեւ սեր» հասկացողությունը ռուսներն են հնարել, որպեսզի փող չվճարեն»։ Ռուսական պատվիրակությունը, որը մոտ 300 անձանցից էր կազմված, պատեհ եւ անպատեհ պահերին ընդգծում էր Ռուսաստանի մեծ դերն ու ռուսերեն լեզվի միակ լինելը, ինչը հաճախ տարօրինակ էր ընկալվում, քանի որ, ասենք, հայ-ղազախական համատեղ ֆիլմ կամ վրաց-ուզբեկական ամսագիր թողարկելու համար ռուսերենն ու ռուսականը բնավ էլ հարկավոր չէ։ Պարզ էր նաեւ, որ բոլորը Ռուսաստանից առաջին հերթին դրամաշնորհների էին սպասում կամ էլ ռուսական բուհերում անվճար սովորելու հնարավորություններ ակնկալում։
Մամուլի մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի ինֆորմացիայի գծով գլխավոր խորհրդական Հենրիկաս Յուշկյավիչուսը նկատեց, որ մեր օրերում շատ սահուն կարելի է փոխակերպել Ստալինի «Չկա մարդ, չկա նաեւ պրոբլեմ» խոսքերը՝ դրանք դարձնելով՝ «Չկա ինֆորմացիա, ուրեմն չկա նաեւ երկիր»։ «Ստացվել է այնպես, որ մենք ավելի շատ բան գիտենք Բուշի շնիկի մասին, քան մեր անմիջական հարեւանների կյանքի մասին»,- ասաց նա։
Ֆորումի շրջանակներում անցկացված «ԶԼՄ-ներ» թեմատիկ քնննարկման ժամանակ խոսք գնաց ինտերնետային եւ թվային հեռուստատեսության լայն հնարավորությունների մասին, որոնք լիովին չեն օգտագործվում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտությունները փաստում են, որ ամենակոմերցիոն հեռուստատեսությունն ԱՊՀ երկրներում է, մանավանդ՝ Ռուսաստանում։ «Կրեմլն ուղղակիորեն ազդում է հեռուստատեսային նորությունների վրա։ Այսինքն, ազդում է այն գարեջրատերը, որը հեռուստատեսությանն իր գարեջրի գովազդն է պատվիրում»,- ասաց Հ. Յուշկյավիչուսը եւ նկատեց, որ ազգային հեռուստատեսությունը ազգային մղումների ու գաղափարների հզոր լոբբի է, սակայն հետխորհրդային ոչ մի հանրային հեռուստաընկերություն իրապես ազգային համարել չի կարելի, քանի դեռ նրա հիմնական եկամուտը կոմերցիոն հաղորդումներից եւ գովազդից է կախված։ Ահազանգի է նմանվում նաեւ ինտերնետային մամուլի ազատության սահմանափակումը։ Համենայնդեպս, դեռ ոչ լավ զարգացած ցանցային տեղեկատվությունն արդեն իսկ սահմանափակումների է հանդիպում։
«Մեդիա սոուզ» գործակալության տնօրեն, տարիներ առաջ շատ հայտնի ու շրջադարձային դեր ունեցող «Վզգլյադ» հաղորդման հեղինակ Ալեքսանդր Լյուբիմովը նկատեց, որ այսօր բոլոր ԶԼՄ-ների գլխավոր խնդիրն ազատությունն է։ «Հեղինակային լրագրության պահանջարկ չկա։ Լրագրության ամենամեծ պրոբլեմը ազատությունն է։ Կա անհատական եւ կա հասարակական ազատություն։ Լրագրողները հիմա ունեն անհատական ազատություն, բայց դժվարանում են հասարակական ազատ լեզուն գտնել։ Շատերն այդ ազատ լեզուն ու նոր գաղափարները չեն էլ փնտրում, նրանք պարզապես անում են այն, ինչն իրենցից պահանջում են գլխավոր խմբագիրները կամ ղեկավարությունը։ Իսկ անհատական ազատությունը լրագրողների համար փողն է։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր լրագրող ուզում է հեշտացնել իր աշխատանքը, անել այն, ինչը չի «կոտրի» իր «ես»-ը, եւ միաժամանակ լավ վարձատրվել։ Հիմա շատ են հարուստ լրագրողները, իսկ հարուստ լրագրողն անպայման հարմարվող լրագրողն է։ Ռուս լրագրողներից շատերը տառապում են։ Հուսով եմ, որ այդ տառապանքը նույնն է ԱՊՀ երկրների տարածքում։ Այդ տառապանքի աղբյուրը ինքնագրաքննությունն է»,- ասաց նա։ Հավաստի ու ազատ ինֆորմացիոն տարածք ստեղծելու համար Ա. Լյուբիմովը միայն մեկ ուղի է տեսնում. պրոֆեսիոնալ լրագրողներին հարկավոր է միավորվել, որպեսզի պաշտպանվածության զգացում ունենան։ «Թույլ լրագրողը, որը փողի համար է ինքնարտահայտվում, վաղ թե ուշ կամ կազատվի աշխատանքից, կամ էլ ծանր բարոյական երկընտրանքի առջեւ կկանգնի։ Քանի դեռ ինքնացենզուրա կա, այդպես է լինելու»։ Աստանայում հնչած այդ խոսքերը, թերեւս, ոչ մի արձագանք չստացան, քանի որ բանավիճային այդ պնդումը բոլորովին այլ ֆորմատի ֆորում եւ ավելի համարձակ ու թարմ ներուժի տեր լրագրողներ էր պահանջում, որոնք Աստանա չէին ժամանել։ Փոխարենը, ելույթներ էին ունենում միայն մարդիկ, որոնք իրենք իրենց էին գովազդում ու ուռճացնում իրենց ներկայացրած ԶԼՄ-ի դերը։ Եվ, ինչպես քիչ անց պարզվեց, կերպարվեստի ու դիզայնի արդիականության հարցերի քննարկման ժամանակ ոչ մի նկարիչ ու կամ ճարտարապետ չի եղել, եղել է միայն մեկ դիզայներ։ Որպեսզի մտավորականների հաջորդ նմանատիպ հավաքը դատարկախոսության չվերածվի, հարկավոր է իսկապես հավատալ նրա կենսունակությանն ու հրաժարվել չինովնիկական ապարատին մի քանի օրով գործուղման ուղարկելու սկզբունքից։
Աստանայի մասին
Աստանան ուրախ էր իր քաղաքում ընդունել ֆորումի մասնակիցներին։ Մայրաքաղաքում ապրող ղազախստանցիները նախանձելի հպարտությամբ ու հիացմունքով էին ներկայացնում իրենց քաղաքը, որն ընդամենը 10 տարվա պատմություն ունի: Քաղաքի բնակիչների միջին տարիքը 32 է:
Աստանան կառուցվել է բառիս բուն իմաստով տափաստանում, Ակմոլա քաղաքի արվարձանում։ Ընտրվել է մաքուր տարածք, գծագրվել է, կառուցվել է եւ շարունակում է կառուցվել։ «Մենք վեհացնում ենք մեր տափաստանը` բնավ էլ ցանկություն չունենալով նսեմացնել ուրիշների լեռները»,- հպարտությամբ ասում էին էմոցիաների առատությամբ աչքի չընկնող ղազախստանցիները, որոնք իրենց նոր մայրաքաղաքը առանց երկար ու բարակ մտածելու` հենց «մայրաքաղաք» են անվանել: Աստանա նշանակում է՝ մայրաքաղաք: Ղազախստանցիները փորձում են վեհացնել ու հարստացնել իրենց ոչ այնքան հարուստ ու իրադարձություններով լի պատմությունը։ Այդ պատճառով էլ նոր ու շատ վառ սիմվոլներ են ստեղծում իրենց համար։ Հանրապետությունը հարուստ ընդերք, հսկայական ֆինանսներ ու շատ մեծ հավակնություններ ունի։ Այդ բոլորի առատությունը երեւում է Աստանայում, որը հարյուր տարի առաջ փոքր բերդ է եղել, հետո՝ սովետական տարիներին դարձել է բանվորական Ցելինոգրադ, իսկ 21-րդ դարի սկզբին ողողվել է ոսկեզօծ պալատներով, բարձրակարգ հյուրանոցներով, մոդեռն շինություններով ու երկնաքերներով։ Սակայն մեզ պատմեցին դեպքեր, երբ տափաստանային գայլերը, որոնց ապրելու տարածքը սեղմվել ու նեղացել է, մի քանի անգամ փորձեր են արել հարձակվել մարդկանց վրա: Մի քանի տարի առաջ գայլերը երկու ուսանող են կերել:
Աստանան չինովնիկների քաղաք է, որտեղ իսկական շինարարական բում է տեղի ունենում: Քաղաքի հատակագծի հեղինակը ճապոնացի հայտնի ճարտարապետ Կեյշո Կուրոկավան է, ով քաղաքի գաղափարի հիմքում դրել է աբստրակտ սիմվոլիզմը: Աստանայի խորհրդանիշը համարվում է «Բեյտերեկը», հսկա ծառ-աշտարակը, որը ղազախստանցիները ջանում են իրենց Էյֆելյան աշտարակը դարձնել: Առասպելական ծառի գագաթին հսկա թռչունը երջանկության ձու է դրել: Իսկ ձուն ոսկուց է, ինչպես թերեւս ամեն բան Աստանայում: Եվ ինչպես ամեն բան` կրում է նաեւ «հայր» Նազարբաեւի կնիքը: Աշտարակի ամենաբարձր կետում Նազարբաեւի ափի հետքն է, եւ ավանդույթի համաձայն՝ բոլորը լուսանկարվում են` սեփական ափը դնելով հայտնի ափի դրոշմի մեջ: Աստանայում կա նաեւ Նազարբաեւի անվանական թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա դիմանկարները: Ահա՝ երկրի նախագահը փողկապով ու սպիտակ վերնաշապիկով ձի է հեծել, ահա` նա նույն հագուստով ու խրոխտ հայացքով կանգնած է կակաչների դաշտում… Հասարակ մարդիկ Նազարբաեւին իրոք սիրում են, հպարտությամբ ասում են` նա կառուցեց մեր քաղաքը, որը շուտով աշխարհի մայրաքաղաքն է դառնալու: Քաղաքի հպարտություններից մեկը Խաղաղության եւ համերաշխության պալատն է, որը կառուցվել է եգիպտական բուրգերի եւ խանի վրանի նմանությամբ` հայ-տեք ոճի հայտնի բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոստերի նախագծով: Այդ շենքում էլ տեղի էին ունենում ֆորումի հիմնական աշխատանքները: Իսկ այդ հավակնոտ շինության կողքին տեղադրված է թափոններից պատրաստված ճանճի արձանը՝ որպես մոդեռնի խորհրդանիշ: Այստեղ բոլոր շինությունները մասշտաբային են: Եվ քանի դեռ քաղաքի նոր հատվածում քիչ են մարդիկ, ավտոմեքենաները, մեզ համար սովորական դարձած քաղաքային աղմուկն ու գովազդային տախտակները, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գտնվում ես հսկայական նկարահանման հրապարակում, եւ քո շուրջ դեկորացիաներ են: Ընդ որում` խնդրահարույց կլիմայական պայմաններում, երբ ամռանը շոգ է, իսկ ձմռանը` սառնամանիք, Աստանայի նոր հատվածում չեն հասցրել ծառեր աճել: Եվ ղազախստանցիները կենդանի ծառերի փոխարեն՝ երկաթյա ծառեր են «տնկել», գիշերներն էլ դրանք լուսավորում են… մինչեւ աճեն իսկական ծառերը:
Լուս.՝ Զավեն ՍԱՐԳՍՅԱՆԻ
Աստանա-Երեւան