«ԱրմենՏելում» կրկին կրճատումներ են սկսվել: Ընկերության ռուս սեփականատերն այս անգամ աշխատանքից կրճատում է այն մարդկանց, ովքեր չեն համապատասխանում իրենց կողմից սահմանված չափանիշներին: ԱՏ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն աշխատողների մոտ առաջնահերթ գնահատում է ռուսաց լեզվի անթերի իմացությունը, մարդկային որակը եւ ապա` մասնագիտական կարողությունները: Միեւնույն ժամանակ՝ մարդկային տեսակը չանտեսող ԱՏ-ն բավականին անմարդկային է վերաբերվում իր աշխատակիցների հետ: Տավուշի մարզի ԱՏ-ի մասնաճյուղերում գծային ինժեներներն աշխատում են օրական 10-12 ժամ, սակայն ամսվա վերջում վարձատրվում են 8-ժամյա աշխատանքային օրվա հաշվարկներով: Մարդկանց պարտադրում են անվճար աշխատել անգամ կիրակի օրերին: Գծային ինժեներներին երբեմն հաջողվում է փոքրիկ «բունտերի» միջոցով տեղամասային տնօրեններից պոկել արտաժամյա աշխատանքի համար որոշակի վարձատրություն, սակայն շատ հաճախ աշխատանքային պայմաններից բողոքողներին առաջարկում են ազատվել սեփական դիմումի համաձայն: