«Առկան» թյուրիմացաբար է հայտնվել ցանկում

21/11/2007

«168 Ժամի» նախորդ համարում «Ներդրումների 10-ամյակն ավարտվեց» հոդվածում անդրադարձել էինք Հայաստանում օտարերկրյա ներդրումներին եւ հրապարակել էինք մի շարք կազմակերպությունների անուններ, որոնք օտարերկրյա կապիտալով ընկերություններ են: Ըստ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տրամադրած ցանկի՝ «Առկա» լրատվական գործակալությունն ադրբեջանական կապիտալի մասնակցությամբ ընկերություն է, ինչը չի համապատասխանում իրողությանը` ուստի նախարարությունը մեր հրապարակումից հետո ուղղեց իրենց մոտ տեղ գտած սխալը` մեկնաբանելով. «168 Ժամ» թերթի նոյեմբերի 17-19, 2007թ.-ի թիվ 120 (352) համարում տպագրված «Ներդրումների 10-ամյակն ավարտվեց» հոդվածում տեղ է գտել անճշտություն «Առկա» գործակալության գրանցման վայրի վերաբերյալ, որի համար հայցում ենք գործակալության ներողամտությունը: Հայտնում ենք, որ «Առկա» գործակալությունը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, հանդիսանում է հայաստանյան ընկերություն եւ, հետեւաբար, չէր կարող օգտվել օտարերկրյա ներդրողների համար նախատեսված որեւէ հարկային արտոնությունից»,- ասված է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: