Կենցաղայի՞ն հողի վրա է

19/11/2007

Երեկ Հյուսիսային պողոտայի բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով նախօրեին ՍԴՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Նարեկ Գալստյանի հետ կատարված միջադեպին, ակնարկել է, թե չի բացառվում, որ դա կատարված լինի կենցաղային հողի վրա: «Իշխանությունների հեչ պետքը չի նման աղմուկ, աղմուկից բխող դրսեւորումներ: Հես ա սկսելու են գրել տարբեր միջազգային կազմակերպությունների, եւ այլն, եւ այլն: Մարդկանց, օրինակի համար, բաներ են պետք իշխանություններին վարկաբեկելու համար. ինչ-որ փաստեր: Կարող է վերջում պարզվի, որ կենցաղային հողի վրա է: Ես չգիտեմ»: Ռ. Քոչարյանը նաեւ ասաց, որ մինչ օրս չէր լսել Նարեկ Գալստյանի մասին, չգիտեր, թե նրա նման քաղաքական գործիչ կա: «Իհարկե, իրավապահներին հանձնարարված է ամենայն լրջությամբ քննել»,- ասաց Ռ. Քոչարյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ի գիշերը թռուցիկ փակցնելու համար ոստիկանները ձերբակալել էին Նարեկ Գալստյանին եւ Էդուարդ Մակարյանին, տարել էին Ոստիկանության բաժին, եւ ըստ Ն. Գալստյանի` ոստիկանները նրանց զգուշացրել են, թե «եթե դուրս գաք ու լրագրողներին հարցազրույց տաք, վաղը նորից քաղմասում կլինեք: Ընենց որ, ձեզ խելոք պահեք, թե չէ` կսպանենք»: