Երեկ Ազատության հրապարակում կայացել է միացյալ ընդդիմության հանրահավաքը, որին մասնակցել են ավելի քան 30 հազար քաղաքացիներ: Հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր- Պետրոսյանն անդրադարձել է իր եւ նախկին իշխանությունների հասցեին հնչող մի շարք մեղադրանքների եւ հանդես է եկել, ըստ էության, սենսացիոն առաջարկով: «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր Նախագահ ընտրել: Ընդ որում՝ այդ ընտրություններին ես չեմ միջամտելու, դրանք անցկացնելու է ԱԺ նախագահը։ Երեք տարին ինձ անհրաժեշտ է՝ ավգյան ախոռները մաքրելու եւ պետությունը նորմալ հիմքերի վրա դնելու համար»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` դիմելով Հրանտ Մարգարյանին, Վազգեն Մանուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին, Արթուր Բաղդասարյանին եւ նախագահի մնացած բոլոր հնարավոր թեկնածուներին: Սակայն Տեր-Պետրոսյանը նշել է, որ այս սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընդդիմության բոլոր թեկնածուները միանան արդեն սկսված համաժողովրդական շարժմանը: «Կոչին չարձագանքելու պարագայում, ձեր տված ոչ մի հիմնավորում ու բացատրություն երբեւէ հասկացողություն չի գտնի ժողովրդի սրտերում: Այդ պարագայում, բնականաբար, չեղյալ կհայտարարվի նաեւ վերը նշված իմ առաջարկի եռամյա պայմանաժամկետը։ Իմ հաստատակամությունն ամենեւին կախված չէ ձեր դրական կամ բացասական պատասխանից։ Ես արդեն մտել եմ ջուրը եւ թրջվելուց չեմ վախենում, արդեն նետել եմ ձեռնոցը, եւ առանց աջուձախ նայելու, գնալու եմ մինչեւ վերջ»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Տեր-Պետրոսյանի այս կոչն առնվազն երեկվա դրությամբ մնացել է «ձայն բարբառոյ յանապատի»: Ի պատասխան մեր թղթակցի հարցին, թե ինչպես է վերաբերվում առաջին նախագահի կոչին, երեկ «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն ասել է, որ ինքն այդ առաջարկին հետեւելու մտադրություն չունի: «Հանդիպակաց առաջարկով եմ դիմում պարոն Տեր-Պետրոսյանին` միանա «ԱՄ» կուսակցության շուրջ մնացած բոլոր ընդդիմադիր ուժերի հետ միասին: Ի տարբերություն իրեն, ընտրվելու դեպքում ես հինգ տարին էլ կաշխատեմ, հրաժարական չեմ տա` ապացուցելու համար, որ հինգ տարվա ընթացքում կարելի է, այո, շրջադարձ կատարել երկրի զարգացման ճանապարհին»,- ասել է Գեղամյանը` ավելացնելով, որ այս հարցը կուսակցության նախագահությունում կդրվի քննարկման եւ պարզ կլինի` կուսակցության նախագահությունը պաշտպանո՞ւմ է իր կարծիքը, թե՞ ոչ: Իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ դեռ ծանոթ չէ Տեր-Պետրոսյանի կոչին եւ իր տեսակետը կհայտնի միայն ծանոթանալուց հետո:
Կարդացեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2007 թվականի նոյեմբերի 16-ի հանրահավաքում