Օրը ցերեկով աղբ են այրում

12/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պարզվում է, մենք դեռ երկար պետք է երանի տանք այն օրերին, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինը պաշտոնական այցով Հայաստանում էր: Լյուկերն ընկնելու վտանգն իսպառ վերացվեց, փողոցները 15 րոպեն մեկ ջրով լվացվում էին, աղբահանությունը կարգավորվել էր: Մինչդեռ չէր հասցրել ՌԴ նախագահը Հայաստանից ոտքը քաշել, երեւանյան փողոցներում կուտակված աղբարկղերի գարշելի պատկերը նորից վերականգնվեց: Օրինակ, Արաբկիր համայնքում, «Հայաստան» հանրախանութի հարակից փողոցում տեղադրված աղբարկղերի միջի աղբը հանելու փոխարեն՝ սկսեցին այրել: Արկղերից հոսում է աղբաբույր մշուշն ու գարշահոտությունը: Շենքերն ու փողոցները ծխի մեջ կորել են, ու մարդիկ հազում են ծխից ու աղբի հոտից: Ծուխը տարածվում է օդ, ու Բաղրամյան փողոցով երթեւեկող մեքենաների վարորդները չեն կարողանում տեսնել իրենց դիմացը: Փողոցի անցորդները խուճապահար այս ու այն կողմ են անցնում, որ մաքուր օդ գտնեն, շնչեն: Մարդիկ բողոքում են, թե ինչու են աղբահանությունը կարգավորելու փոխարեն՝ աղբն այրում: Ի դեպ, Արաբկիր թաղային համայնքի բյուջեով սանմաքրման համար նախատեսված է 200 մլն դրամ՝ ամսական մոտ 37.000 դոլար, իսկ աղբահանությունը կատարվում է բնակիչներից գանձումների միջոցով (յուրաքանչյուր մարդ` ամսական 100 դրամ)՝ ամենօրյա մաքրման համար: Ամենօրյա աղբահանություն, բնականաբար, ոչ բոլոր համայնքներում է կատարվում, լավագույն դեպքում՝ շաբաթը՝ 2-3 անգամ: Իսկ ահա նույն բյուջեով միայն աղբատեղերի կառուցման համար 2 մլն դրամ է նախատեսված: Սանմաքրման եւ հատկապես աղբահանության համար հատկացվող գումարները սովորաբար ամենահեշտ յուրացվողն են համարվում: Աղբ այրելը, ինչպես տեսնում եք լուսանկարում, բիզնեսի նոր ձեւ է. տեղափոխելու փոխարեն տեղում աղբն այրում են աղբարկղերի մեջ: Սրան պատճառաբանություն միշտ էլ կարելի է գտնել, ասելով, թե պատահական նետված սիգարետից է կրակ բռնկվել: Այրելը հնարավորություն է տալիս աղբարկղերը դատարկելու փոխարեն՝ այն մոխիրի վերածել եւ ամեն օր տեղափոխելու հաճախականությունը կրճատել: Եվ այս պատկերը գրեթե բոլոր համայնքներում է: Իսկ երեկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը տեսական թեզեր էին ներկայացնում Երեւանի էկոլոգիայի, օդի աղտոտվածության մասին: