Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ արդեն երկու շաբաթ է` Հարկային պետական ծառայության համապատասխան վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող Չարենցավանի Տրիկոտաժի ֆաբրիկայում, «Զարգացման հայկական բանկում» եւ «Հարսնաքար» հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներում, գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Ցեմենտ» ընկերությունում, Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանին պատկանող Գաջի գործարանում: Օրերս «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանի որդին` ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը նշել էր, որ իրենց ընտանիքին պատկանող ընկերություններում էլ են հարկային մարմինները ստուգումներ սկսել: